ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՌԱԿԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ Հենրիխն իր 13-րդ տիտղոսը նվաճեց Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորի» կազմում 3-րդ տարին անընդմեջ դարձավ Ուկրաինայի գավաթակիր: «Շախտյորը» Խարկովում կայացած գավաթի եզրափակիչ խաղում 3-0 հաշվով ջախջախեց Օդեսայի «Չեռնոմորեցին» եւ 3-րդ տարին անընդմեջ ոսկե դուբլ ձեւակերպեցՙ դառնալով չեմպիոն եւ գավաթակիր: Թիմի հաղթանակը եզրափակիչում ապահովեցին «Շախտյորի» բրազիլացի ֆուտբոլիստներ Ֆեռնանդինյոն, Տեյշերան ու Թայսոնըՙ մեկական անգամ գրավելով մրցակցի դարպասը: «Շախտյորը» դարձավ Ուկրաինայի իննակի գավաթակիրՙ կրկնելով Կիեւի «Դինամոյի» ռեկորդային ցուցանիշը: Դինամոյականները վերջին անգամ գավաթակիր են դարձել 2007-ին: «Չեռնոմորեցի» հետ խաղը ԽՍՀՄ եւ Ուկրաինայի գավաթների խաղարկություններում «Շախտյորի» հոբելյանականՙ 300-րդ հանդիպումն էր: Թիմը տոնեց հոբելյանականՙ 600-րդ հաղթանակը: Դրանցից 443-ը «Շախտյորն» իր օգտին է գրանցել Ուկրաինայի առաջնություններում, 87-ըՙ երկրի գավաթի խաղարկություններում, 2-ըՙ Սուպերգավաթի մրցաշարում, 68-ըՙ եվրոգավաթներում: Գավաթի եզրափակիչ հանդիպումը հոբելյանական էր նաեւ Հենրիխ Մխիթարյանի համար, որն ուկրաինական թիմերում պաշտոնական 150-րդ խաղն անցկացրեց: Այդ հանդիպումներից 108-ը Հենրիխն անցկացրել է Ուկրաինայի առաջնություններում Դոնեցկի «Մետալուրգի» եւ «Շախտյորի» կազմերում, 13-ըՙ Ուկրաինայի գավաթի մրցաշարերում, 2-ըՙ Ուկրաինայի Սուպերգավաթի խաղարկությունում եւ 27-ըՙ եվրոգավաթներում: Այդ հանդիպումներում Հենրիխն ընդհանուր առմամբ խփել է 60 գոլ, որից 49-ըՙ Ուկրաինայի առաջնություններում: Խաղից հետո Հենրիխ Մխիթարյանն իր տպավորություններն է հայտնել «Շախտյորի» պաշտոնական կայքին. «Թեեւ այս խաղում ինձ չհաջողվեց գոլ խփել, սակայն ինձ համար կարեւորը թիմի հաղթանակն էր: Առաջին խաղակեսում օդեսացիները շատ ուժեղ խաղացին, փակել էին բոլոր ազատ գոտիները: Լավ էր, որ ընդմիջման գնալուց առաջ հաջողվեց բացել հաշիվը: 2-րդ խաղակեսում արդեն ավելի հեշտ էր խաղալ մրցակցի դեմ, որը ստիպված էր արդեն մտածել պարտությունից խուսափելու մասին ու առաջ շարժվել: Դա մեզ ազատ գործելու հնարավորություն ընձեռեց: Թվում է, թե հեշտ հաղթանակ տոնեցինք, սակայն դա այդպես չէ: 3 օր առաջ առաջնության խաղ էինք անցկացրել: Մարզիչը որոշ փոփոխություններ էր կատարել: Սակայն որոշ ֆուտբոլիստների մոտ հոգնածություն էր զգացվում: Չնայած դրան, բոլորն էլ հաղթանակի համար ներդրեցին իրենց ուժերը»: Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայում հանդես գալու տարիներին իր 7-րդ տիտղոսը նվաճեց: Նա այդ երկրի եռակի չեմպիոն ու գավաթակիր է, մեկ անգամ էլ նվաճել է Ուկրաինայի Սուպերգավաթը: Գավաթը նվաճելու բերկրանքը Հենրիխն առաջին անգամ վայելել է Հայաստանում, «Փյունիկի» կազմում: 2009-ի գավաթի եզրափակիչ խաղում հենց Մխիթարյանը դարձավ «Բանանցի» դարպասը խաղավերջում խփած միակ գոլի հեղինակը, որի շնորհիվ «Փյունիկը» նվաճեց պատվավոր մրցանակը: Հայաստանի գավաթակիր դառնալուց հետո Մխիթարյանը շուտով տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»: Նա «Փյունիկի» կազմում 2006-2009-ին դարձել է Հայաստանի քառակի չեմպիոն, 2007-ին էլ թիմի հետ նվաճել է Սուպերգավաթը: Այնպես որ Մխիթարյանն արդեն 13 տիտղոսների դափնեկիր է: 24-ամյա Հենրիխին ֆուտբոլային մեծ ապագա է սպասում եւ առջեւում դեռ նորանոր բարձունքներ ունի նվաճելու հայ տաղանդավոր ֆուտբոլիստը: |