«ԷՆ ԼՈՌՈՒ ՁՈՐԸ...»ՙ ԸՍՏ ՆԻԿՈԼԱՅ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ 20-21-րդ դարերի հայկական կերպարվեստն ի թիվս տարբեր ժամանակահատվածներում ի հայտ եկող տարաբնույթ, երբեմնՙ կաղապարված դրսեւորումների, կարողացավ բացահայտվել նաեւ իր ազատ երեսով: Որքան էլ սոցռեալիստական ոճն ու ճաշակը թելադրող ու ճնշող էինՙ սեփական կարծիք արտահայտող վարպետները պայծառացնում եւ աշխուժացնում էին տվյալ միջավայրն ու ժամանակաշրջանը, իսկ ամենաթողության հասնող նոր օրերի էսթետիկան միշտ չէ որ կարողանում էր կլանել տաղանդավոր ստեղծագործողներին: Այս առումով բացառիկ կենսագրություն ունեցավ նկարիչ Նիկոլայ Քոթանջյանը , ում նկարներն արգասիքն են այն քրտնաջան աշխատանքի, որի շնորհիվ ներդաշնակորեն միավորվում են տեխնիկական վարպետությունը, գիտելիքն ու զգացմունքային աշխարհը, կարծես կրելով «առողջ մարմնում առողջ հոգի» գաղափարը որպես նշանաբան: Խորհրդային ժամանակաշրջանում հեռու լինելով ուտոպիստական կարգերի քարոզչական ու գեղագիտական կնիքը կրելուցՙ Նիկոլայ Քոթանջյանի գործերը հետանկախության տարիներին զերծ մնացին նաեւ տարատեսակ մոդայիկ կեցվածքներից եւ պահպանեցին դասական ամենակարեւոր սկզբունքերը: Պատահական չէ, որ անվանի արվեստաբանները նկարչին բնորոշում են որպես բոլոր ժամանակների նվաճումներն արժեւորող ու դարերից եկող փորձն ու հմտությունները յուրացնող վարպետի, որն այդ ամենը վերաիմաստավորել եւ ամբողջացրել է ժամանակակից արվեստի սահմաններում: Նիկոլայ Քոթանջյանն իր երկարամյա ստեղծագործական կյանքի ընթացքում խորհրդավոր ու առեղծվածային կերպար մնաց շատերի համար: Մասնագիտական ամենաբարձր շրջանակներում գնահատված նրա վարպետությունը մեծ առումով թաքնված էր արվեստասեր հասարակության աչքից: Շատերը նրա գործերի մասին պատկերացում էին կազմում ուրիշ մարդկանց կողմից ասված հիացական խոսքերից: Մեկուսացած ու ամբողջովին արվեստին նվիրված նկարիչն անհատական ցուցահանդես չունեցավ, սակայն մի քանի կտավներ, որոնք կարելի է տեսնել ազգային պատկերասրահի ցուցասրահներում, ներկայումս էլ առանձնանում եւ ուշադրություն են գրավում: Հատկապես «Սոխի ծիլեր» նկարը ցնցող տպավորություն է գործում գունային գամմաների ակտիվությամբ, դրական լիցքերի ազդեցությամբ եւ ներդաշնակության կատարելությամբ: Այդ նկարում սահմանային էֆեկտի է հասնում նկարչի աշխատելաոճին բնորոշ բծախնդրությամբ ու համբերատարությամբ կերտվող մանր կետային ֆակտուրան, որի յուրաքանչյուր մասնիկի անկանոն, բազմանիստ կառուցվածքն ադամանդի նման պայծառ ուժգնություն է հաղորդում գույներին: Նիկոլայ Քոթանջյանը նաեւ ականավոր արվեստաբան էր: Հայ միջնադարյան որմնանկարչության եւ գրքարվեստի ոլորտում կատարած իր ուսումնասիրություններն ու գիտական աշխատանքները որոշակի դեր են խաղացել սեփական նկարների ոճային ու գեղագիտական առանձնահատկությունների կայացման խնդիրներում: Ինչ-որ աղերսներ կարելի է տեսնել նկարչի ձեռագրի եւ հին հայկական պատկերների ուրվագծային պլաստիկայի միջեւ: Ներկապնակում նույնպես արտահայտվել են հայ մանրանկարչության գունամտածողությանը բնորոշ, մեկը մյուսին չխանգարելու սկզբունքով համադրվող, սակայն իրենց ակտիվությունը պահպանող գունային հարաբերությունները: Այս ամենն անուղղակիորեն ձեւավորել է ազգային հոգեկերտվածքին հարազատ ընդհանրություններ հեղինակի նկարներում: Տարիներով եկեղեցիների ու վանքերի որմնանկարչությունը հետազոտող եւ դրանք վերծանող արվեստագետը նաեւ մի ստեղծագործություն իրականացրեց պատմաճարտարապետական միջավայրում: Դա Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի որմնանկարն է, որը ներկայացնում է Լոռվա ձորի տեսարանը: Պատկերավոր է լինում, երբ սրահներից մեկում բացվում է վարագույրը, ուրախ նկարի ֆոնին վառվում են լույսերը, միացվում է մակետային մասով անցնող ջրվեժը, եւ Թումանյանի հեքիաթային աշխարհը այցելուներին գերում է իր պայծառ արտահայտչականությամբ: Այս ստեղծագործությունը բաղկացած է առաջին պլանի մակետային հատվածից եւ հիմնական համայնապատկերը ներկայացնող որմնանկարից: Դրանց ներդաշնակ միացման շնորհիվ մակետային կատարումն իր որոշակի խաղալիքային բնույթից կտրվելով, մերվում է որմնանկարինՙ հորինվածքի ամբողջական մաս կազմելով: Նիկոլայ Քոթանջյանի եւ իր ընկերոջՙ մակետն իրականացնող նկարիչ Վալեր Պողոսյանի ավելի քան երեք տարվա միասնական աշխատանքն այս առումով լավագույն արդյունքի է հասել: Կարելի է նկատել, թե ինչպես վառ ու ջինջ գույները ընդհանրացված մակերեսների աշխույժ խաղեր են գոյացնում պատի խորանաձեւ մակերեւույթի վրաՙ նուրբ ու սահուն անցում կատարելով դեպի մակետի մանրամասները, իսկ վերջինի ծավալային կտրտվածությունները եւ գունային լուծումներն իրենց հերթին պահպանում են կապը որմնանկարի ոճային յուրահատկության հետ: Որպես հեղինակային ձեռագիր Նիկոլայ Քոթանջյանի նկարչության մեջ 60-70-ականներին ձեւավորված այս ոճն ունի որոշակի դեկորատիվ, դիզայներական բնույթի արտահայտչալեզու, եւ պատահական չէ, որ ինտերիեր զարդարելու առումով այն շատ արդիական է դիտվում: Որմնանկարի վրա դեղինների, կանաչների, կապույտների ու մանուշակագույնների հարաբերությունները տեղ-տեղ ծիածանի նման նուրբ անցումներ են գոյացնումՙ միեւնույն ժամանակ հստակ ուրվագծեր ձեւավորելով: Այդ աբստրակտ կտորները ամբողջովին ազատ նկարվածք եւ իրապաշտական ուժի պատկեր են հավաքում, սակայն դրանցում թե՛ կուբիզմին ու սուպրեմատիզմին ձայնակցող որոշակի կանոնավորություն եւ երկրաչափականություն, թե՛ իմպրեսիոնիստական թարմություն, ազատություն ու փափկություն կա: Լոկալ գույներով մեկը մյուսի մեջ մտնող հարթությունները կառուցում են տարբեր պլանների հաջորդականությամբ հերթագայող ժայռերի նկարվածքը, հեռվում երեւացող դաշտավայրն ու տեղ-տեղ ամպերի միջից նայող լեռնագագաթները: Աչք ածելով այս ամենինՙ կարելի է խորհրդավոր էակների նմանվող բազմաթիվ պատկերներ նկատել, որոնք հատկապես առկա են ժայռերի պայմանական ձեւերում: Սիրահար զույգերը, ջրի գնացող աղջիկները, ծերունին ու երիտասարդը, մայրն ու մանուկը եւ շատ այլ կերպարներ կարծես վերածվել են քարերիՙ մարդկային կյանքի պատմություններ թաքցնելով տեղանքում: Դեղինների միջամտությամբ լուսավորվող այդ կտորները զգացնել են տալիս արեւի լույսի առկայությունը, որն ամենամեծ ուժով խտանում է նկարի կենտրոնում: Հեռանկարային տեսարանով այն բաժանում է հանդիպակաց ժայռերը երկու մասի, բայց հավաքում եւ ամրացնում է ամբողջ հորինվածքը: Իրարից անջատված ժայռազանգվածները, որոնք տեղանքի ճշգրիտ պատկերն են ներկայացնում, իրենց պոետիկ մեկնաբանությամբ հարազատ են Թումանյանի պատկերավոր տողերինՙ Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց Ժայռերը խորունկՙ նոթերը կիտած, Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ Հայացքով իրար նայում են հանդարտ: Առհասարակ լույսը նշանակալից դեր է խաղում Նիկոլայ Քոթանջյանի նկարներում, հատկապես իր առկայծող ու փայլատակող վիճակներում: Պատմում են, որ ձմռան ամիսներին նկարչի ուշադրությունն էին գրավում սառույցի բեկորները: Երեւի բնության այդ յուրահատուկ գեղեցկության ընկալումն է իր արձագանքը թողել նրա շատ նկարներում, որոնցում բյուրեղյա մաքրությամբ շողացող ինչ-որ սառցե ամրություն եւ թափանցիկություն կա: Լույսի հզոր թրթիռները, գունային նուրբ անցումներով կամ վառ հակադրություններով առաջացող գծային սահմանների կոկիկ ու հստակ նկարվածքը, անկրկնելի ֆակտուրայի յուրահատկությունըՙ այս ամենը Նիկոլայ Քոթանջյանի գործերին հաղորդում են մեծ արտահայտչականություն: Կարելի է հասկանալ նրա թոռան զարմանքը, երբ մի անգամ տեսնելով պապիկի նկարներըՙ չէր հավատացել, որ ձեռքով արված աշխատանքներ են: Սակայն լույսից բացի եւս մի հանգամանք ուշագրավ է դառնում մերօրյա իրականության աչքերով նայելիս: Ցանկացած երանգի համար Նիկոլայ Քոթանջյանը կարողանում էր գտնել գունային սպեկտորի հակադիր ծայրում գտնվող նրա համարժեք երանգն ու համապատասխան ուժգնությունը, ինչի շնորհիվ կատարյալ ներդաշնակություն էր ստանում կոնտրաստային լուծումներում: Գույների նման ճշգրտությունը մարդկանց հասանելի դարձավ միայն տասնամյակներ անց, երբ համակարգչային գրաֆիկայի ծրագրերում հնարավորություն ստեղծվեց գույներն առանձնացնել ըստ համարակալած ուժգնության եւ երանգի: Բայց այդ կարողությունը բավարար պայման չդարձավ հորինվածքային բարդ կառուցվածքներում դրանց առաջնային ու երկրորդական հնչողությունները կարգավորելու առումով եւ ներդաշնակություն ստանալու խնդիրը նորից մնաց ստեղծագործողի տաղանդին: Մեր օրերում շատ նկարիչներ, հրապուրված վեկտորային կամ ռաստրային գրաֆիկայի ֆիլտրերի բաժնում առկա հնարավորություններից, արդեն դիմում են զանազան միջոցներիՙ անձեռակերտ թվացող տեխնիկա ցուցադրելու համար: Էֆեկտների առատություն, իսկ երբեմն էլՙ սեփական ոճ են փնտրում դրանցում: Հաճախ համակարգչային պատկերը յուղաներկով փոխանցվում է կտավի վրա, հրամցվելով իբրեւ սեփական ստեղծագործություն: Նույնպես համակարգչիՙ տվյալ պահի հնարավորությունները բառացի ծնունդ են տալիս ճարտարապետության մեջ «ժամանակակից» համարվող ֆորմաներին, թեպետ դրանք երբեմն պատկերացվող ծավալը գործիքի սահմանափակ կարողությամբ ստանալու կամ նրան վատ տիրապետելու հետեւանքն են լինում: Արվեստագետների առջեւ նորից դժվարին խնդիրներ են ծառացելՙ առանց սեփական անձը կորցնելու, տեխնիկայի հնարավորություններից առավելագույն օգուտ քաղելու առումով: Արամ Խաչատրյանի երրորդ սիմֆոնիան ֆորմալիզմի մեջ մեղադրող շատ ժամանակակիցների համար այդպես էլ անհայտ մնաց մի ուշագրավ յուրահատկություն, որն, ի թիվս այլ արժանիքների, վերագրվեց ստեղծագործությանը տարիներ հետո: Սիմֆոնիան կարծես կանխագուշակում էր էլեկտրոնային երաժշտությանՙ նոր դարաշրջանի հաստատման ուղին: Նիկոլայ Քոթանջյանի նկարները կարծես կանխազգում էին գիտատեխնիկական նոր առաջընթացի հնարավորությունները, նրանց մուտքը մշակութային ասպարեզ: Այդ գործերը մնացին որպես կատարյալ օրինակներ պրոֆեսիոնալ մեծ վարպետության, գեղագիտական բարձր ճաշակի, ամուր հողին կանգնող լուսավոր արվեստի: |