ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԵՎԵԼՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ Անի ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, բ.գ.թ. Արեւելքը Թումանյանի համար հոգեպես հարազատ էր ու մտերիմ: Մանրակրկիտ ու տեւական ուսումնասիրությունները, Արեւելքի պատմությանը եւ մշակույթին վերաբերող գրքերի ընթերցումը հնարավորություն են տվել մեծ գրողին բազմաթիվ զուգահեռներ տեսնել իր երկրի եւ արեւելյան հին ու մեծ մշակութային ազգերի պատմության միջեւ, հասկանալու, որ իր ազգի ողբերգությունը արեւելյան շատ ժողովուրդների ողբերգությունն էր: Պատահական չէ, որ դստերը` Նվարդին, եւ ոչ միայն նրան, խորհուրդ էր տալիս կարդալ, ծանոթանալ եւ լավ իմանալ Արեւելքի եւ Կովկասի պատմությունը. «Բայց լավ կանես, երբ որ պատմությունը սիրում ես - զբաղվես առանձնապես Արեւելքով ու Կովկասով, եւ շատ է կարեւոր, եւ շատ կհավանես: Դռան մոտի երկու-երեք պահարանում էլ շատ բան կա - սկսիր հենց Ռագոզինայի գրքերից - Индия, Мидия, Ассирия եւ այլն... Ես էլ անցյալ օրերը կարդում էի Битнер-ի գիրքը (թարգմանություն Անդերսոնից կարծեմ) «История погибших цивилизаций Востока», էդ ուղղությամբ բաներ կարդա երեխաների, մեծերի համար ու նրանց բացատրի»: Եվ այս նամակը Թումանյանը գրում է Պետերբուրգում բանտարկված շրջանում: Տասական թվականներին Թումանյանի հետաքրքրությունը Արեւելքի հանդեպ էլ ավելի է խորանում: Նա սկսում է ուսումնասիրել Արեւելքի հին ազգերի պատմությունը, նրանց փիլիսոփայությունը, գրականությունն ու բանահյուսությունը, թարգմանում արեւելքի մի շարք գրողների: Եվ սա այն համոզմունքով, որ անգամ ընկերների հետ զրուցելիս ցավով նկատում էր, թեՙ «Արեւելցի ենք, բայց Արեւելքը չենք ճանաչում, ամոթ է: Չենք ճանաչում ընդհանրապես մեր հարեւաններին, ծանոթ չենք նրանց գրականությանը: Դարերով ապրում ենք իրար կողքի, հարեւանություն ենք անում իրար հետ, բայց չենք իմանում ինչ է նրանց միտքը, նրանց արվեստը...»: Նրա անձնական հարուստ գրադարանում սկսում են ավելանալ այդ թեմային վերաբերող գրքերըՙ հնդկական եւ չինական պատմություն, ճապոնական մշակույթ, հնդկական վեդաներ եւ ուսումնասիրություններ յոգայի մասին, պարսիկ եւ արաբ գրողների երկեր, մեծ թվով թարգմանություններ Թագորի եւ Սաադիի, Խաքանու եւ Օմար Խայամի գործերից, ինչպես նաեւ բազմաթիվ արաբական, հնդկական, ճապոնական, չինական հեքիաթներ: Ուշագրավ է, որ գրքերից շատերի էջերին կարելի է հանդիպել բանաստեղծի` մատիտով արված գրառումների: Թումանյանի համար Արեւելքը փիլիսոփայության, իմաստնության եւ պոեզիայի ներդաշնակությունն է: Տարբեր տարիներին գրված հոդվածներում նա զանազան ելակետերից է անդրադարձել արեւելյան մշակույթին, գեղանկարչության եւ երաժշտության գեղեցկությանը, ինչպես նաեւ համաշխարհային մշակույթի վրա նրա թողած ազդեցությանը: Նա բարձր էր գնահատում նաեւ արեւելյան երաժշտությունը. մանկության տարիներից հիշում էր հոր երգած բայաթիներն ու Քյոռօղլու, Քյարամի երգերը: Հայրական այդ երգերի մեջ մի մեծ ու անհայտ թախիծ կար. «Նա մի մշտական անբաժան վիշտ ուներ իրան հետ, որ, չնայելով նրա դյուրամատչելի եւ զվարթ բնավորությանը, նրան դարձնում էր պատկառելի, վեհ եւ հաճախ ահավոր: Նա այդ վիշտը ոչ ոքի չհայտնեց, ոչ ոք էլ չիմացավ: Սակայն ժամեր էին լինում, երբ ինձ թվում էր, որ այդ վիշտը ավելի մեծանում էր, նկատելի էր դառնում, եւ ես բռնում էի նրան, կարծես թե հասկանում էի, թեեւ մութն ու անորոշ - գուցե իմ արյունովՙ նրա հոգու եւ զգացմունքի այն մասով, որ նա տվել էր ինձ... Ածում էր արեւելյան թախծալի, հառաչող, խո՜ր հառաչող եղանակներ ու երգում խոր ընկած, կոտրված ձայնով: Տխուր բոցով այրվող աչքերը նայում էին հեռո՜ւ, հեռո՜ւ... եւ հառաչող առաձգական ձայնը գնում էր նրա ետեւից... Իմ հոգին էլ նրան էր հետեւում, եւ ինձ թվում էր, թե հասկանում էի նրա վիշտը... Նա ինձ էր կտակում իր այն վիշտը...»: Հովհ. Թումանյանի նախագահությամբ գործող Հայ գրողների կովկասյան ընկերության կազմակերպած գրական-երաժշտական երեկոներին հաճախ էր հնչում արեւելյան, հատկապեսՙ պարսկական երաժշտություն: Ինչպես փաստում է ժամանակի մամուլը` հերթական երեկույթներից մեկին հրավիրված են եղել նաեւ պարսից հյուպատոս Սայադ-ուլ-Մուլքը եւ փոխհյուպատոս Միրզա Թաղի-խանը: Թումանյանն իր խոսքում նշել է. «Եկող սեզոնին էլ մյուս երկրների հետ, նորից կվերադառնանք Պարսկաստան, որ էնքան հարուստ է, եւ որի ազդեցությունը շատ է մեծ մեր կյանքի, լեզվի, պատմության, գրականության ու ամեն տեսակի ստեղծագործությունների վրա»: Սիրում էր լսել արեւելյան երգեր` արեւելյան գործիքների նվագակցությամբ` թառ, քյամանչա..., իսկ կատարողներից բարձր էր գնահատում հիասքանչ քամանչահար Սաշա Օգանեզաշվիլուն (Ալեքսանդր Օհանյան): Թումանյանը գրում է. «Էն ժամանակ, երբ Արեւելքից ու Պարսկաստանից ենք խոսում, Ֆիրդուսու, Հաֆ իզի, Սաադիի, Օմար Խայամի, Նիզամիի եւ նման հսկաների վրա ենք զրույց անում, մեր առջեւ հայտնվում է Ս. Օգանեզաշվիլին իր մելամաղձոտ քյամանչով, արեւելյան մաքուր ու հարազատ երաժշտությունով, եթերային նվագով եւ մի վեհ ու վսեմ ներդաշնակությամբ իրար են խառնվում, իրար լրացնում ու իրար բաց անում Չարգյահն ու Ֆիրդուսին, Հաֆ իզն ու Ռաստը, Մահուրին ու Օմար Խայամը... Գերազանցորեն շքեղ ու շռայլ մի հոգեկան վայելք ամեն մի արեւելցու համար»: Եվ այս ամենին էլ ավելի հասու լինելու համար Թումանյանը սկսեց լրջորեն ոչ միայն ուսումնասիրել Արեւելքի պատմությունն ու գրականությունը, այլեւ կատարել մի շարք թարգմանություններ, որոնք այնքան բնորոշ էին գրողի եւ մտածողի իր տեսակին: Արեւելյան ժանրերից Թումանյանի համար չափազանց հոգեհարազատ էր արեւելյան բանաստեղծության հին տեսակներից մեկը` ռուբային: Միջնադարյան քառյակը Մերձավոր եւ Միջին Արեւելքում տարածված բանաստեղծական մյուս տեսակների նման ընդհանուր արեւելյան ծագում ունի եւ տարածքային այդ շրջանի գրեթե բոլոր ժողովուրդների մշակութային ժառանգության անկապտելի մասն է: Միջնադարում բանաստեղծության այս տեսակը իր բարձրակետին հասավ պարսից գրականության մեջ: Բացի հռչակավոր քառյակագիրներ Օմար Խայամից եւ Բաբա Թահերից` քառյակագրության են դիմել նաեւ պարսից գրականության այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Ռուդաքին, Խաքանին, Սաադին, Ռումին, Հա ֆեզը, Ջամին: Թումանյանի հայացքը դեպի Արեւելք, իսկ 1910-ական թվականների երկրորդ կեսից հետո հատկապես դեպի քառյակների աշխարհ, սովորական քմահաճույք չէր, այլ իր մտածմունքի եւ կենցաղի միջեւ ներդաշնակություն հաստատելու այն սերը, որով առհասարակ հայտնի էր Թումանյանը: Եթե սա կենցաղավարության դրսեւորման ինքնատիպ ձեւ էր, ապա մտածմունքն էլ արեւելյան հին իմաստուների կենսափիլիսոփայությանն յուրօրինակ արտահայտությունն էր. «Լավ է ասում Օմար Խայամը` ենթադրիր, թե մեռած ես արդեն, էս օրերդ գտած համարիր, քեզ համար ապրիր, օրդ վայելիր... Ի՞նչ ենք մենք, ի՞նչ է մեր կյանքը էս օվկիանոսում` մի հյուլե անցնող...»: Թումանյանը համակրանքով է վերաբերվում արեւելյան երգիչների հայեցողական, փիլիսոփայական մտածողությանը, այլ բան է, որ նա այդպես չտնօրինեց իր կյանքը, մինչեւ վերջ նույն մաքառողն ու պայքարողը մնաց: Բանաստեղծին հրապուրեցին արեւելյան, ավելի ստույգ` պարսկական բանա՛ստեղծության հանճարները, ամենից շատ Օմար Խայամըՙ ե՛ւ մտածողությամբ, եւ՛ արտահայտության կերպով: Սակայն թումանյանագիտության մեջ վաղուց հստակեցված է, որ Թումանյանի քառյակների ստեղծման հիմքերից սա գուցե եւ առաջինն է, բայց ոչ միակը: Քառյակը հենց այն եզակի ձեւն էր, որ կարող էր համակարգել եւ կյանքի վերջին տարիներին բյուրեղացնել բանաստեղծի մտածմունքները, հատկապես այն պարագայում, որ ստեղծագործական որեւէ փուլում էլ բանաստեղծական խոսքի կարեւորագույն ձեւըՙ խտացումը, նրա հիմնական ձգտումն էր: Ներկայացնել ավելի շատ պատկերացումներ, փոխանցել ավելի մեծ խոհեր, քան բառեր կան տողի մեջ, երբ բառը ուղղակի բառարանային նշանակությունից բացի ներառում է այլեւայլ զուգորդումներ, իր իսկ խոսքերովՙ երբ «բառը մի աշխարհ է»: |