ՄԱԿ-Ի ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ Պ. Ք. Քիմիական զենքի գծով ՄԱԿ-ի մի խումբ փորձագետներ կիրակի օրը ժամանել են Դամասկոս: Ֆրանսպրեսը հաղորդում է, որ նրանք իջեւանել են քաղաքի հյուրանոցներից մեկում եւ արդեն օգոստոսի 19-ին աշխատանքներ են սկսել Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման վայրերում: Ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր, որ ՄԱԿ-ի փորձագետների խումբը շվեդ գիտնական Օկե Սելստրյոմի գլխավորությամբ կաշխատի Հալեպի արվարձան Խան էլ Ասալում, որտեղ, ըստ Սիրիայի եւ ՌԴ իշխանությունների, մարտի 19-ին գրոհայինները զարին գազ են օգտագործել: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի խոսքերովՙ ռուսաստանցի փորձագետների անցկացրած տարրալուծումները հիմք են տալիս կարծելու, որ թունանյութերի արկն արձակել են ապստամբները: Մարտի 19-ին կառավարական ուժերին ենթակա Խան Էլ Ասալի վրա գրոհայինների արձակած ինքնաշեն «Բաշաիր-3» անկառավարելի արկում հայտնաբերվել է «համեմատաբար նոր պատրաստված» թունանյութ: Իշխանությունների տվյալներովՙ այդ գրոհի հետեւանքով սպանվել է 26 մարդ, այդ թվումՙ 16 զինվորական: 86 այլ անձինք վիրավորվել եւ թունավորվել են: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ ՄԱԿ-ի փորձագետները կաշխատեն եւս երկու վայրում, որոնց անունները չեն հրապարակվում: Դամասկոսի խնդրանքով Սիրիա գործուղված փորձագետների խմբում կան Քիմիական զենքի արգելման կազմակերպության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեկ տասնյակ մասնագետներ, ըստ որում չկան ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրների ներկայացուցիչներ: Խումբը պետք է աշխատի երկու շաբաթ, բայց անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել: |