ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻՑ 4 ՄԼՆ ԴՈԼԱՐԸ ԴԱՐՁԱՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հայաստանի ՀՆԱ 20 տոկոսը արտերկրից ստացվող դրամական փոխանցումներն են Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 20 տոկոսը կամ մոտ 1,9 մլրդ դոլար կազմում են արտերկրից դրամական փոխանցումները: Ընդ որում, Հայաստանի բնակչության 74 տոկոսը այս կամ այն չափով դրամական օգնություն է ստացել Ռուսաստանում բնակվող հարազատներից: Այս մասին երեկ հայտնեց «Դիվելոփինգ Մարքեթս Ասոշիեյթս» (DMA) ընկերության «Ֆինանսական կրթություն Հայաստանում դրամական փոխանցումներ ստացողների համար» ծրագրի ղեկավար Սառա Հյուգոն: Ծրագրի ղեկավարի տեղեկացմամբ, ծրագրի իրականացման 10 ամիսների ընթացքում, իր ղեկավարած 20 հոգանոց թիմը աշխատել է 5 բանկերի հետ, այդ ընթացքում ֆինանսական խորհրդատվություն տրամադրելով 24 հազար մարդու: Նրանց 41 տոկոսը կամ մոտ 10 հազար մարդ դրանից հետո որոշել են բանկային հաշիվներ բացել, ավելի քան 4 մլն դոլարի խնայողություններ սկսել են պահվել բանկերում: Նշվեց, որ Հայաստանի չափահաս բնակչության միայն 17 տոկոսն ունի բանկային հաշիվ եւ միայն 1 տոկոսն է իր խնայողությունները պահում բանկերում: Ըստ Սառա Հյուգոյի, այս արդյունքները գերազանցել են իրենց սպասելիքները: Նա տեղեկացրեց, որ նման ծրագրեր են իրականացվել նաեւ այլ երկրներում` Վրաստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Ղրղզստանում եւ Ադրբեջանում: Կենտրոնական բանկում տեղի ունեցած սեմինարի ժամանակ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշեց, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագիրը ապացուցեց, որ ֆինանսական գրագիտությունն արդյունավետ գործիք է փոխելու մարդկանց ֆինանսական վարքագիծը եւ բարձրացնելու նրանց բարեկեցությունը: ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը փաստեց, որ Հայաստանում շատերն են դրամական փոխանցումներ ստանում արտերկրից, բայց նրանցից քչերն են խնայողություններ կատարում բանկերում: Նրա համոզմամբ, անձնական ֆինանսների կառավարման բնագավառում մարդկանց գիտելիքների ավելացումից շահում են եւ նրանք, եւ երկրի տնտեսությունը: |