ՊԱՏԱՍԽԱՆ ԿԼՈԴ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ Քրիստինա ՄԱՐԱՆՋԻ Ինչպես խոստացել էինք, ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք Մետրոպոլիտենի «Armenia!» ցուցահանդեսի կազմակերպիչներից Քրիստինա Մարանջիի պատասխանը պրոֆ. Կլոդ Մութաֆյանի քննադատական հոդվածին, որը հրատարակել էինք մեր նախորդ համարում: Թեեւ Մարանջիին հաջողվում է որոշ փաստեր առաջ քաշելով հակադրվել պրոֆ. Մութաֆյանի մատնանշած թերություններին եւ ուղղումներ մտցնել, սակայն մեր տպավորությամբ նա խուսափում է ֆրանսահայ գիտնականի գլխավոր մեղադրանքին անդրադառնալուց: Ինչպես հիշում են մեր ընթերցողները, պրոֆ. Մութաֆյանը շեշտել էր համապատասխան քարտեզների, տեղանունների աշխարհագրական դիրքի, ինչպես նաեւ, ամենակարեւորը, թուրքական եւ ազերիական զավթողական, վանդալական ու ցեղասպանական քաղաքականության հիշատակման բացակայությունը, իր ընթերցողներին թողնելով եզրակացությունըՙ ցուցահանդեսի կազմակերպիչները գտնվել են քաղաքական սահմանափակումների ներքոՙ թույլ չտալու որեւէ քննադատական ակնարկ անգամ թուրքերի եւ ազերիների նկատմամբ:
Կլոդ Մութաֆյանիՙ Մետրոպոլիտենի թանգարանի «Հայաստա՜ն» ցուցահանդեսին նվիրված արձագանքը Մետրոպոլիտենի, պրոֆեսոր Հելեն Էվանսի, նրա օգնականների, հեղինակների եւ անգամ արվեստի պատմության նկատմամբ անզուսպ հարձակում է պարունակում: Պրոֆեսոր Մութաֆյանը սեփական կարծիքն ունենալու լիակատար իրավունք ունի, սակայն, իմ խորին համոզմամբ, գրախոսությունն իրականացնելիս նա կառուցողական առումով չի օգտվել հայ արվեստի ցուցադրության հետ կապված թանգարանագիտական լավագույն փորձն ուսումնասիրելու հնարավորությունից: Նման գրախոսությունը կարող էր ներկայացնել ցուցադրության, մակագրությունների, փոխ վերցված ցուցանմուշների, ինչպես նաեւ հասարակությանը հայ արվեստի եւ Ցեղասպանության միջեւ կապը ներկայացնելու ձեւի եւ ժամանակի վերաբերյալ իր սեփական հիմնավորված առաջարկությունները: Սա, համենայն դեպս, իմ կարծիքն է: Բայց ես բողոքում եմ (եւ դա նաեւ սույն գրության հիմնական պատճառն է), որովհետեւ այս գրախոսության զգալի մասը նպատակ ունի «սխալների» ինչ-որ ցուցակով նսեմացնելու ցուցահանդեսը եւ կատալոգը պատրաստած գիտնականների հեղինակությունը: Յուրաքանչյուր հրապարակմանՙ թե՛ պրոֆեսոր Մութաֆյանի, թե՛ իմ եւ թե՛ անգամ «Armenia Sacra»-ի կատալոգի գրություններում կարելի է «սխալներ» գտնել: Ուստիեւ, ելնելով ճշգրտության շահերից, ես ստուգել եմ նրա թվարկած «սխալներից» յուրաքանչյուրը եւ ներկայացնում եմ իմ առանձնացրած «սխալների» ցուցակը: 1. Պրոֆ. Մութաֆյանը դոկտոր Հելեն Էվանսին ներկայացնում է որպես «օրիորդ Հելեն Էվանս»ՙ Մերի եւ Մայքլ Ջահարիսի անվան բյուզանդական արվեստի համադրող: Սակայն նա ոչ թե «բյուզանդագետ» է, ինչպես ներկայացնում է հեղինակը, այլ մասնագիտացած է հայ արվեստի մեջ: Հայկական Կիլիկիայի ձեռագրերին նվիրված նրա ատենախոսության ղեկավարներն են եղել Նինա Գարոսյանը եւ Թոմաս Ֆ. Մեթյուսը: 2. Պրոֆ. Մութաֆյանը գրում է. «Հայացք գցելով կատալոգում գրված աջակիցների ցուցակինՙ կարող եք տեսնել, որ նրանք բացառապես արվեստի պատմաբաններ են, եւ գործնականում այդ ցանկում չկա որեւէ պատմաբան, չնայած այն փաստին, որ արվեստի էվոլյուցիան չի կարող անջատ լինել պատմական հենքից»: Հավանաբար զարմանալի ոչինչ չկա նրանում, որ, ճիշտ է, արվեստի ցուցադրություններում աջակիցների մեծ մասը արվեստի պատմաբաններ են, սակայն Հայր Դանիել Ֆընդըքյանը (Հայ եկեղեցու Արեւելյան թեմ, հայկական պատարագի ականավոր մասնագետ), Ռեյչել Գոշգարյանը (Լաֆայետի քոլեջի պատմության դոցենտ), Ինա Բաղդյանց ՄքՔեյբը (պատմության պրոֆեսոր եւ Թաֆթս համալսարանի հայոց պատմության Դարակջյան-Ջաֆարյան ամբիոնի վարիչ) կամ հայր Ասողիկ Կարապետյանը (Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվների եւ թանգարանների տնօրեն), անշուշտ, կզարմանայինՙ իմանալով, որ իրենք արվեստի պատմաբաններ են: 3. Պարոն Մութաֆյանի գրախոսությունը հարձակվում է արվեստի պատմություն գիտական ճյուղի վրաՙ պատճառաբանելով, որ այն բավարար չէ պատմական վկայությունները ճշգրտորեն ներկայացնելու համար: Այսպիսի հարձակումները նոր չեն: Դրանք սկիզբ են առել դեռեւս 19-րդ դարումՙ գիտության այս ճյուղի հիմնադրման հետ մեկտեղ եւ ուղղակիորեն կամ անուղղակիորեն հարվածի տակ են առել այնպիսի հայագետների, ինչպիսիք են Սիրարփի Տեր-Ներսիսյանը, Նիկոլ Թիերին եւ այժմՙ «օրիորդ Հելեն Էվանսը»: Արդյոք պատմությունը պե՞տք է առավելություն ունենա արվեստի պատմության նկատմամբ: Արդյոք արվեստի պատմությունը պատմական կարեւոր դրվագների պաստա՞ռն է միայն եւ, ինչպես պրոֆ. Մութաֆյանն է ասում, միայն «պատմական հսկողության» համար է: Այնուամենայնիվ, գիտնականները հարյուրամյակի ընթացքում ընդունել են, որ պատկերները, առարկաները եւ հուշարձաններն իրականում ոչ միայն հաստատում են գրավոր տեքստը, այլեւ այլընտրանքային պատումներ են առաջարկում, անգամ օգնում են ստեղծել եւ գրել պատմություն այնտեղ, որտեղ տեքստերը բացակայում են: 4. Պրոֆ. Մութաֆյանը գրում է «Պատմաբան Մովսես Խորենացուն վերագրվող տարեթվերը մինչ այժմ հակասական են եւ ընդգրկում են 5-րդ, 7-րդ եւ անգամ 9-րդ դարերը: Կատալոգի 29-րդ էջում գրված ճշգրիտ թվերը (410-490թթ.) իմաստ չունեն»: Պրոֆ. Մութաֆյանը շատ ճիշտ է, երբ նշում է հայագիտական շրջանակներում առկա այս հակասության մասին, սակայն պրոֆ. Մութաֆյանը, անկասկած, նույնքան լավատեղյակ է, որ այս հարցի շուրջ տեսակետները խստորեն պահպանվում են. տարբերակներից եւ ոչ մեկը, լինեն դրանք ավանդական գրականության մեջ վավերացված տարեթվեր կամ «5-րդ, 8-րդ, 9-րդ» դար արտահայտությունները, որոնք վերագրվում են Խորենացու ժամանակաշրջանին, չեն կարող խուսափել գիտական հակասություններից: Խորենացու ժամանակաշրջանի մասին որեւէ մեկնաբանության ընտրություն կարող է բորբոքային էֆեկտ ունենալ, սակայն դա ամենեւին էլ բացարձակ «սխալ» չէ եւ, անշուշտ, չի կարող ամբողջովին զուրկ լինել «իմաստից»: Իրականում, պրոֆ. Մութաֆյանը շատ լավ գիտի, թե ինչու է հեղինակը Խորենացու ժամանակաշրջանի ընտրության վերաբերյալ նման որոշում կայացրել: 5. Պրոֆ. Մութաֆյանը գրում է. «Մելիսենդ թագուհու մայրը Եդեսիայից» չէր, (էջ 35), նրա անունը Մորֆիա էր, եւ վերջինս հայ արքայազն Գաբրիել Մալաթիացու կինն էր»: Այս եւ նախորդ պարբերությունների համատեքստում տվյալ տեքստն իմաստ ունի, քանզի այն հղում է կատարում Եդեսիայի խաչակրաց պետությանը, որտեղ տվյալ խնդրի ժամանակաշրջանում գործունեություն էր ծավալում Գաբրիել Մալաթիացին: 6. Պրոֆ. Մութաֆյանը գրում է. «Լեւոն 5-րդ արքան «թաղված» չէր Սեն-Դընիում (էջ 36), որտեղ նրա գերեզմանաքարն է տեղափոխվել 19-րդ դարում, այլ Սելեստինյան մենաստանում»: Պարոն Մութաֆյանը հաշվի չի առնում տեքստի վերջում գրված ծանոթագրությունը, որը փաստացիորեն մեջբերում է հենց Մութաֆյանի «Կիլիկիայի հայկական թագավորությունը 12-14-րդ դդ.» աշխատությունը (համահեղինակներՙ Կատրին Օտեն եւ այլք): Ամեն դեպքում, անգլերեն «թաղված» արտահայտությունը լիովին ճիշտ է: Ակնարկում կարող էր հիշատակվել Սելեստինյան մենաստանում սկզբնական հուղարկավորության եւ 19-րդ դարում Սեն-Դընիում վերահուղարկավորության մասին: Իրոք, այն հավանաբար կարող էր նշել այն պաշտոնյաների անունները, ովքեր թույլատրել են վերահուղարկավորումը, օրենքներըՙ որոնք տվել են տվյալ լիազորությունները եւ որեւէ այլ պատմական մանրամասներ, սակայն լիովին ճշգրիտ է ասել, որ Լեւոն 5-րդն այսօր թաղված է Սեն-Դընիում, ինչպես ասվում է պատմագիտության մեջ: 7. Պրոֆ. Մութաֆյանը գրում է. «Ղրիմյան ափի Armenia Maritima անվանումը (էջ 88) միֆ է»: Նա հղում է կատարում հետեւյալ նախադասությանը. «...որոշ արեւմտյան աղբյուրներ, տարածաշրջանին հղում կատարելիս սկսեցին օգտագործել Armenia Maritima անվանումը»: Դոկտ. Մութաֆյանի պնդումը տարօրինակ է: Ի՞նչ նկատի ունի, երբ ասում է միֆ: Արդյո՞ք նա ժխտում է, որ այդ անվանումն առկա է ջենովական աղբյուրներում կամ արդյո՞ք հավանություն չի տալիս այդ աղբյուրների կողմից աշխարհագրական անվանման այդ ընտրությանը: Բոլոր դեպքերում, միֆ արտահայտությունը, եթե ոչ լիովին մոլորեցնող, ապա առնվազն շփոթեցնող է: «Նրա կարծիքով»,1461 թ. սուլթան Մեհմեդ 2-րդի եւ Բուրսայի եպիսկոպոսի կողմից Հայոց պատրիարքարանի հիմնումը կեղծ է: Պրոֆ. Մութաֆյանը գրում է. «1461 թ. սուլթան Մեհմեդ 2-րդի եւ Բուրսայի եպիսկոպոսի կողմից Հայոց պատրիարքարանի հիմնումը զուտ առասպելական է (էջ 172, 253)»: Այս հարցի շուրջ, անկասկած, առկա է բանավեճ: Գիտնականները հաճախ այս պնդումը որակում են որպես «ենթադրություն», «ավանդույթի համաձայն վերագրվող» եւ այլն, սակայն արդյո՞ք միֆ է: Ի՞նչ է նշանակում, երբ պատմաբանն ասում է, որ ինչ-որ բան միֆ է: Կարո՞ղ ենք խնդրի առարկան գիտական քննության ենթարկել: Եվ իհարկե, գիտնականներին հայտնի է, որ նման ավանդույթներն իրենք իրենցով պատմական կարեւորություն ունեն: 8. Պրոֆ. Մութաֆյանը գրում է. «Երուսաղեմի պատրիարքն ամենեւին սահմանափակված չէր «տեղական մակարդակով (էջ 233)»: Կատալոգի պնդումը, ինչպես նաեւ «տեղական» եւ «սահմանափակված» բառերը կարող են մեկնաբանվել տարբեր կերպ: Ինչպե՞ս կարելի է ժխտել կամ հաստատել նման քննադատությունը: 9. Բացի այն, որ պրոֆ. Մութաֆյանը փորձում է վարկաբեկել կատալոգի փաստացի ճշտությունը, նա նաեւ համարձակվում է աշխատանքում հայտնաբերել պատմական համատեքստի բացակայություն. «Օրինակ, Իտալիայում ապրող հայերի մասին բաժինը (էջ 164.): Ե՞րբ, ինչպե՞ս եւ ինչո՞ւ են նրանք հաստատվել այստեղ: Ոչ մի պատասխան այս հարցերին», դեռ ավելին, առաջին նախադասության մեջ տեղեկանում ենք Կիլիկիայի հայկական թագավորության անկման մասին, «որը պատճառ դարձավ հայոց պատմության ամենամեծ արտագաղթի ալիքներից մեկին (էջ 164)». «Ավելի վատ է Երուսաղեմի մասը (էջ 218), որտեղ պատրիարքարանի հիմնման փաստը լիովին անտեսված է, եւ հայտնի խճանկարների մասին մեջբերումներ են արվում առանց դրանց նկարների: Միակ նկարը ցույց է տալիս տաճարի ներսի հատվածը»: Կատալոգում պատկերված Սուրբ Հակոբ տաճարը, պատրիարքարանի տաճարը, պատրիարքարանը եւ տաճարը հիշատակվում են մի քանի անգամ: Հրաշալի կլիներ ունենալ խճանկարների պատկերները, սակայն մեկ անգամ եւս, պրոֆ. Մութաֆյանը հավանաբար տեղյակ է հրատարակությունները պատկերազարդելու գործնական խնդիրների մասին: 10. Քյոմուրճյանի հայտնի քարտեզի վերաբերյալ պրոֆ. Մութաֆյանը կատարում է հետեւյալ հարցադրումը. «Ինչո՞ւ ո՛չ վերնագիրը, ո՛չ էլ բուն հոդվածը (301 էջ) ոչինչ չեն ասում դրա հիասքանչ պատմության մասին: Մինչ այն պահը, երբ երեք հարյուրամյակ անց այն պատահաբար գտան Բոլոնիայում, քարտեզը համարվում էր կորած»: Իրոք, այս բացահայտումը հետաքրքրական պատմություն է, բայց նախաբանը տեղեկություններ է տալիս քարտեզի պարունակության (առեւտրային ուղիներ, ճարտարապետական տեսակներ), դրա հովանավորության եւ պատմական համատեքստի մասին: 11. Պրոֆ. Մութաֆյանը շարունակում է. «...սովորաբար կատալոգում նշվում են բոլոր ցուցանմուշների նախկին ցուցադրությունները, սակայն այստեղ որեւէ նման տեղեկատվություն չկա»: Պրոֆ. Մութաֆյանը վստահորեն տեղյակ է հեղինակների եւ համադրողների նկատմամբ թանգարանների եւ այլ հաստատությունների կողմից իրականացվող ճնշումների մասին: Ցուցադրության պատմությունների ներկայացումը գեղեցիկ եւ օգտակար առանձնահատկություն է այնպիսի ցուցահանդեսների կատալոգների համար, ինչպիսիք են Լուվրի «Armenia Sacra-ն» եւ այլք: Դոկտ. Մութաֆյանը գրախոսության սկզբում իր իսկ կողմից մեջբերած Բյուզանդիայի ցուցադրությունից պետք է իմանար, որ դա չի համապատասխանում Մետրոպոլիտենի թանգարանի նմանատիպ հրատարակությունների ձեւաչափին: Արժեր նշել, որ «Armenia Sacra»-ի կատալոգը ֆինանսավորվում էր Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների կողմից (մինչդեռ Մետրոպոլիտենը գործածել էր իր իսկ գումարը): 12. Պրոֆ. Մութաֆյանը նշում է. «Ցուցահանդեսի եւ կատալոգի տարածված սխալներից մեկը «Կիլիկյան թագավորություն» անվանման գործածումն է: Իրականում այդպիսի թագավորություն երբեք գոյություն չի ունեցել: Կիլիկիայում գոյություն ուներ Հայկական թագավորություն: Այսպես էին թագավորությանն անվանում հայերը, ինչպես նաեւ հարեւան երկրները (արաբները, հույները, ֆրանսիացիները): Ավելի ճշգրիտ է «Կիլիկյան Հայաստան» անվանումը: Ճիշտ է, օգտագործվում է «Կիլիկիայի թագավորություն» անվանումը, այս դեպքումՙ «Կիլիկիայի հայկական թագավորություն» ձեւով, որը դոկտ. Մութաֆյանիՙ 1993 թ. տպագրված գրքի վերնագրի թարգմանությունն է եւ օգտագործվում է 35, 82, 89 եւ 165 էջերում, իսկ «Կիլիկյան Հայաստան» ձեւըՙ 82, 139 եւ 334 էջերում: 13. Պարոն Մութաֆյանը գրում է. «Դուք կարող եք կարդալ, որ «ինչ-որ պահի հայերը տեղափոխվեցին Կիլիկիա» (էջ 34), սակայնՙ առանց որեւէ բացատրության: Արդյոք նրանք զբոսաշրջիկնե՞ր էին: Ամեն տեղ առաջ քաշվող պատճառըՙ «Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի պարտությունը» (էջ 134), անհեթեթություն է, քանի որ ճակատամարտը տեղի է ունեցել 1071 թվականին սելջուկ թուրքերի եւ բյուզանդացիների միջեւ, եւ հայերը դրա մեջ ներքաշված չէին»: Արդյոք անհեթեթությո՞ւն է պատկերացնելը, որ այդ որոշիչ ճակատամարտը, որը սկիզբ դրեց տարածաշրջանում սելջուկների կառավարմանը, որեւէ ազդեցություն չունեցավ հայերիՙ Կիլիկիա գաղթելու վրա: Մենք կարող ենք բանավիճել «իրական պատճառի» մասին (պարոն Մութաֆյանի համար դա սելջուկների կողմից Անիի գրավումն է 1064 թ.), ինչ-որ մեկը կարող է մեջբերել պատմագիտական այն գործերը, որոնք ուշադրություն են սեւեռում 1071 թվականի վրաՙ որպես հայկական Կիլիկիայի զարգացման սահմանագծի: Հարկ է նշել նաեւ, որ ակնարկների այս ժողովածուն փորձ է կատարել ամփոփել հայ-բյուզանդական հարաբերությունները 200 բառովՙ սկսելով չորրորդ դարից եւ ավարտելով 1453 թվականով: «Ինչո՞ւ,- հարցնում է պարոն Մութաֆյանը,- ամենուրեք անտեսվում է սելջուկների կողմից Անիի գրավումը 1064 թ.»: Պարոն Մութաֆյանն իրավացի է. նրա առաջարկած արտահայտությունը բացակայում է ժողովածուում: Փոխարենը կարդում ենք հետեւյալըՙ «սելջուկների նվաճումները» (էջ 56), «սելջուկների առաջխաղացումը» (էջ 34), «սելջուկների ներքին ասպատակությունները» (էջ 57), «սելջուկների, մոնղոլների եւ լենկթիմուրյանների ներխուժումների հետեւանքները» (էջ 82), «սելջուկների ներխուժումների նախօրեն» (էջ 83), «սելջուկների հարձակումները» (էջ 84) եւ «սելջուկների ասպատակությունները» (էջ 88) արտահայտությունները: 14. «Թուրքեր» բառը բացակայում է կատալոգի ցանկից: Արդյո՞ք սա պատահականություն է»: Ոչ, դա բխում է պատշաճ եւ ողջամիտ իմացությունից: Դրա փոխարեն, ինչպես «Armenia Sacra»-ում, այստեղ եւս ընթերցողը կարող է տեսնել առանձին խմբեր. սելջուկներ եւ օսմաններ (ինչպես նաեւ Օմայաններ, Աբասյաններ, Ֆաթիմյաններ եւ այլն): Այս խմբերը միախառնելը պատմական առումով ճշգրիտ չէ (դոկտ. Մութաֆյանը գիտի այդ մասին) եւ կասկած է առաջացնում նրանցՙ կենսաբանորեն միատարր էթնոս լինելու վերաբերյալ, կասկած, որը ճակատագրի հեգնանքով ընկած է թուրքական ազգայնական պատմությունների հիմքում: Անգլերենից թարգմանեց ՄԵՐՈՒԺԱՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ |