ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է ԳՐՈՂ ՀԱԿՈԲ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ Սիրիայում հայ համայնքի հայտնի անուններից Հակոբ Միքայելյանը առեւանգվել է ահաբեկչական «Ալ Նուսրա» խմբավորման զինյալների կողմից: Ստամբուլի հայկական «Ակօս»-ի փոխանցմամբՙ դեպքը տեղի է ունեցել, երբ Հակոբ Միքայելյանը ավտոբուսով Հալեպից Բեյրութ է մեկնել: Ավտուբուսը կանգնեցրել են «Ջեբհեթ ալ Նուսրա»-ի զինյալները, իջեցրել են Հակոբ Միքայելյանին, որից հետո թույլ տվել, որ ավտոբուսը շարունակի ճանապարհը: Պարզվել է, որ զինված խմբավորման անդամները Միքայելյանին հանձնել են կրոնական «դատարան», որը նրան մեղավոր է ճանաչել ռեժիմի կողմնակիցների երթին մասնակցելու համար եւ «դատապարտել» 3 ամսվա կալանքի: 70-ամյա գրող Հակոբ Միքայելյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության Հալեպի կառույցի ղեկավարն է: Միաժամանակ նա թատերական գործիչ է, դերասան, Հալեպի ՀԵԸ «Ադամյան» թատերախմբի հիմնադիրներից: Ունի մի քանի հրատարակված գիրք: Հեղինակ է հրապարակախոսական ու երգիծական բազմաթիվ հոդվածների, որոնցից շատերը լույս են տեսել «Ազգ»-ում: |