ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՓՈՔՐ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԱԼՅԱ ՋԻՆ ՅԱՔԼԻ Մի փոքր հրատարկչություն Ստամբուլում թուրք ընթերցողին է ներկայացնում հայ գրողներիՙ միաժամանակ պահպանելով արեւմտահայերենը, Ստամբուլը դարձնելով նահանջող լեզուներով գրվող գրքերի տպագրության աներեւակայելի մի կենտրոն: Այժմ «Արաս» հրատարակչությունը մեկնարկել է մանկական մասնաճյուղ եւ բացել է նոր խմբագրատունՙ կառուցված ընթերցողների նվիրատվությամբ. այդ տարածքն ընթերցողների միջեւ ավելի խորը կապերի ստեղծման հույս է տալիս: «Զապել Եսայան սրահը», անվանված ի պատիվ օսմանյան ժամանակաշրջանի կին գրողի, հյուրընկալում է դասախոսություններ, հեղինակային ընթերցումներ եւ գիտաժողովներ: Այս ամսվա ծրագիրը ներառում է Ստամբուլում երիտասարդ ու հայ լինելու վերաբերյալ քննարկում եւ մի սուլթանի(*)ՙ Շերլոկ Հոլմսի դետեկտիվով հափշտակվածության մասին: Դա համարձակ նախաձեռնություն է անկախ մամուլի համար մի ժամանակաշրջանում, երբ խոսքը խստորեն վերահսկվում է Թուրքիայում եւ որի փոքրամասնությունների վերաբերյալ սահմանափակումների ու Առաջին աշխարհամարտի ժամանակ 1,5 միլիոն հայերի ցեղասպանության քննարկումը մնում է արգելքի տակ: Նույնիսկ մշակութային գործունեությունը ռիսկային է.հոկտեմբերին իշխանություններն առանց որեւէ պատճառի արգելեցին Հայոց պատմության վերաբերյալ ակադեմիական գիտաժողովը: «Մենք ուզում ենք կամուրջներ կառուցել երկխոսության միջոցով, եւ մենք դա անում ենք բացեիբացՙ գիտությամբ, գրականությամբ եւ մշակույթով: Սա կարո՞ղ է վատ հետեւանքներ ունենալ: Այս երկրում ամեն ինչ հնարավոր է, բայց մենք այլ ընտրություն չունենք, քան փորձելը»,- ասում է գլխավոր խմբագիր Ռոպեր Քոփթաշը :- Մենք ջրիմուռի պես ենք, որը կառչում է քարին.մենք վերջին շարքում ենք ու շարունակելու ենք նվազել, բայց սա մեր հետքը թողնելու միջոցն է»: «Արասը» անցյալ տարի 20 գիրք է հրատարակել, ընդհանուրՙ մոտ 250-ը, երբ 1993-ին հիմնվել է մի խումբ իդեալիստների կողմից, որոնց մեջ էին բեսթսելերների հեղինակ Մկրտիչ Մարկոսյանը եւ Հրանտ Դինքըՙ 2007-ին սպանված մի լրագրող: Ստամբուլի կենտրոնում գտնվող 19-րդ դարի Հիդիվյալ պալատի իրենց գրասենյակից խմբագիրները խորհում են վաղուց անհետացած անցյալ դարի սկզբի պարբերականներից քրտնաջանորեն թարգմանված վեպերի, հուշերի, հետազոտական հատորների եւ մատենաշարերի շուրջ: Երբեմնի հայ տպագրության մայրաքաղաք Ստամբուլի առաջին հայկական տպագրատունը բացվել է 1567-ին, եւ մինչեւ 19-րդ դարը թերթերը եւ գրքերի տպագրությունը ծաղկել է այնտեղ ու Անատոլիայի քաղաքներով մեկ: 1851-ին հայատառ թուրքերեն գրված «Ագապիի պատմությունը» (**) շատերին հայտնի է որպես առաջին օսմանյան վեպ: Այսօր «Արասը» Թուրքիայի միակ հրատարակչատունն է, որն առաջարկում է արեւմտահայերենով տպված գրքեր, այն լեզվով, որը խոսում էին Օսմանյան կայսրությունում ապրող հայերի մեծամասնությունը եւ որը տարբերվում է Հայաստանի Հանրապետությունում գործածվող արեւելահայերենից: Արեւմտահայերենիՙ միայն 250 հազար լեզվակիրներ կան հիմնականում Թուրքիայում, Լիբանանում, Սիրիայում, Եվրոպայում եւ Ամերիկայումՙ ըստ Միացյալ Ազգերի մշակութային գրասենյակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, որն արեւմտահայերենը դասել է «հստակորեն վտանգված» լեզուների շարքը: «Արասի» գրքացանկի մոտ մեկ երրորդն արեւմտահայերեն է: Դրա հիմնական առաքելությունը ավելի հրատապ դարձավ հարեւան Սիրիայում պատերազմը սկսվելուն պես, երբ հայերի մոտ 70%-ը փախավ իննամյա կոնֆլիկտից: «Հալեպն աջակցում էր հայ գրականությանը, բայց պատերազմի հետ մեկտեղ այդ ավանդույթները քանդվեցինՙ լքելով Բեյրութն ու Ստամբուլը,»,- ասում է «Արասի» համահիմնադիր Էդուարդ Թովմասյանը : Հայալեզու գրքերի տպաքանակը մոտ 1000 օրինակ է, եւ «Արասին» շահույթ չի բերում: «Այս գրքերը տպելը ֆինանսապես դժվար է, բայց արեւմտահայերենը կենդանի պահելն է մեր գոյության պատճառը»,- ասում է խմբագիր Լորա Սարին : Գրքերի փոքր մասն է արտահանվում արտասահման, «Արասի» ընթերցողների մեծ մասը Թուրքիայում է, որտեղ 50,000 կամ մոտ այդքան հայ կազմում են 83 միլիոն բնակչությամբ երկրի ամենամեծ քրիստոնյա համայնքը: Սարին «Հիպպոյի» տնօրենն է, այն բաժանմունքի, որ Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամի դրամաշնորհով տպագրում է թուրքերեն եւ հայերեն գրքեր: «Հայ երեխաները բացահայտում են գրքերը ոչ թե հայերենով, այլ թուրքերենով: Առանց գրքերիՙ մայրենի լեզվի կորուստը դառնում է անխուսափելի: Արդեն իսկ դժվար է ասել, թե հայերենը մնում է Թուրքիայի հայերի առաջին լեզուն, որովհետեւ քիչ մարդ կա, որ տանը հայերեն մի քանի բառից ավելի է խոսում»: «Հիպպոն»,- ասում է նա,- նպատակ ունի հայերի եւ թուրքերի համար ընդհանուր գրականություն ստեղծել»: Ներգրավվածության ոգին տարածվել է նաեւ համշեներենիՙ արեւմտահայերենի մի բարբառի վրա, որ խոսում են Թուրքիայի Սեւծովյան լեռներում գտնվող Համշեն քաղաքի մոտ բնակվող 1000-ից պակաս մուսուլմանները (***): 2014-ին «Արասը» Թուրքիայում առաջին անգամ հին լեզվով հրատարակեց կարճ պատմվածքների մի ժողովածու, որին երկու տարի անց հաջորդեց Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» թարգմանությունը Համշենի բարբառով: Սակայն «Արասի» ընթերցողների մեծ մասը թուրքեր են, ե՛ւ Զավեն Պիպեռյանը ե՛ւ Հակոբ Մնձուրին Հանրապետության վաղ շրջանի վերածնված գրողներից են: «Մենք հավատում ենք, որ բոլորը կուզեն կարդալ իրենց երկրի մեծ գրողներին, եւ մինչեւ «Արաս» ո՛չ հայերը եւ ո՛չ էլ թուրքերը չէին կարող գտնել այս երկերը»,- ասում է Սարին: Զապել Եսայանը Ստամբուլում ծնված մեծագույն գրող է, որի մասին շատ թուրքեր չեն լսել: Նա Օսմանյան կայսրության առաջին կինն էր, որը սովորեց համալսարանում ու նաեւ միակ կինն էր, որի անունը կար 1915-ի ապրիլի 24-ին հավաքագրվող մտավորականների ցուցակումՙ իրադարձություն, որից ցեղասպանությունը բռնկվեց: Եսայանը փախավ բանտարկությունից եւ ապաստանեց Խորհրդային Միությունում, որտեղ պիտի զոհվեր 1943-ինՙ Մեծ բռնաճնշումների ժամանակ: Հակապատերազմական ակտիվիստ Եսայանն իր վեպերում, պատմվածքներում եւ թղթակցություններում շոշափում էր անհավասարության խնդիրները, ներառյալ 1918-ին գրված «Վերջին բաժակը» պատմվածքում, որն այժմ առաջին անգամ հասանելի է թուրքերենով: «Արասի» միակ անգլերեն ձեռնարկը Մարկոսյանի «Գյավուր թաղն» է, որ հրատարակվել է 2017-ին, «Կոմիտաս» ինստիտուտի կողմից: Մարկոսյանն 1984-ին առաջին անգամ գրել է քրդական Դիարբեքիր քաղաքում մեծացող վերջին հայերից մեկի դառնաքաղցր խորհրդածությունները, որից հետո ստեղծել է դրա թուրքերեն տարբերակը: Այն վաճառվեց ավելի քան 40,000 օրինակով, իսկ երկրպագուները 1999-ին թարգմանեցին քրդերեն: Մարկոսյանն ասում է, որ գրքերից ստացված եկամուտն ինքը ներդրել է «Արասում», որպեսզի շարունակեն հրատարակել արեւմտահայերեն գրքեր: Հրատարակչությունը 2018-ին իր ավագ հեղինակի 80-ամյակի առթիվ լույս ընծայեց նրա երկերի ամբողջական ժողովածունՙ «Ֆլանամե» վերնագրով. այս բառը խաղարկվում է քրդերեն «անհավատարիմ» բառի հետ: Միջնադարյան քաղաքամասը, որտեղ «Գյավուր թաղն» էր, մեծ մասամբ անհետացել է, դրա նեղ փողոցները 2015-2016-ին դարձել էին անվտանգության ուժերի եւ քուրդ գրոհայինների կատաղի բախումների կենտրոն: Իշխանությունները հիմնահատակ ավերեցին թաղի տարածքները, որպեսզի մարտիկներին դուրս հանեն թաքստոցներից, իսկ հայ որմնադիրների կառուցած քարե տների շինաղբը լցրեցին Տիգրիս գետը, որը ոլորվում է քաղաքի ներքեւի մասում: «Հին քաղաքի պատերից ներս գտնվող տարածքը, որը մի ժամանակ կոչում էինք գյավուրների թաղ, հավասարվել էր հողին: Այն փողոցում, որն իմ անունով էր կոչվում, ոչ մի տուն կանգուն չի մնացել»,- ասում է Մարկոսյանը:- Գիրքն այլ արժեք ձեռք բերեց, երբ տարածքները, որոնք այնտեղ նկարագրված էին, հանկարծ վերացան»: 2018-ի Ստամբուլի գրքի տոնավաճառում տասնյակ երկրպագուներ «Գյավուր թաղի» թուրքերեն եւ քրդերեն հատորները ձեռքներին հերթ էին կանգնել Մարկոսյանի ինքնագրի համար: Դիարբեքիրի ընթերցողների համար Մարկոսյանը ավելի քան սիրելի գրող է: Նա քաղաքի եւ համարյա ամբողջությամբ կորսված անցյալի հետ կենդանի կապ է: Անգլերենից թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ *) Խոսքը անշուշտ վերաբերում է սուլթան Աբդուլ Համիդին, որիՙ Շերլոկ Հոլմսից կախվածության հիվանդությունը լավագույնս ներկայացրել է մեր մեծ երգիծաբանըՙ Երվանդ Օտյանն իր «Աբդուլ Համիդ եւ Շերլոգ Հոլմս» գործում: Ծ.Խ.: **) Խոսքը վերաբերում է Վարդան փաշայի «Ագապի» վեպին, որը հայերիս համար «վերագտնվել» է բանաեր Գառնիկ Ստեփանյանի եւ լիբանանահայ բանասեր եւ հայ գրատպության ու մամուլի պատմության հայտնի մասնագետ Ժիրայր Դանիելյանի կողմից: Ծ.Խ.: ***) Կարծում ենք, այս թիվը խիստ նվազեցված է: Բացի այդ, ոչ բոլոր համշենահայերն են իսլամացած: Ի դեպ, համշենագետ Սերգեյ Վարդանյանի կարծիքով` իսլամացած համշենահայերը ավելի մաքուր են պահել իրենց բարբառը, քան քրիստոնյա համշենցիները: Ծ.Խ.: |