RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#174, 2013-10-12 > #175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17 > #178, 2013-10-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #176, 16-10-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-10-15 23:08:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1074, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՇԵՆՔԵՐԻ 80 ՏՈԿՈՍԸ ՆՈՒՅՆՔԱՆ ՎԹԱՐԱՅԻՆ Է, ՈՐՔԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

Հ. Հ.

Խորհրդային տարիներին «Զվարթնոց» օդանավակայանի նախկինՙ կլոր շենքը պետական հուշարձանների ցանկում էր: Դա նշանակում էր, որ պետությունը պետք է հոգ տաներ հուշարձանի պահպանության համար: 90-ականներին, երբ հուշարձանների պահպանության ցանկում փոփոխություններ եղան, «Զվարթնոցը» անհասկանալի պայմաններում հանվեց ցուցակից: Ցուցակով կամ առանց ցուցակիՙ «Զվարթնոցը» խորհրդային տարիների մոդեռնիզմի նշանավոր ճարտարապետական հուշարձաններից է, եւ այսօր քանդելը կնշանակի վանդալիզմ սեփական քաղաքի եւ ճարտարապետության դեմ:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը հուշարձանների պահպանության դառը փորձ ունի: Սովորաբար Հայաստանում հուշարձանները նախ վաճառվում են, քանդվում, հետո նոր հասարակությանը տեղյակ են պահում, հանրային քննարկումներ կազմակերպում, որոնք ըստ էության արդեն ուշացած են լինում:

Այս անգամ շենքի սեփականատերըՙ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, նախապես հայտարարել էր շենքը քանդելու մտադրության մասին եւ հրավիրել բաց քննարկման բոլոր շահագրգիռ անձանց եւ կազմակերպություններին: Ճարտարապետներն առաջարկում են ոչ թե շենքը քանդելու մասին մտածել, այլ թե ինչ ուղիներ գտնել, որպեսզի հուշարձանը պահպանվի եւ աշխատի թե՛ հասարակության, թե՛ սեփականատիրոջ համար: «Պետք է մտածելՙ շենքի օգտագործման ինչ հնարավոր տարբերակներ կան: Եթե սեփականատերը շենքի օգտագործման նպատակ չունի, ապա դա կարող են անել ուրիշներըՙ ներկայացնելով առաջարկներ», ասաց Մկրտիչ Մինասյանը: Ճարտարապետներն անհիմն են համարում կոնցեսիոների հայտարարությունը, թե շենքը կորցրել է իր ռեսուրսները:

«Միգուցե կառույցը որպես օդանավակայան կորցրել է ռեսուրսները, բայց որպես շինություն, որպես ճարտարապետական արժեք, իր նշանակությունն ու ռեսուրսները պահպանում է: Երեւանի 80 տոկոսը նույնքան վթարային է, որքան օդանավակայանը, սակայն շատ գեղեցիկ եւ պատմական-ճարտարապետական արժեք է ներկայացնում, պետք է քանդվե՞ն: Կորցնելով այդ շենքերըՙ մենք կորցնում ենք այն քաղաքը, որը բոլորս սիրում ենք: Պետության խնդիրն է արժեքները պահպանել, հակառակ դեպքում մենք նոր մայրաքաղաք պետք է կառուցենք: Ինչպե՞ս կարելի է անընդհատ քանդել ու տասնամյակներ հետո ափսոսանքով հիշել, որ փողոցներ կային, որ հուշարձան էին», ասաց Մինասյանը:

Օդանավակայանի շենքի պահպանության հարցն արդեն քննարկվել է Հանրային խորհրդի 4 ենթահանձնաժողովներում, շուտով կքննարկվի նաեւ Հանրային խորհրդում: Բոլոր չորս ենթահանձնաժողովներում նույն պատասխանն է հնչել. դեմ ենք, որ կառույցը քանդվի:

Ըստ Հայնախագիծ ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանիՙ օդանավակայանի սեփականատերը պետությունն է, իսկ կոնցեսիոներն ընդամենը կառավարիչ է, հետեւաբարՙ հարցով պետք է զբաղվի պետությունը: Ազիզյանն առաջարկում է մրցույթ հայտարարել եւ հավաքել հետաքրքրական մտքեր, ամրացնել կառույցն ու շահագործել:

Մեկնաբանելով կոնցեսիոների հայտարարությունը, որ իրենք պատասխանատվություն չեն կրելու, եթե որեւէ վթար լինի շինության տարածքում, Ազիզյանն ասաց, որ եթե ընկերությունը չի ցանկանում կառավարել օբյեկտը, ուրեմն պետք է հանձնի պետությանը, իսկ պետությունն ուրիշ օգտագործող գտնի: «Կառույցը պետության սեփականությունն է, իսկ կառավարիչն ընդամենը ցանկություն է ներկայացրել»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #176, 16-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ