ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸՙ ՆԱՏՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ Հ. Հ. Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Բրյուսելումՙ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողությանը ներգրավված պետությունների պաշտպանության նախարարների կիսամյակային նիստին: Նիստում ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու պաշտպանության նախարարները կարծիքներ են փոխանակել ԱՅՍԱՖ գործողության ներկայիս ընթացքին, Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվությունը տեղական ուժային մարմիններին փոխանցելու գործում արձանագրված առաջընթացին ու հաջորդ տարի Աֆղանստանում ԱՅՍԱՖ-ի փոխարեն մեկնարկելիք նոր «Վճռական աջակցություն» առաքելության նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերին: Պաշտպանության նախարարությունից տեղեկացրին, որ Օհանյանը մասնակցել է նաեւ գերմանական հրամանատարության ներքո գործող ԱՅՍԱՖ-ի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության կազմում զորքեր ունեցող երկրների պաշտպանության նախարարների նիստին: |