ԳԻՐՔ` ԵՐԱԺՇՏԱՍԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ Հ.Ա. Ոմանք թերեւս չգիտեն, որ մեր ամենահայտնի լրագրողներից, նաեւ հեռուստամեկնաբաններից Արամ Աբրահամյանն իր բուն մասնագիտությամբ երաժշտագետ է: Կար ժամանակ, երբ նա հեռուստատեսությամբ վարում էր նաեւ երաժշտական շատ լուրջ մի հաղորդաշարՙ դասական երաժշտության սիրահարներին շատ հաճո: Ինչպես ասում ենՙ առաջին սերը միշտ հիշվում, նույնիսկ վերապրվում է հաճախ: Արամ Աբրահամյանը օրերս հրատարակել է փոքրիկ, բայց տարողունակ գիրքՙ նվիրված գերմանական երաժշտության ռոմանտիկական շրջանի տիտաններից Բեթհովենին, Շուբերտին, Շումանին, Բրամսին ու Բրուքներին: Գիրքը, որի վերնագիրն է «Գերմանական կվինտետ», այդ մեծ կոմպոզիտորների կյանքին ու ստեղծագործություններին, միմյանց եւ այլ երաժիշտների հետ նրանց ստեղծագործական եւ անձնական հարաբերությունների մասին պատումներից է բաղկացած, յուրահատուկ էսսեներ, որոնք, վստահաբար, մեծ բավականություն կպատճառեն արվեստասերներին: Նկարիչ Նելլի Բարսեղյանի ձեւավորմամբ, 124 էջանոց գիրքը հրատարակվել է «Տիգրան Մեծ» հրատարակչատանը: |