ԳԼԽԱՇՈՐՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ Թուրքիայում կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության 4 կին պատգամավորներ վերջին 14 տարում առաջին անգամ խորհրդարանի նիստերի դահլիճ են մտել գլխաշորով, հաղորդում է Hurriyet թերթը: Այդ քայլը զայրացրել է ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք կառավարող կուսակցությանը մեղադրել են ամբոխավարության մեջ, իսկ գլխաշոր կապած պատգամավորներինՙ կանանց իրավունքները ընդհանուր առմամբ քամահրելու մեջ: Ընդդիմադիրներն իրենց գործընկերներին մասնավորապես հիշեցրել են, որ նրանք չպաշտպանեցին «չափազանց բաց» հագուստի համար վերջերս աշխատանքից ազատված հեռուստահաղորդավարուհուն: Թուրքիայի պետական հիմնարկներում հիջաբ կրելը թույլատրվեց ընդամենը մեկ ամիս առաջ: Նախաձեռնության հեղինակները իսլամիստներն ենՙ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ: Աշխարհիկ ուժեղ ավանդույթներ ունեցող Թուրքիայում կանանց հիջաբ կրելը եւ իսլամիզմի մյուս հրապարակային դրսեւորումները հատկապես ցավոտ թեմա են: Կառավարող կուսակցության ընդդիմախոսներից շատերը հիջաբ կրելու արգելքի վերացումը համարում են եւս մեկ քայլ Թուրքիայի իսլամականացման ճանապարհին: Էրդողանը եւ նրա կուսակիցները մերժում են այդ տեսակետըՙ հայտարարելով, թե իրենք հանդես են գալիս այն մարդկանց կյանքի «նորմալացման» օգտին, ովքեր ձգտում են կատարել բոլոր կրոնական ծեսերը: |