RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-11-19 23:37:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1226, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՎԻԵՆՆԱՅՈՒՄ` ՈՉ ԻՆՉՊԵՍ ԿԱԶԱՆՈ՞ՒՄ...

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն արդեն իրողություն է: Տեղեկատվությունն այդ մասին, իհարկե, չափազանց սուղ է: Հայտնի է , որ նախագահները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայությամբ արձանագրային շփումից հետո անցկացրել են դեմ առ դեմ հանդիպում, որը շարունակվել է համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ:

Վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը հակված չէ ունենալու «առաջընթացի հույս», բայց գրեթե բոլորն են կարեւորում մեկուկես տարվա ընդմիջումից հետո Սարգսյան-Ալիեւ հանդիպման կարեւորությունը: Ընդ որում, ակնարկվում է, որ դա «ոչ թե հանգրվանային, այլ մեկնարկային հանդիպում է»: Դիտորդներն սպասում են, որ Վիեննային կհետեւի բանակցային «հանդիպումների մի նոր շղթա»:

Վիեննայի հանդիպման առանձնահատկությունը, մեկնաբանների կարծիքով, այն է, որ «իրականացվել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ»: Այս իմաստով կարեւորվում է հանգամանքը, որ դրանից առաջ Հայաստանի արտգործնախարարը գտնվել է Մոսկվայում, իսկ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` Վաշինգտոնում:

Լավրով-Նալբանդյան հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը ժլատ է: ՌԴ արտգործնախարարը որեւէ էական մանրամասնություն չի հնչեցրել: Նա բավարարվել է նկատել տալով, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո բանակցությունների շարունակմանը:

Որոշ մանրամասնություններ ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Քերրին: Այստեղ թերեւս գլխավորն այն է, որ նա իրազեկել է Վիեննայի հանդիպումից առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, ինչը հաստատում է, որ Սարգսյան-Ալիեւ ուղղակի շփումների վերականգնումն ամերիկյան նախաձեռնություն է: ԱՄՆ պետքարտուղարը նաեւ «առաջընթացի հույս» է հայտնել:

Իսկ ահա Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հայտնել է, որ իրենք քննարկել են «Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման որոշ մեխանիզմներ»: Սա կարծես կարեւոր հանգամանք է: Կիպրոսի հարցում Թուրքիայի անզիջում կեցվածքն, ինչպես հայտնի է, Եվրոմիության հետ այդ երկրի հարաբերությունների հիմնական փորձաքարն է:

Բայց ինչո՞ւ է Դավութօղլուն Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի «կարգավորման որոշ մեխանիզմները» դիտարկել նույն հարթությունում, եթե չասենք, թե ինչո՞ւ առհասարակ Սարգսյան- Ալիեւ հանդիպմանը նախորդել են Քերրի-Դավութօղլու բանակցությունները:

Եթե ամերիկյան կողմի նախաձեռնողականությունը պայմանավորված է Թուրքիա- ԱՄՆ երկխոսությամբ, ապա առաջին իսկ տպավորությունը ոչ բարենպաստ է, քանի որ հայտնի է, թե ինչ դիրքորոշում ունի պաշտոնական Անկարան ԼՂ հարցում:

Մյուս կողմից, սակայն, ինչո՞ւ է Դավութօղլուն կարեւորել, որ Կիպրոսի եւ ԼՂ հարցում «որոշակի մեխանիզմներ են քննարկվել» ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը: Թուրքիան փորձում է ԼՂ հարցում կիրառելի դարձնե՞լ Կիպրոսի տարբերակը, երբ կղզի-պետությունը փաստացի բաժանված է հունական եւ թուրքական մասերի, թե՞ «համակարծիք է» դուրս գալ Կիպրոսից, եթե «Հայաստանը համաձայնի հեռանալ ԼՂ շրջակա տարածքների՞ց»:

Ենթադրություններ կարելի է անվերջ անել: Բայց էականը կարծես այն է, որ Վիեննայում Սարգսյան-Ալիեւ հանդիպումն այնքան էլ «շարքային» չէ` գոնե կանխածրագրման առումով:

Բացառված չէ, որ ԱՄՆ-ը ձգտում է ամեն ինչ անել, որ Կազանի ձախողումը չկրկնվի: Ինչպե՞ս է դրան նայում պաշտոնական Մոսկվան, կարելի է դատել ՌԴ ԱԳ նախարարի այն արտահայտությունից, որ իր երկիրը «պատրաստ է աջակցելու» բանակցությունների շարունակմանը:

Այստեղ թերեւս հարկ է նաեւ ընդգծել, որ Վիեննա ուղեւորվելուց առաջ Իլհամ Ալիեւը գտնվել է Թուրքիայում, որտեղ, անկասկած, քննարկվել է նաեւ ԼՂ կարգավորման հեռանկարը: Դատելով ադրբեջանական կողմին բնորոշ լռակյացությունից, Բաքվում ոչ ոք չգիտի, թե Վիեննայում ինչ կարգի բանակցություններ են ընթացել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ