RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#171, 2013-10-09 > #172, 2013-10-10 > #173, 2013-10-11 > #174, 2013-10-12 > #175, 2013-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #173, 11-10-2013



Տեղադրվել է` 2013-10-10 23:29:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1312, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՊՈՒՏԻՆԸ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մինչեւ երեկ օրվա վերջ Ադրբեջանում նախագահական «ընտրություններին» պաշտոնապես արձագանքել էին Թուրքիան եւ Ուկրաինան: Անկարայից դեռեւս հոկտեմբերի 9-ին Ալիեւին շնորհավորել էին նախագահ Գյուլը եւ վարչապետ Էրդողանը: Նույն օրը «վերընտրված»-ին զանգահարել եւ հետագա «խորացող համագործակցության» հույս էր հայտնել նաեւ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը:

Երեկ Իլհամ Ալիեւն ընդունել է Թուրքիայի կառավարող կուսակցությունից նախագահական «ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած» մի խմբի եւ հավաստիացրել, որ «առաջին արտասահմանյան ուղեւորությունը կկատարի Թուրքիա»: Ի՞նչ պատասխան է ստացել Ուկրաինայի նախագահը` այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցները լռում են:

Մինչդեռ Կիեւից ստացվել է սենսացիոն լուր: Ըստ այդմ, Ադրբեջանը «մերժել է Անդրանատոլիական գազամուղի (TANAP) նախագծին Ուկրաինայի մասնակցությունը»: Ուկրաինան այդ նախագծին մասնակցությամբ նպատակ ուներ որոշակիորեն «թեթեւացնել Ռուսաստանից էներգետիկ կախվածության բեռը»: Ուկրաինացի մեկնաբանը կարծում է, որ «Ադրբեջանը նման շատ սկզբունքային որոշում կարող էր ընդունել միայն Ռուսաստանի ճնշմամբ»:

Եթե փակագծերը բացենք, ապա թերեւս կհասկացվի, որ Բաքուն TANAP նախագծից Ուկրաինային դուրս է թողել Ռուսաստանի պահանջով, որովհետեւ ուկրաինական լրատվամիջոցը հավելել է, որ այդ դեպքում Կիեւն ստիպված կինի «հայացքն այլ կողմ չթեքել»: Ակնարկը գուցե վերաբերում է Եվրոմիության հետ ասոցիացման համաձայնագիր ստորագրելու Ուկրաինայի որոշման «վերանայման հավանականությանը»:

Մենք ենթադրել էինք, որ «վերընտրվելուց» հետո Ալիեւի համար վրա է հասնելու «մուրհակներ մարելու» ժամանակը:

Ուկրաինայի դեմ նրա ընդունած որոշումն, ըստ ամենայնի, «առաջին ծիծեռնակն է», որին կարող են հետեւել արդեն «ագռավները»: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը մտադիր չէ բաց թողնել Բաքվում իշխող վարչախմբի սանձերը:

Երեկ օրվա վերջին «ՌԻԱ նովոստ»-ին տարածել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի արձագանքն առ Ադրբեջանի նախագահական «ընտրություններ»: Դա կարճ, բայց բազմանշանակ խոսք է. «Մենք Ադրբեջանի հետ բոլոր բնագավառներում ունենք բարիդրացիական եւ բազմաճյուղ հարաբերություններ, եւ ես հույս ունեմ, որ նախագահ Ալիեւի (պաշտոնավարման) նոր ժամկետը մեզ կօգնի հասնելու ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակի»:

Ինչպես ռուսներն են ասում, «ոզնուն էլ հասկանալի է», որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն արտահայտել է Կրեմլի տիրոջ` Վլադիմիր Պուտինի վերաբերմունքը: Ոչ մի խոսք, անգամ ակնարկ, ինչպես տեսնում ենք, «կայացած ընտրությունների օրինականության», անգամ ադրբեջանական ժողովրդի «կամարտահայտության» մասին ասված չէ: Միայն` չոր պահանջ է ներկայացված. Մոսկվան ակնկալում է, որ գոյություն ունեցող բազմաճյուղ հարաբերությունները կհասնեն «ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակի»:

Իսկ թե «ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակն» ինչ է ենթադրում, կարծում ենք, որ մեկնաբանելու հարկ չկա: Արձանագրենք միայն, որ Կրեմլի տիրոջ բոլոր քայլերն ուղղված են հետխորհրդային տարածքից «անջատված բեկորները» մեկ աշխարհաքաղաքական համակարգում միավորելուն:

Ադրբեջանը մինչեւ Իլհամ Ալիեւի երրորդ ժամկետով «վերընտրությունը» հնարավորություն ուներ արդյունավետորեն խաղարկելու սեփական «կարեւորության» եւ «անկախ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորության» գործոնները: Այսօր սակայն Իլհամ Ալիեւը կանգնած է լուրջ փորձության առաջ: Նրա «վերընտրության» գլխավոր երաշխավորը Պուտինն է, ով «ընտրությունների» հաջորդ օրն իսկ չափազանց անթաքույց ձեւակերպումներով հիշեցրել է, որ «պարտքը գեղեցիկ է հատուցմամբ»:

Մոսկվան Իլհամ Ալիեւից պահանջում է երաշխավորության գինը: Ինչպիսի՞ն կլինի Իլհամ Ալիեւի պատասխանը: Դա, հավանաբար, կախված կլինի «ընտրությունների» հանդեպ ԱՄՆ-ի եւ Եվրոմիության առաջատար երկրների պաշտոնական արձագանքից: Երեկ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը Բաքվում մամուլի ասուլիս է անցկացրել եւ հնչեցրել Ադրբեջանում իշխող վարչախմբի համար անցանկալի գնահատականներ:

Արձագանքը չի ուշացել: Իլհամ Ալիեւի նախընտրական շտաբի պետ, իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը ԵԱՀԿ դիտորդների տեսակետը որակել է «անհարգալի վերաբերմունք ադրբեջանական ժողովրդի հանդեպ»:

Հետխորհրդային երկրների ընտրական գործընթացների վերաբերյալ դիրքորոշում արտահայտելիս արեւմտյան երկրները սովորաբար հիմք են ընդունում ԵԱՀԿ դիտորդների գնահատականները: Դրանք Ադրբեջանի համար «ոչ օբյեկտիվ են»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #173, 11-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ