RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-04-05 21:27:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 2003, Տպվել է` 138, Ուղարկվել է էլ.փոստով` 101

ՖՐԱՆՑԻՍԿ ՊԱՊԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՐՏԻ 19-ԻՆ

Պ. Ք.

Նրա առաջնահերթ խնդիրները հայտնի են

Երեկ համայն աշխարհի լրատվամիջոցները (այդ թվումՙ «Ազգը») հաղորդեցին, որ մարտի 13-ի ուշ երեկոյան Կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետ է ընտրվել Բուենոս Այրեսի 76-ամյա արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն, որն ընտրվելուց հետո ընդունել է Ֆրանցիսկ անունը: Ի դեպ, նախապես նա աշխարհին ներկայացվել էր իբրեւ Ֆրանցիսկ Ա, սակայն ավելի ուշ Վատիկանը պաշտոնապես պարզաբանել էր, որ նորընտիր պապի անունը Ֆրանցիսկ է, նա Ֆրանցիսկ Ա կանվանակոչվի Ֆրանցիսկ Բ-ի հայտնվելուց հետո միայն:

Վատիկանի մամլո քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին արդեն հայտարարել է, որ Ֆրանցիսկ պապի գահակալման արարողությունը տեղի կունենա մարտի 19-ին:

Գահակալման արարողությանը ներկա կլինեն բազմաթիվ երկրների պատվիրակություններ: Ռոյթեր գործակալությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորելու է փոխնախագահ Ջո Բայդենը:

Խորխե Մարիո Բերգոլիոն Հռոմի պապ ընտրված առաջին լատինամերիկյան հոգեւորականն է եւ Ճիզվիտական ուխտի առաջին ներկայացուցիչը: Մեկնաբանները նշում են, որ պապական անվան ընտրությունը սովորաբար պատկերացում է տալիս նոր հովվապետի ծրագրերի մասին: Ենթադրվում է, որ աղքատությամբ ու ժուժկալությամբ հայտնի Ֆրանցիսկյան ուխտի հիմնադիր սուրբ Ֆրանցիսկ Ասիզացու պատվին անվանակոչված Ֆրանցիսկ պապը Կաթոլիկ եկեղեցում կիրականացնի նշանակալի բարեփոխումներ:

Ընտրվելուց անմիջապես հետո Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված բյուրավոր հավատացյալներին դիմելովՙ Հռոմի պապը քրիստոնյաներին խնդրեց իր համար հայցել Բարձրյալի օրհնությունը, ինչպես նաեւ աղոթել իր նախորդիՙ Բենեդիկտոս 16-րդի համար:

Բենեդիկտոս 16-րդ պապը գահից հրաժարվել էր փետրվարի 11-ին, իսկ փետրվարի 28-ին պաշտոնապես վայր էր դրել լիազորությունները եւ հեռացել էր Վատիկանից:

Նորընտիր պապըՙ Խորխե Մարիո Բերգոլիոն, ծնվել է 1936 թ. դեկտեմբերի 17-ին Բուենոս Այրեսում, իտալացի տարագրի ընտանիքում: Ճեմարանում ուսումն ավարտելուց հետո 1958-ին ընդունվել է Ճիզվիտական ուխտ: Ուսումնասիրել է փիլիսոփայություն, դասավանդել է Սանտա Ֆեի Colegio de la Inmaculada-ում եւ Բուենոս Այրեսի Colegio del Salvador-ում: 1969-ին ձեռնադրվել է իբրեւ հոգեւորական:

1973-1979 թթ. եղել է Արգենտինայում Ճիզվիտական ուխտի առաջնորդը: 1980-1986 թթ. զբաղեցրել է Սան-Միգելի ճեմարանի ռեկտորի պաշտոնը: Դոկտորական թեզի վրա աշխատանքն ավարտել է Գերմանիայում եւ վերադարձել է Արգենտինա, ծառայել Կորդոբայում: 2001-ին Հռոմի Հովհաննես-Պողոս Բ պապը նրան ձեռնադրել է կարդինալ: Որոշ տեղեկությունների համաձայն, 2005 թ. պապական ընտրություններում Բերգոլիոն քվեարկության ժամանակ գրավել է երրորդ տեղը, իսկ պապ ընտրվել է Յոզեֆ Ռատցինգերը կամ Բենեդիկտոս 16-րդը:

Նորընտիր Ֆրանցիսկ պապը աղքատ ընտանիքի զավակ է եւ հայտնի է իր համեստ ու ժուժկալ ապրելակերպով: «Ֆիգարո» թերթը մանրամասնում է, որ նա մշտապես կարողացել է «լսել աղքատներին»: Իր ասկետական կենսակերպից բացի, պապը հայտնի է պահպանողական հայացքներով եւ միասեռական ամուսնությունների խիստ քննադատությամբ: Նա քանիցս հանդես է եկել վիժեցումների եւ էվթանազիայի դեմ:

Լոնդոնի «Գարդիան» թերթը ընդգծում է, որ հավատացյալները Կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետից առաջին հերթին ակնկալում են վերափոխումներ: Բենեդիկտոս 16-ի գահակալության 8 տարիներին խնդիրներն ու սկանդալները բառացիորեն հետապնդում էին Կաթոլիկ եկեղեցուն: Հիմա հավատացյալները հույս ունեն, որ Ֆրանցիսկ պապը կկարողանա բարելավել իրավիճակը: Նոր պապի առջեւ ծառացած առաջնահերթ խնդիրներն են կաթոլիկ հոգեւորականների հետ կապված սեքսուալ սկանդալների հաղթահարումը եւ Վատիկանի ֆինանսական համակարգի բարեփոխումը: Բացի դրանից, չպետք է անուշադրության մատնի եկեղեցական կանոններն ավելի ազատ մեկնաբանելու բազմաթիվ կաթոլիկների պահանջները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ