ՎԱԼՄԱՐԻ «ԻՍՊԱՆԱԿԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» Մ. Բ. Գեղանկարիչ Վալմարը նոր ցուցահանդեսով արվեստասեր հանրությանը կներկայանա ապրիլի 22-ին, Valmar պատկերասրահում, «Իսպանական տպավորություններ» շարքով (նվիրված է նկարչի ծննդյան 65-ամյակին): Ցուցահանդեսը կընթանա ՀՀ արտաքին գործերի եւ մշակույթի նախարարությունների աջակցությամբ: Ցուցահանդեսային բուկլետում կենսագրական եւ ստեղծագործական տեղեկությունների հետ զետեղված են նաեւ հայ եւ օտար արվեստաբանների կարծիքներ: «Կարելի է ասել, որ նա աշխարհում ամենաշատ ցուցադրվող հայ նկարիչներից է եւ այդ իմաստով ժամանակակից հայ կերպարվեստի յուրօրինակ դրոշակիրը: Վալմարի գեղանկարչությունը բարձրացնում է հայ արդի արվեստի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Նրա նկարների աննախադեպ հաջողությունը պայմանավորած է այն յուրահատուկ գեղանկարչական լեզվով, որի շնորհիվ այդ երկերն առանձնանում են այլ վարպետների աշխատանքների շարքում: Վալմարի ստեղծագործական ընթացքը հղի է անսպասելի հայտնագործություններով, որոնք նոր, հարուստ երանգներ են հաղորդում նրա արվեստին, նաեւ ժամանակակից հայ գեղանկարչության ինքնատիպ նկարագրին» (Լեւոն Չուգասզյան): Կարծիքների մեջ հատկապես ընդգծված է նրա նկարչության գունային բազմերանգության ներդաշնակությունը, զգացմունքայնությունն ու մեղեդայնությունը: Այդ անհատականության եւ ձեռագրի ինքնատիպության ձեւավորման համար տաղանդից բացի կարեւորվում է, իհարկե, նկարչի ստեղծագործական եռանդը, աշխատասիրությունը, նվիրումը: Դրա վկայությունը նրա 40-ից ավելի անհատական եւ 120 խմբակային ցուցահանդեսներն ենՙ կազմակերպված Հայաստանում եւ արտերկրում (Եվրոպա, Ամերիկա, Կանադա, Ռուսաստան, Մերձավոր Արեւելք): Վերջին տարիներին Վալմարը հաջողությամբ համագործակցում է տարբեր երկրների պատկերասրահների հետ: |