ՀՆԱՐԱՎՈՐ Է ԼԱՅՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ Ե՛Ւ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, Ե՛Ւ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ Հ. Հ. Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Մոսկվա հաստատում է, որ Ռուսաստանը Հայաստանի համար կարեւորագույն ռազմավարական գործընկեր է: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբՙ երկու այցերըՙ նախ Մոսկվա, հետոՙ Բրյուսել, փաստեցին կարեւորության եւ համագործակցության այն բարձր մակարդակը, որ Հայաստանն ունի Ռուսաստանի հետ: Իսկանդարյանը համոզված է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել են ռազմաքաղաքական ոլորտին առնչվող համագործակցության նոր ուղիներ: Այս համատեքստում քաղաքագետը հիշեցնում է, որ վերջերս Երեւան էր ժամանել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, միաժամանակ նույն ոլորտի վերաբերյալ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուրջ տարաձայնություններ ունեն, մասնավորապես խոսքը վերաբերում է Գաբալայի կայանին: «Ամենայն հավանականությամբ այս ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը կաճի»: Իսկանդարյանը չի բացառում, որ երկու երկրների նախագահները քննարկել են նաեւ գազի գինը: «Կովկաս» ինստիտուտի տնօրենը համոզված էՙ գազի գինը կբարձրանա, բայց ընդունելի կլինի Հայաստանի համար: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, Իսկանդարյանի գնահատմամբ, Հայաստանը կարողանում է շատ ճիշտ համագործակցել բոլոր երկրների հետ: Նա շեշտում է, որ Հայաստանն ունի լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, սակայն Իրանի հետ հարաբերություններն էլ բարձր մակարդակի վրա են: Մեր երկիրը պահպանում է բարեկամական-եղբայրական հարաբերություններ Ռուսաստանի եւ Վրաստանի հետ: Հետեւաբար, Հայաստանը կկարողանա ելքեր գտնել որպեսզի համագործակցի ե՛ւ Եվրոպական, ե՛ւ Եվրասիական միության հետ: «Սակայն դրան զուգահեռ, եվրոպական կողմը խանդում է հայ-ռուսական գրեթե բոլոր ոլորտներում զարգացող համագործակցության համար, իսկ Ռուսաստանն էլ իր հերթին խանդում է հայ-եվրոպական կապերի համար: Այս խանդը գրեթե նույնքան է մեծ է, որքան ամերիկացիների խանդը Իրան-Հայաստան հարաբերությունների նկատմամբ կամ հակառակը»: Իսկանդարյանը համոզված է, որ Հայաստանին կհաջողվի ստեղծել մի մոդել, որտեղ կհամագործակցի տարբեր կառույցների հետ: «Այս շրջանում Սերժ Սարգսյանի առջեւ դրված առաջադրանքն է համոզել Ռուսաստանին եւ Եվրոպային, որ նման ֆորմատը հնարավոր է իրագործել»: |