Ո՞Վ Է ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՀԵՌԱՑՐԵԼ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ, ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Հունիսին լրացավ 50 տարի այն օրից, երբ դասընկերներիս հետ հուզումնալից ապրումներով եւ ապագայի վառ հույսերով ավարտեցինք Լենինականի Մեսրոպ Մաշտոցի անվան 29-րդ միջնակարգ դպրոցը: Դպրոց, որը հիմնադրվելով 1962 թվականին, շուտով իր կրթադաստիարակչական ուրույն մեթոդներով, իր աշակերտական «Երազողների համալսարանով» ու շատ այլ հետաքրքրություններով ճանաչում գտավ ոչ միայն մեր հանրապետությունում, այլ նաեւ ողջ Խորհրդային Միությունում ու նրա սահմաններից դուրս: Մենք մաշտոցականներ էինքՙ բառիս խոր իմաստով եւ այդ կոչումը դպրոցի սերունդներս միշտ հպարտությամբ ենք կրել թե՛ այնտեղ սովորելիս, թե՛ հետո կյանքում, աշխատելով արժանի լինել դրան: Եվ հիմա այս երկու տողը գրում եմ որդիական սիրով ու խոնարհումով հարազատ դպրոցիս, մեծամասամբ արդեն կյանքից հեռացած սիրելի ուսուցիչներիս հիշատակի եւ կրթօջախի այսօր էլ շարքում գտնվող հիմնադիր տնօրեն, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բազմավաստակ պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Մնացական (Միշա) Մանուկյանի հանդեպ: Բայց այդ դպրոցն այսօր Մեսրոպ Մաշտոցի անունը... չի կրում: Երկրաշարժից տուժած եւ տեւական ժամանակ տնակային պայմաններում գործած կրթօջախի համար տարիներ առաջ սփյուռքահայ հովանավորի ֆինանսավորմամբ, «Հայաստան» հիմնադրամի միջոցով նույն տարածքում կառուցված նոր շենքի դիմացի աջակողմյան պատին դեռ որոշ տարածությունից կարդացվում է «Ժոզեֆ եւ Ալիս Դորյան N 29 դպրոց» մեծ-մեծ տառերով անգլերեն, իսկ դպրոցի արդեն մուտքի ճակատինՙ նույնաբովանդակ հայերեն գրությունը: Ի հակադրումն ո՛ւմ անվան... Ներողություն եմ խնդրում, բայց մի՞թե հայ մարդը, ինչ էլ որ նա դրամով հովանավորած լինի (դրա համար խորին շնորհակալություն ու մեծարանք նրան), կարող էր ա՛յդ աստիճան անհամեստ լինել... Ուստի ուզում ենք շենքի բարերար պրն Դորյանին հորդորել եւս մի բարի գործ անելՙ սխալից թեկուզ հիմա հետ կանգնել: Դպրոցում կան, չէ՞, իր անունն ու գործը հավերժացնող այլ միջոցներ: Իսկ անվան խնդիրը, ինչպես պարզվում է, միայն սա չէ եւ նույնիսկ միայն այս դպրոցինը չէ: Ոչ էլ լոկ նաեւ այն, որ 2003 թվականին, երբ Շիրակի մարզում առաջին 15 դպրոցները հիմնականում զույգ-զույգ միավորելով դարձրին ընդամենը 7 դպրոց, Գյումրի քաղաքում իրենց անուններով դպրոցներ «կորցրին» Հովհաննես Թումանյանը, Խաչատուր Աբովյանը, Մկրտիչ Արմենը, Հովհաննես Շիրազը, Անանիա Շիրակացին, Հակոբ Պարոնյանը... Նրանց անվամբ կոչվող դպրոցները որպես առանձին միավորներ վերացան: Եվ հիմա, օրինակ, նախկինում Հովհաննես Թումանյանի անունը կրող 13-րդ միջնակարգ, ապա միավորված 3-րդ, այժմ Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոց դարձած հաստատության շենքի դիմաց կանգնած մնում է մեծ բանաստեղծի կիսանդրին, որի անվան հետ այդ կրթարանն արդեն, ցավոք, կապ չունի: Քաղաքի համար 9 (կառաջարկեինք կրճատՙ հմր. 9 կամ հ. 9, ոչ թե թիվ 9) հանրակրթական դպրոցը խորհրդային շրջանում կրում էր բոլշեւիկ հեղափոխական Բագրատ Ղարիբջանյանի անունը: Որոշ ժամանակից ի վեր, տարիներ շարունակ, որքա՜ն ուրախանում էինքՙ այս կրթական հաստատության մոտով անցնելիս ցուցանակին կարդալով արդեն փոխված անունըՙ «Գրիգոր Նարեկացու անվան...»: Իսկ ահա օրերս կրկին անցնելով ու սովորականի նման աչք գցելով ցուցանակին, այնտեղ չտեսանք որեւէ անուն, այլ ընդամենը գրված էր «ՀՀ Շիրակի մարզի Գյումրու N 9 հիմնական դպրոց ՊՈԱԿ»: Հետո քաղաքի կենտրոնի էլի մի քանի կրթօջախների ցուցանակները նայելովՙ տեսանք, որ սա իրոք մեկ դպրոցի խնդիր չէ եւ նման որոշումն էլ երեւի այս մակարդակում չէ, որ կայացվել է: Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքում ներկայացվածՙ մարզի 114 գյուղական դպրոցներից միայն 5-ն են նշված որեւէ մեկի (տվյալ բնակավայրում ծնված ազատամարտիկի, հերոսի, բանաստեղծի) անվան, իսկ Գյումրու 38 դպրոցներիցՙ միայն 1-ը, կրթության նախարարության կայքումՙ Գյումրու դպրոցներից 4-ը, որոնք երեւի հատուկ դեպքեր են: Մինչդեռ նախկինում գոնե քաղաքում ամեն դպրոց պարտադիր կրում էր մեր մեծերից մեկի կամ առհասարակ որեւէ նշանավոր մարդու անուն: Մեծությունների անունները ազգային ու համամարդկային որոշակի արժեքների կրող են, սերունդների դաստիարակման մի կարեւոր միջոց: Ինչո՞ւ է այսպես ստացվել, ո՞ւմ են խանգարել մեր մեծերը եւ ո՛վ է նման առնվազն ոչ անմեղ որոշում կայացրել... Որքան կարողացանք իմանալ, սա տեղի է ունեցել այն ժամանակվանից, երբ ի թիվս այլ հաստատությունների, դպրոցին ասացին ՊՈԱ՛Կ (կրակոցի պես է հնչում), այսինքն պետական ոչ առեւտրային կազմակերպություն: Ու քանի որ այդ ժամանակվանից երկիրը կառավարողների կողմից որպես ամեն ինչի գնահատման չափանիշ սկսեց արմատավորվել առեւտրային կամ ոչ առեւտրային լինելու հանգամանքըՙ հօգուտ առաջինի եւ ի վնաս երկրորդի, էլ որտեղի՞ց պիտի տեղ մնար մեծությունների անուններին ու նրանց բերելիք արժեքներին: Փոխարենը դպրության տաճար մտնող աշակերտը նրա ցուցանակին, որտեղ գրվածից է սկսվում ուսուցումն ու դաստիարակությունը, պիտի կարդա «թիվ» այսինչ կամ այնինչ սխալագրությունը, որը խաթարելու է նրա արեւելահայ լեզվամտածողությունը, եւ պարտադիր պիտի կարդա, հարցնի ու իմանա իրականում իր հետ կապ չունեցող առեւտրային-ոչ առեւտրայինը, որը վաղ տարիքից խաթարելու է նրա ընդհանրապես մարդկային մտածողության ուղղվածությունն ու մատաղ հոգին: Ինչ-որ շատ չե՞ն տարբեր ճանապարհներով քիչ-քիչ, աննկատ մեզ հեռացնում մեզնից: Չգիտես ում եւ ում տարբեր տարիների «զարգացած» (իրականումՙ դավադիր) որոշումներով ու ի՛նչ անհրաժեշտության թելադրանքով մեր հայանուն ուսումնարաններին, առանց դրանց բովանդակության որեւէ փոփոխության, պարտադրեցին քոլեջ անունը, հետո սկսեցին երեխաների ծննդականներում, մարդկանց այլ փաստաթղթերում գրել, ասենք, Հայկ Արամ Տիգրանյան, որտեղ չգիտեսՙ որն է հայրը, որը որդին... Հիմա էլՙ մեր սերնդակերտման դարբնոց դպրոցներից Հայոց մեծաց անունների օտարումը: Այս ամենի վրա կցանկանայինք հրավիրել մեր նոր կառավարության եւ նրա համապատասխան օղակների գործուն ուշադրությունը: Բայց նույնիսկ սա դեռ, ինչպես ասում են, ծաղիկներն են: Փշի հանդիպեցինք, երբ այս առիթով կրթության ու գիտության նախարարության կայքում նայում էինք ՀՀ հանրակրթական դպրոցների ցանկը: Եվ դարձյալՙ «ռուսական» դպրոցներ... Երբ ոչ շատ առաջ Հայաստանումՙ Դիլիջանում նաեւ հայ երեխաների համար ոչ հայեցի ուսուցմամբ դպրոց էր բացվում ու հանրության դիմադրությունն արհամարհելով, երկրում նման ուսուցումը թույլատրող փոփոխություն էր մտցվում հանրակրթության մասին օրենքում, երեւի շատերս միամտորեն կարծում էինք, թե խնդիրն առայժմ միայն նշված դպրոցն է: ՀՀ ԿԳ նախարարության էլեկտրոնային կայքի «Հանրակրթություն» բաժնի «միջնակարգ կրթություն» ենթաբաժնում ի թիվս այլ բաների կա Հայաստանի Հանրապետության ռուսերեն լեզվի խորացմամբ ուսուցմամբ հիմնական եւ միջնակարգ դպրոցների ցանկ, որում ընդգրկված է 31 նման դպրոց Երեւանում, 29-ըՙ մարզերում, հիմնականում քաղաքներում, այդ թվում 5-ըՙ Գյումրիում: Կարծում ենքՙ խորացված ուսուցմամբ հասկացությունը ներկայումս ընդունված տեսքով քննարկման խնդիր է, եւ ոչ միայն ռուսերենի առումով: Բայց նույն կայքում հանդիպեց նաեւ հենց ռուսերե՛ն ուսուցմամբ դպրոցների ցանկՙ ըստ ԿԳ նախարարի 12.07.2011 թ. N 806-Ա/Ք հրամանի հավելվածի, որտեղ ընդգրկված է հանրապետության... 43 հանրակրթական դպրոց: Մի՞թե Հայաստանում այդքան ռուս բնակչություն կա... Լեզուների ուսուցումը, ռուսերենինը հատկապես, շա՜տ պետք է բարելավվի մեր կրթական հասատատություններում: Բայց ո՞վ իրավունք ունի, եթե նա նույնիսկ երեխայի ծնողն է, իր ինքնիշխան երկրում ապրող հայ մանկանը կամ ընդհանրապես որեւէ ազգի մանկանը զրկելու իր մայրենի լեզվով գոնե դպրոցական, սկզբնական կրթությունը ստանալու մարդկային տարրական իրավունքից: |