ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒՀՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԴԱՆԻԱՅՈՒՄ Ա. Բ. Դանիայի Սիլքեբորգ քաղաքի մշակույթի կենտրոնը հունվարի 18-ից մայիսի 24-ը հյուրընկալում է երեւանցի լուսանկարչուհի Տաթեւ Մնացականյանի դիմանկարների ցուցահանդեսը: Ներկայացված 66 աշխատանքները մաս են կազմում լուսանկարչուհուՙ հինգ տարի առաջ Դանիայի դեսպանատան աջակցությամբ իրականացված «Մարդկային արվեստ, մշակութային երկխոսություն» նախագծի, որն ընդգրկում է հայաստանաբնակ եւ 20-ից ավելի երկրներում ապրող արվեստի եւ գիտության հայ եւ այլազգի երախտավորների մոտ 350 լուսանկար: «Սա յուրատեսակ հարգանքի տուրք է արվեստի եւ գիտության մեծերին, որոնք ամբողջ կյանքը նվիրել են իրենց սիրելի գործինՙ թողնելով անգնահատելի ժառանգություն: Նրանցից ամենատարեցը 102 տարեկան է. ափսոս, որ նրանցից ոմանք այլեւս մեզ հետ չեն,- ասում է Տաթեւ Մնացականյանը:- Այս պատվաբեր եւ մարդասիրական նախագիծը տարիների մեծածավալ աշխատանք էր, որի ստեղծման ընթացքում կրել եմ բազում դժվարություններՙ ներդնելով իմ բոլոր միջոցները: Մասնագիտությամբ լինելով նկարիչ-դիզայներ եւ լուսանկարիչ` Հայաստանում եւ արտերկրում մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների, ցուցահանդեսների, ExLibris-ների, բիենալեների, տրիենալեների, միջազգային համաժողովների, օլիմպիական խաղերին զուգահեռ կազմակերպված արվեստի ցուցահանդեսների: Անգլիայի թագուհու գահակալման 60-ամյակին եւ 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը` կազմակերպված Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան կողմից, պատրաստել եմ Անգլիայի թագուհու ամենահայտնի թագը: Տուրինի օլիմպիադային կրկնակի մրցանակի եմ արժանացել: Միայն 2017 թ. ունեցել եմ ութ անհատական ցուցահանդես, որից չորսը նվիրված էր «Մարդկային արվեստ, մշակութային երկխոսություն» լուսանկարչական նախագծին, իսկ մյուսը Սիրիայի հայ փախստականներին նվիրված առաջին ամենամեծ ֆոտոնախագիծն էր: Այն ծրագրի եզրափակիչ փուլով մեծամասշտաբ ցուցադրում ունեցավ մեր Ազգային պատկերասրահում: 2018-ին Նյու Յորքի «Big Apple» լուսանկարչական միջազգային ցուցահանդեսում իմՙ Սեն Արեւշատյանի լուսանկարն ընտրվել է լավագույնըՙ ցուցադրության համար: Միայն 2018-ին այդ լուսանկարը ցուցադրվել է 12 երկրում, իսկ սույն նախագծի հերոսների դիմանկարները ցուցադրվել են 17 երկրում»: Ավելացնենք, որ Դանիայում Տաթեւ Մնացականյանի ցուցահանդեսն արժանացել է դրական արձագանքների: «Սա բարձրակարգ դիմանկարային արվեստ է»,- գրել է «Միդթյիլլանդս ավիս» պարբերականը: Լուսանկարըՙ Էրիկ Վինտեր Անդերսենի |