RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-01-23 00:57:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 3817, Տպվել է` 122, Ուղարկվել է էլ.փոստով` 110

ԶԱՐԱՔՈԼՈՒ. «ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ԳԻՏԵԼԻՔ ՉՈՒՆԻ», ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԵՐԿԵՐԵՍԱՆԻ Է

Վ.ՊՈՂՈՍՅԱՆ

Թուրքական հասարակությունը որեւէ գիտելիք չունի ղարաբաղյան խնդրի մասին, դրա մասին քննարկումներ շատ քիչ են պատահում Թուրքիայի երկերեսանի քաղաքականության պատճառով: Այսպիսին է թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան-ակտիվիստ Ռագըփ Զարաքոլուի մոտեցումը «Թուրքական տեսակետը ղարաբաղյան հակամարտության շուրջը» հարցի առնչությամբ, որ երեկ քննարկվեց «Սիվիլիթասի» կազմակերպմամբ: Որպես բանախոս քննարկմանը մասնակցում էր նաեւ լրագրող, «Ղարաբաղյան օրագիր. կանաչ եւ սեւ» գրքի հեղինակ Թաթուլ Հակոբյանը : Ռագըփ Զարաքոլուն նախկինում բազմիցս անդրադարձել է «հայկական հարցին», իսկ այժմ պատրաստակամություն է հայտնել Թուրքիայում հրատարակելու Թաթուլ Հակոբյանի գրքի թուրքերեն թարգմանությունը:

Զարաքոլուն բերեց Կիպրոսի օրինակը, որի հարցում իբր անվտանգություն երաշխավորող Թուրքիան ինչ-որ պահի ռազմական ներխուժում իրականացրեց Կիպրոս` «պաշտպանելու կործանվող թուրքական փոքրամասնությանը», որի ինքնորոշման «իրավունքն» էլ հիմա Թուրքիան փորձում է պաշտպանել: Մինչդեռ Ղարաբաղի հարցում Թուրքիան չի խոսում ինքնորոշման իրավունքից, այլ սատարում է Ադրբեջանի տեսակետը: Ավելին, ըստ Զարաքոլուի, սխալ այս քաղաքականությունը շարունակվում է նաեւ հայ-թուրքական ձեւաչափում, երբ ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելը պատճառ է բերվում հայ-թուրքական հաշտեցման համար:

Թաթուլ Հակոբյանի դիտարկմամբՙ Ղարաբաղի հարցը թուրքական տեսանկյունից հայկական պահանջատիրության ինչ-որ փուլ է: Ըստ այդ նույն տրամաբանության, «հայերը պահանջում են Ղարաբաղը, վաղը կարող են պահանջել Նախիջեւանը, որի նկատմամբ Թուրքիան ավելի զգայուն է, վաղն էլ կպահանջեն Կարսը... Ղարաբաղի հարցը Թուրքիայի համար պատրվակ է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու համար»:

Որպես լրագրող Հակոբյանի շփումները իր թուրք գործընկերների հետ ցույց են տվել, որ Հայաստանի եւ Ղարաբաղի մասին նրանց պատկերացումները մակերեսային են, շատ դեպքերում չգիտեն անգամ, թե որտեղ է Ղարաբաղը: «Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ իրականում Հայաստանի հետ կապված բոլոր հարցերը տասներորդական տեղում են», ասաց լրագրողը, հիշեցնելով, որ վերջին տարվա ընթացքում ընդամենը երկու անգամ է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հատուկ հաղորդագրությամբ անդրադարձել Հայաստանին, որից մեկ անգամ շատ կոշտ բառապաշարով քննադատել է Ստեփանակերտում օդանավակայանի բացումը եւ նշել, որ այն «խարխլում» է բանակցային գործընթացը:

Թուրք իրավապաշտպանն էլ գտնում է, որ Ղարաբաղյան հարցը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համատեքստում զուտ պատճառաբանություն է, եւ հայ-թուրքական արձանագրությունների հարցում համաձայնության չգալու մեղավորը Թուրքիան է: «Այսօր Թուրքիայում աշխատում է մի մեծ ադրբեջանական լոբբի, սերտանում են ադրբեջանական եւ թուրքական բիզնեսի կապերը», վստահեցրեց Զարաքոլուն, միեւնույն ժամանակ շեշտելով, որ Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշումը նպաստում է ադրբեջանցիների սադրիչ գործելակերպին ու վտանգում անվտանգությունը մեր տարածաշրջանում:

«Թուրքիայում միակ հույսը քաղաքացիական հասարակությունն է, որ կարող է փոխել իրավիճակը, ինչը երկար ժամանակ է պահանջում», նշեց թուրք հրատարակիչը: Որպես օրինակ Զարաքոլուն ներկայացրեց ապրիլի 24-ին Թուրքիայում իրականացվող միջոցառումները, որոնք թեեւ խորհրդանշական են, բայց «հալեցնում են սառույցը», ուստի այդ գործը շարունակվելու է: Զարաքոլուի խոսքերովՙ «ԼՂ հարցի շուրջը պետք է ավելի լուրջ աշխատել, բացատրել հասարակությանը, որ այդ հարցը կապ չունի հայ-թուրքական հարցի հետ: Կարելի է համագործակցել նաեւ Ադրբեջանում գործող առաջատար կազմակերպությունների հետ, կարեւորն այն է, որ չպետք է հանձնվել»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ