ՀԱՅ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՙ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ Ա. Բ. Հոկտեմբերի 17-18-ին Վալենսիայի (Իսպանիա) համալսարանում տեղի է ունեցել «Կապեր հունա-լատինական եւ արեւելյան գրական ավանդույթների միջեւ» վերտառությամբ միջազգային գիտաժողով: Ջենովայից ժամանած իտալացի հետազոտող Սեռենա Ֆեռանդոն գիտաժողովի առաջին օրը հանդես է եկել «Նռան ստվերի տակ. հայ հնագույն դիցաբանությունը հելլենականցման եւ միջնադարյան վերապրումի միջեւ» թեմայով զեկուցամբ: Սեռենա Ֆեռանդոն դասական լեզուների մասնագետ է, հին հունարեն եւ լատիներեն է դասավանդում Ջենովայում: Հայոց լեզվով եւ մշակույթով հետաքրքրվում է 2008 թվականից, ութ անգամ մասնակցել է Վենետիկի «Պո-Արաքս» ընկերակցության կազմակերպած հայոց լեզվի եւ մշակույթի ամառային խտացյալ դասընթացներին: Մասնակցում է գիտաժողովների, գրում հոդվածներ եւ ուսումնասիրություններ: Գրել է մի փոքր ուսումնասիրություն ֆրանսերենով հայերենի եւ ալբաներենի լեզվական զուգահեռների մասին, որ լույս է տեսել Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսում (2011, թիվ 3): Նաեւ անգլերենից իտալերեն է թարգմանել սփյուռքահայ գրող, մշակութային գործիչ Հովհաննես Փիլիկյանի «Ծովանկար իմ մոր օրվա մասին» բանաստեղծությունը, որը 2013-ին տպագրվել է Երեւանում այդ ստեղծագործության բազմալեզու հրատարակության մեջ: |