ԻՆՉՊԵՍ ՏԵՍԱ «ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆ ...ՆՈՐԵ՞Ն» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՆԱԻՐ ՅԱՆ Հայ թատերագիտությանը հայտնի չէ, թե «Ատամնաբույժն ար-ելյան» կատակերգությունը 1868 թվականից ի վեր, երբ Հակոբ Պարոնյանը գրեց այն, քանի անգամ է բեմադրվել: Բայց, անկասկած, այն արեւմտահայ դրամատուրգիայի ամենամեծ ժողովրդականություն վայելող գործերից մեկն է: Թատրոն սիրող հատկապես միջին ու ավագ սերունդը գոնե մեկ անգամ որեւէ բեմում այդ պիեսը տեսած կլինի: Իսկ բոլոր սերունդներինՙ ավագ, միջին, թե երիտասարդ, խորհուրդ կտամ, եթե Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրնում դեռ չեք դիտել «Ատամնաբույժն...նորե՞ն» ներկայացումը, ապա անպայման դիտեք: Այն նման չէ ո՛չ պիեսին, ո՛չ էլ այլ թատրոններում բեմադրված ներկայացումներին: Հավանական է, որ եթե խորհուրդ ենք տալիս դիտել այս ներկայացումը, շատերդ տարակուսանքով ասեք. «Ատամնաբույժը... նորե՞ն»: Այո, նորեն: Այս անգամ ձեր իմացած «Ատամնաբույժն արեւելյանը» չէ, այլ «Ատամնաբույժը...նորե՞ն»-ը: Սկսած վերնագրիցՙ բեմադրող ռեժիսոր Ժիրայր Փափազյանը (Բաբազյան) փոփոխել է պիեսը: Ու հետաքրքրականն այն է, որ նորամուծություններ, փոփոխություններ անելովՙ պարոնյանական ասելիքից ու թեմայից նա չի հեռացել, ընդհակառակնՙ դասական պիեսն ավելի է ուժեղացրել, գործողություններն ավելի դինամիկ ու աշխույժ, ամուսնական անառողջ հարաբերությունների պատճառներն ավելի առարկայական, իսկ կերպարներն ավելի համոզիչ է դարձրել: Նորեն, բայց բոլորովին ուրիշ Հայ դրամատուրգիան բեմ հանելու քիչ գործեր ունի: Եղածները բազմիցս, տարբեր ժամանակներում են ներկայացվել: «Ես որոշեցի այս ստեղծագործության վրայից փոշին մաքրել ու ներկայացնել նորովի: Երբ հարցնում էինՙ ինչ ես բեմադրում: Պատասխանում էիՙ «Ատամնաբույժը»: Նրանք էլ խոժոռ դեմքով թեՙ նորի՞ց: Որոշեցի այդպես էլ վերնագիրը դնելՙ «Ատամնաբույժն ... նորե՞ն»: Այն դասական գործ է: Փարիզում Մոլիեր միլիոներորդ անգամ են խաղում, «Համլետ» աշխարհի տարբեր ծայրերում միլիոն անգամ են խաղացել ու էլի են խաղում: Ամեն բեմադրիչ իր ձեռագիրն ունի: Մեր դրամատուգներն ընդհանրապես կառուցվածքային իմաստով թույլ գործեր են գրել: Շատ երիտասարդ է եղել Պարոնյանը, երբ գրել է «Ատամնաբույժն արեւելյանը»: Կառուցվածքը թույլ է: Փայլուն սկիզբ ունի, բայց հետո կոտրվում է, թուլանում, բայց, իհարկե, պարոնյանական երկխոսությունները շատ լավն են»,-ասում է Ժիրայր Փափազյանը: Նա ուրիշ «Ատամնաբույժն արեւելյան» է բեմադրել: Ինչպես ստեղծվեց «Ատամնաբույժն...նորե՞ն»-ը Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը մի օր դիմել է Ժիրայր Փափազյանին. «Մեր թատրոնի խաղացանկում արեւմտահայերեն ներկայացում չունենք, մտածիր այդ ուղղությամբ, մի բան առաջարկիր: Արեւմտահայերեն սովորեցրու դերասաններին, ներկայացում խաղան»: Ժիրայր Փափազյանի մտքով էլ անմիջապես «Ատամնաբույժն արեւելյանն» է անցել. պիեսը փոփոխված տարբերակով նա 15 տարի առաջ բեմադրել է Փարիզումՙ ֆրանսերեն ու ֆրանսիացի դերասանների մասնակցությամբ: Տեսագրությունն ուղարկել է Նարինե Մալյանին: Նա էլ դիտել է ներկայացումն ու արձագանքելՙ հենց սա՛ եմ ուզում: «Նարինե, լա՞վ ես նայել, տեսե՞լ ես, թե ֆրանսուհիները բեմի վրա ինչ են անում. բաց տեսարաններ կան: Դերասաններից բացի, հանդիսատեսն ինչպե՞ս կընդունի»: Նարինե Մալյանն էլ պատասխանել էՙ խնդիր չկա, համարձակ բեմադրիր: Մալյանում Պարոնյան են խաղում. դերասանների փնտրտուք «Թափառնիկոսի դերասանին չէինք գտնում, որովհետեւ Մալյան թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը սարսափելի զբաղված էր: Ի դեպ, այս խնդիրը շատ դերասաններ ունեն. հազար գործ են միանգամից անում, որ մի քիչ փող աշխատեն: Սամվելն ազնվորեն հրաժարվեց: Մեկ ուրիշ Թափառնիկոս գտանք, բայց նա էլ էր զբաղված: Հուսահատվեցինք. գլխավոր դերակատար Թափառնիկոս չունեինք: Մի սիրիահայ դերասանի գտանք, նա էլ խիստ զբաղված դուրս եկավ: Նարինեն որոշեց մի անգամ էլ խոսել Սամվել Թոփալյանի հետՙ հարմարվելով նրա մշտազբաղ առօրյային: Ի վերջո, նա համաձայնեց: Լավ եղավ, որ համաձայնեց, որովհետեւ Սամը Թափառնիկոս շատ լավ է մարմնավորում: Նա բնական, բնածին շարմ ունի ու համոզում է քեզ, որ աջուձախ սիրաբանություններ, կանանց խելքահան անել կարող է»,- ներկայացման ստեղծման մասին պատմեց Ժիրայր Փափազյանը: Դերասանուհի Աննա Զաքարյանը մարմնավորում է ծեր ամուսնուն Թափառնիկոսի հետ դավաճանող Սոֆիին: Բայց Ժիրայր Փափազյանն այդ դերը նրան միանգամից չի տվել: Նարինե Մալյանն ու բեմադրող ռեժիսորը միառժամանակ չեն կողմնորոշվելՙ դեռատի աղջնակի արտաքինով Աննային ինչ դեր տալ, թեեւ ներքուստ զգացել են, որ նա բացվելու ու բացահատվելու տեղ ունի: Փորձերի ժամանակ արագ կողմնորոշվող, ճկուն, գրավիչ դերասանուհու տպավարություն է թողել Աննան: Թափառնիկոսի դստերՙ Երանյակի դերն արդեն զբաղված էր, Մարթայի ու Անուշի համար էլ Աննան չափազանց երիտասարդ էր: Մնում էր Սոֆին: «Աննա, գայթակղիչ զգեստ, բարձր կրունկներ հագիր, մազերդ էլ հավաքիր, արտահայտիչ դիմահարդարում արա ու բեմ բարձրացիր»,-հրահանգել է բեմադրիչ Փափազյանը: Աննան առաջադրանքը կատարածՙ բեմ է ելել, ու բոլոր կասկածները փարատվել ենՙ ահա եւ Սոֆին: Պարոնյանական պիեսի փափազյանական փոփոխությունները Պարոնյանը «Ատամնաբույժն արեւելյան» պիեսն այլ կերպ է ավարտել, որպիսին չենք տեսնում Ժիրայր Փափազյանի բեմադրության մեջ: Պարոնյանի հերոսներն ուղղակի հաշտվում ենՙ հաշվի առնելով հասարակության կարծիքն ու գնահատականը: Իսկ Ժիրայր Փափազյանն այլ հանգուցալուծում է տվել. Թափառնիկոսի ու Թովմասի ընտանիքների սիրային պատմություններն ավարտվում են Երանյակի ու Թովմասի եղբորորդու ամուսնությամբ. նրանք խնամի են դառնում: Սիրային խառնաշփոթի համար էլ է բեմադրող ռեժիսորը լուծում գտելՙ դիմակահանդես. կերպարանափոխված հերոսները մեկը մյուսի հետ են շփոթում, սիրային թնջուկը խորանում, այնուհետեւ բացահայտվում է: «Ատամնաբույժն ...նորե՞ն» կատակերգության մեջ գեղարվեստական բարձր արժեք փնտրել պետք չէ. բեմադրող ռեժիսորն այդ խնդիրը չի դրել իր առջեւ, ոչ էլ փորձում է հանդիսատեսին կատարսիսի մղել կամ կյանքի փիլիսոփայության շուրջը խորհել տալ: Ներկայացումը զվարճալի է, հումոր, բառախաղ, կայծակնային արագությամբ կատարվող գործողություններ, անսպասելի լուծումներ է պարունակում, իսկ դերասանական խաղն անզուգական էՙ թեթեւ, խենթ, ճկուն ու գունեղ: Ֆրանսիական երանգների հայկական արտահայտությունը Ժիրայր Փափազյանը որքան հեռացել է պարոնյանական պիեսից, այնքան մոտեցել է Պարոնյանին: Միաժամանակ ակնհայտ են ֆրանսիական թատրոնին, հատկապես կոմեդիային բնորոշ երանգներն ու ոճը, որ Ժիրայր Փափազյանի բեմարվեստի առանձնահատկությունն ու առավելությունն են: Առհասարակ, ժիրայր Փափազյանի բոլոր բեմադրություններում է ֆրանսիական ձեռագիրն ակնառու, ինչն էլ հենց թարմություն ու նոր խոսք է բերում հայ թատրոնին: Դրանից է, որ նրա ներկայացումներին անշլագ է, ճաշակավոր հանրությունը թացը չորից, որակյալն անորակից տարբերում է, ինչի մասին մերօրյա բեմադրող ռեժիսորները հաճախ են մոռանում ... ցավոք: Ժիրայր Փափազյանի ձեռքի տակ մեր դերասանները կերպարանափոխվում են, մինչ այդ խաղացած ու մարմնավորած իրենց դերերից ձեւով ու բովանդակությամբ բոլորովին այլ արտիստներ են դառնում: Իհարկե, մեծ նշանակություն ունի, թե դերասանական ատաղձը, որ հայտնվում է Ժիրայր Փափազյանի ձեռքերում, տաղանդի ինչ աստիճան, խորություն, շերտեր ու որակ ունի: Դերասանները Բեմում ամեն հերոս իր գույնն ունի: Սա այն բեմադրությունն է, երբ հանդիսատեսը նախապատվությունը չի տալիս այս կամ այն կերպարին կամ որոշ երկխոսություններ կամ գործողություններ մի կերպ հանդուրժելովՙ չի սպասում իր սիրելի հերոսի մուտքին: Բոլոր կերպարներն են վառ, ինքնատիպ ու աչքի ընկնող: Սպասավոր Նիկոյին մարմանվորում է Վահագն Գասպարյանը : Դերասանն այս կերպարում լավագույնս է դրսեւորվել: Անուշի դերում Ալլա Սահակյանն էՙ արտահայտչականության իրեն հատուկ շռայլությամբ ու խենթ երանգներով: Աստղիկ Աբաջյանն ամուսնուցՙ Թափառնիկոսից մերժված կնոջՙ Մարթայի դերում է: Նրա կերպարանափոխությունները եւս հետաքրքրական շերտեր ունեն: Երիտասարդ ու սիրառատ Սոֆիի խաբված ամուսնուՙ Թովմասի դերում Գեորգի Հովակիմյանն է: Գտնված Թովմաս, պարոնյանական գտնված հերոս, որի խաղի բնականությունն ու կենդանությունը հանդիսատեսին ստիպում են մտածել, որ նա չի խաղում: Առհասարակ, բոլոր կերպարների խաղը իրականության ու թատերաբեմի սահմանները ջնջել են: Թափառնիկոս Սամվել Թոփալյանը սիրային խաչմերուկներում ստիպված է անգամ կնոջ կերպարանք առնել: Կատակերգական կերպարի կանացի երանգները դերասանը հմտորեն է արտահայտում: Ներկայացման բաց տեսարանները հայ հանդիսատեսը ադեկվատ ու բնական ընդունեց: Սովորաբար նման տեսարանները ցցուն ու գռեհիկ են այն դեպքերում, երբ ռեժիսորն իր ասելիքի սնամեջ լինելը փորձում է բաց տեսարաններով, կանանց մերկությամբ լրացնել: Բայց այս ներկայացման դեպքում այդ տեսարաններն ընդհանուր բեմադրական ընթացքի բնական բաղկացուցիչն են դառնում: Իհարկե, բնական լինելով հանդերձ, ներկայացմանը երեխաների մուտքը չի խրախուսվում, այն մեծահասակների համար է: Արեւմտահայերենըՙ փորձություն, որ խաղին մի նոր խաղ է ավելացնում Արեւմտահայերեն խաղալովՙ դերասաններն իրենք իրենց փորձելու ստուգատես են անց կացրել: «Եղեր» բառի հազարումի գործածություն ու բացատրություն կա արեւմտահայերենում, որոնք դերասանները պետք է հասկանան, ընկալեն ու ճիշտ արտահայտեն: «Փրցնել» բառը գիտե՞ք ինչ է նշանակում: Պոկել: Է՜, ասեք պոկել էլի: Ո՛չ, հենց փրցնել: «Լեզուդ պիտի փրցնեմ»: Պարոնյանը հենց փրցնել բառն է օգտագործել: Կամ «դդում գլուխ» արտահայտությունը գիտե՞ք ինչպես է արտասանվում արեւմտահայերենՙ «թթում քլուխ»: Այս բառակապակցությունը դերասանները դիտավորյալ շեշտում էինՙ մեկ դդում, մեկ թթում ասելով, այդպիսով ցույց տալով, թե որքան են տանջվել արեւմատահայ քերականությունը, հնչյունաբանությունը, ուղղախոսությունը սերտելով: Եվ իսկապես, նրանք լա՜վ տանջվել են: 2,5 ամիս միայն տեքստի վրա են աշխատել. Ժիրայր Փափազյանը յուրաքանչյուրի հետ տառ առ տառ է պարապել, որպեսզի արեւմտահայերեն արտասանությունը, քերականությունը, հնչերանգը ճիշտ լինի: Ստացվել է: Արտիստները բեմական խաղին ավելացրել են լեզվականՙ արեւմտահայարենով խաղը: Իրենց սերտած արեւմտահայերենի վրա դերասանները կատակներ են անում բեմում, որ թվում էՙ իմպրովիզացիա է, իսկ իրականում լավ փորձված կտորներ են, այնքան լավ, որ հանդիսատեսը վստահ է, թե իմպրովիզացիա է: Ինչպես Շառլ Ազնավուրը կասերՙ ես սիրում եմ իմպորվիզացիա, բայց նախապես լավ փորձված իմպրովիզացիա: Փափազյանի ճերմակ տաբատըՙ Թափառնիկոսի հագին Եվ վերջում չեմ կարող չնշել, թե որքան հմտորեն ու ճարպկորեն էր թաքցված Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում «Ատամնաբույժն... նորե՞ն» ներկայացման պստլիկ բյուջեն: Մալյանցիները երբեք չեն բողոքում, չեն դժգոհում, սուսուփուս իրենց գործն են անում. թատերասեր հանրությունը սիրում է Մալյան թատրոնը, որը կարողանում է քիչ բյուջեով ու փոքր դահլիճում արժեքավոր ներկայացումներ բեմադրել: Ժիրայր Փափազյանն էլ էր ձգտել մինիմալիզմիՙ հաշվի առնելով սուղ միջոցները: Իհարկե, պրոֆեսիոնալիզմը նրա զենքն է նաեւ այդ հարցում: Փափազյանն ընկերական կապերն է օգտագործել. դերասանների հագուստները նրան նվիրել են, իսկ Թափառնիկոսի ճերմակ տաբատն իրենն է: Ամեն անգամ այն Սամվել Թոփալյան-Թափառնիկոսի հագին տեսնելովՙ Ժիրայր Փափազյանը ձեռքի ափերով երեսը ծածկում է ու գոչումՙ Տեր Աստվա՜ծ, ես այսքան նիհա՞ր եղած եմ: |