ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ Է Թարգմ.ՙ Հ. Ծ. Ստորեւ թարգմանաբար (քաղվածաբար) ներկայացվող հոդվածը Դերբիից (Միացյալ Թագավորություն) անկախ լուսանկարիչ եւ գրող Ռասել Պոլարի վերջերս Արցախ կատարած այցելության արդյունքն է: Որեւէ երկրի երիտասարդությունը նրա կենսատու աղբյուրն է, սնուցող արյունը: Առավել եւս` Արցախի համար: Հիշում եմ, տարիներ առաջ, երբ այցելեցի Շուշի... տխրությամբ էի շրջում փողոցներովՙ լուսանկարչական ապարատը ուսիցս կախված, եւ դիտում հին համալսարանից մնացած կիսաքանդ կարկասը: Պատկերացնում էի, թե ինչ աշխույժ պետք է եղած լինեին դասասենյակներն ու միջանցքները ուսանողական եռուզեռով: Ի հակադրություն դրան, այս վերջին այցելության ժամանակ մուտք գործեցի Ստեփանակերտի պետական համալսարանը, մի տպավորիչ հաստատություն, հետաքրքրական պատմությամբ, եւ ականատես եղա, թե ինչ ներդրումներ էր կատարում կառավարությունը կրթության ոլորտում... Զարմացա, երբ համալսարանի ռեկտոր Ստեփան Դադյանի հետ հանդիպումից պարզեցի, որ հակառակ Արցախի դեռեւս չճանաչված լինելու հանգամանքին, համալսարանի որակավորումները ճանաչված էին միջազգայնորենՙ Բոլոնիայի պայմանագրի դրույթներով եւ ուսանողները կարող էին այլ կրթական հաստատությունների հետ համագործակցել: (Սա նման է միջազգային հանրության կողմից Արցախը որպես անկախ ինքնություն ճանաչելու փոքրիկ մի քայլի): Ռեկտորի եւ այլ պաշտոնատար անձանց (Արզիկ Մխիթարյանի, Ռուդոլֆ Իսրայելյանի, Գագիկ Բաղունցի եւ Վալերի Ավանեսյանի) հետ հանդիպումից պարզեցի նաեւ, թե ինչպիսի կապ գոյություն ունի 1988-ին բուն անկախության գործընթացի եւ ազատագրական պայքարի մեջ ներգրավված անձերի եւ Արցախի երիտասարդության կրթության եւ զարգացման միջեւ: Այդ կապը մաս է կազմում ազգային ինքնությունը պահպանելու եւ հաջորդ սերնդին փոխանցելու գաղափարախոսությանը, որ նրանց ոտքի էր հանել 25 տարի առաջ: Միացյալ Թագավորությունում երիտասարդների խնդիրները թողնված են ոչ կառավարական եւ բարեգործական կազմակերպությունների վրա... Ինձ համար հետաքրքրական էր իմանալ, որ Արցախում գործում է մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, եւ այդ երկուսի կապակցված լինելը ցույց է տալիս, թե ինչպես է կառավարությունը պատշաճ ձեւով հետեւում երիտասարդների զարգացմանը: Նախարարության նպատակներից մեկն է «ապահովել նպաստավոր պայմաններ եւ հնարավորություններ աճող սերնդի ֆիզիկական, մտավոր, հոգեւոր եւ պրոֆեսիոնալ զարգացման համար»: Սա եզակի եւ կարեւոր նպատակ է Արցախի համար: Սուսաննա Պետրոսյանի վերջերս հիմնած «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնը» նույնպես հնարավորություն է ընձեռում, որ երիտասարդները ավելի լայն նպատակներ հետապնդենՙ կառուցեն քաղաքացիական հասարակություն, կամուրջ կապեն աշխարհի հետ, խաղաղությունը պահպանեն եւ պրոֆեսիոնալ մակարդակ ապահովեն: Կենտրոնի վերջին շրջանի միջոցառումներից կարելի է առանձնացնել ֆրանսիացի ուսանողների այցը Արցախ, տեղեկատվական տեխնոլոգիաների վերաորակավորման դասընթացների ներդրումը, ուխտագնացությունը դեպի Սպիտակավոր եւ մայիսին բարոնուհի Քոքսի դիմավորումը: Վստահ եմ, այդ կենտրոնը հետզհետե ամրապնդվելու է, գործունեությունը ծավալվելու է ինչպես տեղական, այնպես էլ, համացանցի ընձեռած հնարավորությունների շնորհիվ, միջազգային ոլորտներում եւ դրանով իսկ կենտրոնի ձայնը ավելի լսելի է դառնալու: Երիտասարդության խնդիրներով զբաղվողներին միավորել էր Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ կազմակերպված քայլարշավը, որին մասնակցեցին ոչ միայն վերոնշյալ կենտրոնի եւ Արցախի համալսարանի երիտասարդները, այլեւ Վրաստանից եւ Անգլիայից ժամանած հյուրեր: Ամբողջ միջոցառումը վառ ապացույց էր, որ երիտասարդությունը մասնակցում է անկախության գործընթացի եւ խորհրդանշական կապ է հաստատում այն երիտասարդների հետ, որոնք մարտնչեցին հանուն ազատագրման: Այդ առումով քայլարշավը, անցյալի հերոսական գործողությունների հիշատակումից բացի, նաեւ կոչ էր հանուն ապագայի, քանի որ այդ երիտասարդները, որոնք դեռ ծնված անգամ չէին, երբ պատերազմն սկսվեց, իրենց հայրերի պայքարի ժառանգորդներն են եւ վերջին հաշվով նաեւ պաշտպանները Արցախի անորոշ ճակատագրի: Այստեղ է երիտասարդության կարեւորությունը Արցախի համար: |