RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #49, 28-12-2018



Տեղադրվել է` 2018-12-27 21:54:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1280, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԵՎԵԼՔԸ ՍԻՐԱՎՅԱՆԻ ԿՏԱՎՆԵՐՈՒՄ

Տաթեւիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դեկտեմբերի 18-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում նշանակալից եւ խորհրդանշական ցուցահանդես էր:

Սարյանական միջավայրում հյուրընկալվեց 20-րդ դարի հայ գեղանկարչության անբաժանելի մասը կազմող արվեստագետ Հենրիկ Սիրավյանը , որի ընտանիքը ցանկացավ վարպետի հոբելյանին նվիրված միջոցառումն իրականացնել այստեղՙ Ուսուցչի ջերմ հարկի տակ:

Տուն-թանգարանի առաջին եւ չորրորդ հարկերում ներկայացված էին Սիրավյանի վրձնին պատկանող բազմաթիվ բնանկարներ եւ դիմանկարներ: Նկարչի արվեստի երկրպագուներին եւ երեկոյի հյուրերին ողջունեցին ընտանիքի բարեկամ արվեստաբան Լեւոն Չուգասզյանը , արվեստաբան Տաթեւիկ Համբարձումյանը , շնորհակալության խոսք հայտնեց նաեւ նկարչի որդինՙ Գագիկ Սիրավյանը , իսկ երեկոյի ողջ ընթացքում հյուրերին սիրով ուղղորդում էր տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը :

Հենրիկ Սիրավյանը, հանդիսանալով 20-րդ դարի հայ կերպարվեստի դիմագիծը ձեւավորող առանցքային կերպարներից, կարողացավ բազմազանություն ներմուծել նոր ուղղությունների ու ոճերի մեջ խմորվող ազգային կերպարվեստում: Մեծանուն Մարտիրոս Սարյանին աշակերտած Հենրիկ Սիրավյանին հաջողվեց սնվել համաշխարհային գեղարվեստական նվաճումներից եւ դրան գումարել սեփական գեղարվեստական ու գաղափարական ընկալումները:

Հայոց բնաշխարհի քարքարոտ ժայռերն ու սակավաբույս մոտիվները Սիրավյանի վրձնի տակ խորհրդավոր ու շեշտված գեղագիտական կերպար են ստանում: Գույնի հանդեպ ֆովիստական մոտեցմամբ եւ ծավալների մանրադրվագ կառուցմամբ ամեն մի հորինվածք առաջին հայացքից դեկորատիվ է ընկալվում, սակայն սիրավյանական դեկորատիվիզմը զուտ հարթային-զարդանախշային չէ, քանզի այն տանում է դեպի արեւելյան խորհրդավոր ու բազմաշերտ աշխարհընկալումը:

Դիմանկարներ կերտելիս նույնպես հեղինակը խուսափել է զուտ ֆորմալիստական հնարքներից. նրա յուրաքանչյուր բնորդ օժտված է անհատական եւ համոզիչ բնավորությամբ: Ներկայացվող դիմանկարներն արժեքավոր են ոչ միայն իրենց զուտ գեղանկարչական հատկանիշներով, այլեւ դրանք, կարծես, մի ողջ ժամանակաշրջանի առաջադեմ եւ ազատամիտ մտավորական խավի վավերագիրն են:

Հենրիկ Սիրավյանի վրձնին բնորոշ է միջավայրի լավատեսական ընկալումը եւ Արեւելքին հարիր գեղագիտական վերակերտումն, ինչը տարբերվում է մեր արվեստին հատուկ դրամատիկ շեշտադրումից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #49, 28-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ