ԶԱԻԼՅԱՆԻ «ՌԻՊԼԻՆ»ՙ ՈՒԹ ՄԱՍԱՆՈՑ Հ.Ծ. (առայժմ) սերիալ Ամերիկյան հեռուստատեսային «Showtime» ծրագրի ղեկավարությունը իր համաձայնությունն է տվել հեռարձակելու Սթիվն Զաիլյանի առայժմ ութ մասանոց «Ռիպլի» դրամատիկական կինոպատումըՙ հիմնված Պատրիշա Հայսմիթի բեսթսելըր դարձած հինգ վեպերի վրա: Այս մասին տեղեկացնում է լոսանջելեսյան «Deadline» պարբերականի լրագրող Նելլի Անդրեեւան , ավելացնելով, որ գլխավոր դերում հանդես է գալու մրցանակակիր դերասան Էնդրու Սքոթը, որ ծանոթ է հանդիսատեսին «Fleabag», «Sherlock» եւ «Pride» ֆիլմերում իր դերակատարումներով: «Օսկար», «Գոլդն Գլոբ» եւ «ԲԱՖՏԱ» մրցանակների արժանացած Զաիլյանը համաշխարհային ճանաչում վաստակեց շնորհիվ «Շինդլերի ցուցակը» («Schindler՛s List») ֆիլմի: Նրա մյուս ֆիլմերից կարելի է հիշատակել «The Night of-ը», «Gangs of New York-ը» եւ «Moneyball-ը», որոնցում նա հանդես է եկել որպես սցենարիստ կամ սցենարի համահեղինակ: Նոր սերիալի սցենարիստն ու ռեժիսորը նույնպես ինքն է: Պրոդյուսերներն են, այլոց թվում, Գարեթ Բաշը, Էնդրու Սքոթը եւ Զաիլյանը: Սքոթը Լոուրենս Օլիվիեի մրցանակին արժանացած դերասան է, որ հանրահռչակ «Old Vic» թատրոնում վերջերս խաղացել է «Ծիծաղ նվիրիր», «Համլետ» եւ «Թռչներկիր» ներկայացումներում: «Ռիպլին» պատմությունն է մի տաղանդավոր խարդախի, որին 1960-ականների Նյու Յորքում հարուստ մի անձնավորություն վարձում է, որ Իտալիա մեկնի եւ համոզի իր շրջմոլիկ որդուն վերադառնալ տուն: Ընդունելով առաջարկը Թոմ Ռիպլին խրվում է զրպարտությունների, խարդախությունների բարդ ու խճճված մի պատմության մեջ, որն իրեն ի վերջո մարդասպան է դարձնում: 1999-ին Էնթոնի Մինգելլայի նկարահանած ֆիլմում Թոմի դերը կատարում է Մեթ Դեյմոնը: «Հիացած ենք, որ գերազանցապես տաղանդավոր ֆիլմարտադրիչ Զաիլյանը էպիկական սերիալի է վերածել Ռիպլիի պատմությունը, որը վստահ ենք ունենալու է նաեւ շարունակություն», նշել է այդ առթիվ «Entertainment Showtime Networks-ի» նախագահ Գարի Լիվայնը: |