ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՍԵՂՄԱԳԻՐԸ Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ Արմեն Սարգսյան, «Չկարդացված գրքերի փոխարեն», «Անտարես», 2017թ. Գրքի վերնագիրն ասես կրկնակի մարտահրավեր լինի: Նախ հեղինակն ինքն իրեն միանգամից հանում է ծանրագույն մրցության ասպարեզ: Ըստ որում առաջին գրքով, դեռեւս «ոտի տեղ» չարած գրական կյանքում, ներողությո՜ւն, «դաշտո՜ւմ»: Ասես ամենայն հանդգնությամբ հայտարարում է. «Այն բացը, որ պիտի լրացնեի հանճարներին ընթերցելով, լցնում եմ իմ տողերով»: Կարող ենք նաեւ հասկանալ այսպես. «Գրավելով այն տեղը, որ ի վերուստ հատկացված է ինձ, եւ որ ինձնից զատ ուրիշ ոչ մեկը չի կարող գրավել»: Չգիտենք, հեղինակն արդյոք այս իմաստնե՞րն է դրել վերնագրի մեջ, բայց մենք այսպես հասկացանք եւ ողջունում ենք նրա հանդգնությունը: Մեր` ընթերցողների, խնդիրն ավելի պարզ է. երիտասարդ բանաստեղծի առաջին ժողովածուն կարդում ենք հերթի դրված կարեւորագույն գրքերից առաջ կամ նրանց հետ: Ճիշտ է, մեծ չէ, կարելի է երկու ժամում ծայրեծայր կարդալ, բայց շատ հնարավոր է` օրվա մեծ մասը պարապ բաների վրա մսխող «խստապահանջ» ընթերցողը դժգոհ մնա, որ իր թանկագի՜ն րոպեներն այս գրքի վրա կորցրեց, մինչդեռ կարող էր ինչե՜ր ըմբոշխնել... Ինչ վերաբերում է մեզ, խախտելով ընթերցվելիք գրքերի հերթականությունը, ուշադիր կարդացինք եւ հաճույքով վերընթերցեցինք այս ժողովածուն` բացահայտելով մի նոր անուն հայ բանաստեղծության անդաստանում: Առաջին իսկ էջերից հեղինակը զարմացնում է ստեղծագործական իր հասունությամբ: Թվում է կարդում ես ոչ թե երիտասարդ բանաստեղծի անդրանիկ ժողովածուն, այլ առնվազն երրորդը-չորրորդը, եւ որ մեր առջեւ որոշակի ճանապարհ անցած, իր ուրույն դիմագիծը ստեղծած մի բանաստեղծ է, որի տողերը դժվար է շփոթել ուրիշների հետ: Ասացինք, որ հաճույքով վերընթերցել ենք գիրքն ամբողջությամբ, իսկ որոշ բանաստեղծություններ` մի քանի անգամ: Ոչ միայն, որ ժողովածուին անդրադառնալու ցանկություն առաջացավ, այլեւ որ դրանք նման էին գեղեցիկ բնանկարների, որոնք օրվա տարբեր ժամերին տարբեր կերպ են ընկալվում: Եվ եթե բնանկարների պարագայում գրավչությունը ծնվում է փոփոխական լույսից, ապա այս դեպքում պատճառը սակավաբառությունն է, որն ամեն մի ընթերցման հետ խորքից մի նոր իմաստ կարող է բերել, որն առաջին ընթերցման ժամանակ վրիպել էր ուշադրությունից: Ֆրանսիացի դրամատուրգ Ժան Անույն ասում էր, որ ամենագեղեցիկ երաժշտությունը լռությունն է, երբ այլեւս ոչինչ չի հնչում: Պոեզիայում հնչյունին փոխարինում է բառը: «Մարդը մեղք է, որ բառով է խոսում միշտ», - գրում էր Սլավիկ Չիլոյանը: Նա նկատի ուներ ոչ թե չգրելն ընդհանրապես, այլեւ արարքներով, գործողությամբ «խոսելը»: Արմեն Սարգսյանն էլ սիրային (եթե կարելի է այդպես բնորոշել) բանաստեղծության մեջ եզրակացնում է. «Միակ ճիշտ ելքը մեր լռությունն է»: Եվ միաժամանակ շարունակում. «Բառերի բեռից փրկվել չի լինի»: Նշանակում է դրանք պիտի գրվեն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` հնարավորինս սղելով անհարկին: Հիշենք «Ժողովողի» խորհուրդը. «Շատ խոսքերի մեջ շատ ունայնություն կա»(Ե, 7): Շատախոսությամբ եւ բառերի գերածախսով վարակված արդի հայ բանաստեղծության մեջ, երբեմն-երբեմն, նկատվում են որոշ փորձեր` քիչ բառերով խոհա-փիլիսոփայական, ասույթանման տողեր շարադրել: Արմեն Սարգսյանի կարճառոտ բանաստեղծություններն էականորեն տարբերվում են այդ խորհրդածություններից թե՛ իրենց կառուցվածքով, թե՛ ոճաբանությամբ, թե՛ զուսպ եւ նրբին ճաշակով, թե՛ խորությամբ եւ թե անսպասելի գեղեցկությամբ: Ի դեպ, «ունայնության» մակարդակն էլ հասցված է զրոյի. Աշուն հավաքողները գարուններս սրբեցին տարան ու հիմա սառնամանիքս ձեռնոցներ չունի Գուցե ոմանք շտապեն նաեւ նմանություն փնտրել ճապոնական հայկուների հետ: Գուցե, եթե մոռանանք, որ հայկուն նախապես տրված անխախտելի մի շրջանակ է` 17 վանկ, 3 տող, որի մեջ պիտի տեղավորվի բանաստեղծությունը, մինչդեռ Արմեն Սարգսյանի դեպքում ականատեսն ենք հակառակ ընթացքի, շրջանակն ստեղծվում է վերջում` բանաստեղծությունը քամելուց, ջրազրկելուց, ավելորդ բառերից թոթափելուց հետո, եւ այդպես, մի քանի տողերի մեջ ներկայացնելով նախորդած քերթողական դրաման, որն անհնար է ետ գնալով վերականգնել: Եվ պե՞տք է արդյոք կինոժապավենի պես ետ դարձնել, երբ ավարտն է կարեւոր եւ այսքան գեղեցիկ. Քամին սանրեց տխրությունս, պատանեկությունս կորավ` մետրոյով վեր ու վար անելիս... Բանաստեղծություններ էլ կան, որոնցում առավելագույնս խտացված մի ֆաբուլա է ընթերցվում, ուր, սակայն, տիրապետողը վիպական պատումը չէ, այլ բանաստեղծական սեղմ պատկերների, անավարտ գործողությունների հերթաշարը. Աշխարհում ինչ-որ մեկի համար գիշերը գերանդին հնձած խոտի մեջ պահելու եւ եղանը ուսին տուն դառնալու ժամանակն է, պատշգամբի դուռը դրսից, մեկի համար ներսից բացելու ժամանակը... Ժողովածուն կազմված է համեմատաբար երկար եւ հնարավորինս կարճ բանաստեղծություններից, որոնք, ցավոք, թվագրված չեն, ինչը հնարավորություն կտար տեսնելու, թե հեղինակը որտեղից ինչի է հանգել: Գուցե միաժամանակ են գրվել դրանք, գուցե մեկը նախորդել է մյուսին, գիրքը մեզ այդ մասին ոչինչ չի ասում: Մեր կարծիքով սեղմագիր բանաստեղծություններն անհամեմատ ավելի զորեղ են նկարագրական-բազմաբառներից: Սա հետագա գործողությունների խորհուրդ չէ, առավելեւս` հրահանգ: Մանավանդ որ, նա դրանց կարիքը չունի: Նա արդեն քայլում է ի՛ր չտրորված շավղով, որը կարծում ենք նրան դեպի նոր հայտնագործություններ է տանելու: |