RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014



ՄԱՐԶԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-02-28 15:10:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 3510, Տպվել է` 112, Ուղարկվել է էլ.փոստով` 93

ՄՐՑԱԿԻՑՆԵՐՆ ԷԼ ՈՐՈՇՎԵՑԻՆ, ՍԱԿԱՅՆ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՄԱՐԶԻՉ ՉՈՒՆԻ

Ընտրական մրցաշարը սկսելու ենք դանիացիների հետ արտագնա խաղով

Ֆրանսիական Նիս քաղաքում կայացած Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը բարեհաճ չգտնվեց Հայաստանի ազգային հավաքականի համար: Մեր ընտրանին ընդգրկվեց միակ 5 թիմանոց 9-րդ խմբում, որտեղ մրցելու է Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականների հետ: Բացի այդ, մրցակարգի համաձայն, ընտրական մրցաշարի խաղացանկով Հայաստանի հավաքականի համար նախատեսված ազատ օրերին մեր ֆուտբոլիստներն ընկերական 2 հանդիպում պետք է անցկացնեն Ֆրանսիայի ուժեղ հավաքականի հետ, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի նրանց համար:

Ինչ խոսք, ՀՀ հավաքականին բավականին բարդ խումբ է բաժին հասել: Մրցակիցներն իրոք ուժեղ են, սակայն մեր ֆուտբոլիստներն իրենց նախորդ ելույթներում մեկ անգամ չէ, որ դրսեւորել են իրենց խաղային հիանալի ունակությունները, հաղթանակի հասնելու վճռականությունն ու ցանկալի արդյունքի են հասել:

Մտահոգում է նաեւ այն, որ մինչեւ օրս հայտնի չէ, թե ով է գլխավորելու Հայաստանի հավաքականը: Թեեւ մինչեւ ընտրական մրցաշարի մեկնարկը բավական ժամանակ կա, սակայն արդեն մարտի 5-ին Հայաստանի հավաքականը Կրասնոդարում ընկերական հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի ընտրանու հետ: Նոր մարզչի համար այդ խաղը հիանալի հնարավորություն կլիներ ծանոթանալու մեր ֆուտբոլիստներին, մշակելու խաղային իր տարբերակը:

Ինչպես հայտնի է, 2016թ. Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հանդես են գալու 24 հավաքականներ, ինչը զգալիորեն մեծացնում է ուղեգիր նվաճելու ՀՀ հավաքականի հնարավորությունները: Հիշեցնենք, որ եզրափակիչի ուղեգիր կնվաճեն ընտրական խմբերում 1-ին եւ 2-րդ տեղերը գրաված հավաքականները, ինչպես նաեւ 3-րդ տեղ գրաված հավաքականների մեջ լավագույն արդյունք ցույց տված ընտրանին: Մնացած 4 ուղեգրերն անցումային խաղերում կվիճարկեն խմբերում 3-րդ տեղը զբաղեցրած 8 հավաքականները:

Ահա թե վիճակահանությունից անմիջապես հետո ինչպիսի կարծիք են արտահայտել 9-րդ խմբում ընդգրկված մեր մրցակիցների գլխավոր մարզիչները:

Պաուլու Բենտու (Պորտուգալիա) - Հեշտ խումբ չէ: Մեզ անհրաժեշտ կլինի ներդնել առավելագույնը: Դանիայի եւ Սերբիայի հավաքականները մեր հետ կպայքարեն 2 ուղեգրերի համար: Նրանց հետ մրցախաղերում մենք նախկինում դժվարությունների հանդիպել ենք: Հայաստանի եւ Ալբանիայի հավաքականները խմբի հետնապահներն են համարվում, սակայն դա միայն տեսականորեն: Ինչպես միշտ, մեր նպատակն ուղեգիր նվաճելն է: Սակայն իրադարձություններից առաջ չենք ընկնում եւ նախկինի պես մեզ համեստ ենք պահում:

Մորթեն Օլսեն (Դանիա) - Ընդհանուր առմամբ վիճակահանությունից գոհ եմ: Հայաստանի հավաքականի հետ հանդիպումները մեզ համար տարբեր կերպ դասավորվեցին, իսկ ալբանացիներին մենք երբեք չենք պարտվել: Ընտրական նախորդ մրցաշարերում մենք գերազանցել ենք պորտուգալացիներին: Իսկ ահա Սերբիայի հավաքականը մեզ համար հանելուկ է: Ճիշտ է, բելգիացիներից լսել եմ, որ Սերբիայի հավաքականը բավականին առաջադիմել է եւ Բելգրադում շատ դժվար է խաղալը: Ընդհանուր առմամբ ուղեգիր նվաճելու մեր հնարավորությունները բարձր եմ գնահատում: Նաեւ անհամբերությամբ եմ սպասում Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումներին:

Լյուբինկո Դրուլովիչ (Սերբիա) - Որպես խաղացող գրեթե 10 տարի անցկացրել եմ Պորտուգալիայում: 2008-ի ընտրական մրցաշարում էլ պորտուգալացիների հետ միեւնույն խմբում էինք: Մեր խումբը շատ դժվարին է: Դանիան սկանդինավյան ֆուտբոլին բնորոշ խաղաոճ ունի, նաեւ տեխնիկապես լավ է պատրաստված: Ալբանիան ու Հայաստանը մշտապես ավելիին են ձգտում: Այնպես որ մեզ հետաքրքրական մրցաշար է սպասում: Նոր մրցակարգն ինձ ավելի է դուր գալիս: Մեր երկիրն ու ժողովուրդն արժանի են, որ ազգային հավաքականը հանդես գա Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում: Մենք ունենք եվրոպական բարձրակարգ թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներ, որոնք օժտված են խաղային անհրաժեշտ ունակություններով: Կարծում եմ, որ մեզ վերջապես կհաջողվի ուժեղ հավաքական կազմավորել:

Ջովանի դե Բյազի (Ալբանիա) - Մեր բախտը չբերեց: Խմբում բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են: Սակայն մենք պատրաստ ենք դիմակայել մրցակիցներին: Հարկավոր է խաղալ ուժերի գերլարումով, ցուցադրել մեր լավագույն խաղը եւ պահպանել լավատեսությունը: Դժվար է ասել, թե որ թիմն է ավելի ուժեղ, որովհետեւ մրցակիցներից յուրաքանչյուրի կազմում հիանալի ֆուտբոլիստներ են խաղում: Նույնիսկ Հայաստանի հավաքականը հանձին Հենրիխ Մխիթարյանի գերաստղ ունի:

Ներկայացնենք նաեւ մեր հավաքականի 3 ֆուտբոլիստների կարծիքները:

Ռոման Բերեզովսկի - Մեզ հեշտ խումբ բաժին չի հասել: Սակայն նույնը կարող են ասել նաեւ մրցակիցները: Վստահ եմ, որ յուրաքանչյուրը կպայքարի բարձր տեղերի համար: Պորտուգալացիները մյուսներից մի փոքր ուժեղ են, սակայն բոլոր թիմերին էլ հարկ կլինի ամեն ինչ ապացուցել խաղադաշտում: ՀՀ հավաքականը վաղուց արդեն չի վախենում անվանիներից: Դրա հերթական վառ ապացույցը դանիացիների նկատմամբ նրանց դաշտում տոնած հաղթանակն է: Պետք է ապացուցել, որ ժամանակակից ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է:

Լեւոն Հայրապետյան - Հայտնվել ենք շատ ուժեղ խմբում, որտեղ հեշտ մրցակիցներ չկան: Պորտուգալիան ամենաբարձր վարկանիշն ունի մեր խմբում, սակայն երբ խաղադաշտ ես դուրս գալիս, այդ ամենը 2-րդ պլան է մղվում: Նախորդ ընտրական մրցաշարում մենք իտալացիների հետ նրանց դաշտում ոչ-ոքի խաղացինք: Դանիայի հավաքականին մենք լավ ծանոթ ենք, սակայն մրցակիցն էլ մեզ է լավ ուսումնասիրել: Եթե նրանց 4:0 հաշվով հաղթել ենք, դա դեռ չի նշանակում, որ այսուհետ եւս հաղթելու ենք: Ֆրանսիայի հետ ընկերական հանդիպումներն էլ իրենց բարդություններն են ունենալու:

Ռոբերտ Արզումանյան - Մեր խումբը բարդ է: Կարող էինք ավելի հեշտ խմբում հայտնվել: Բայց եթե արժանի ենք խաղալ Եվրոպայում, ուրեմն պետք է ուղեգիր նվաճենք այս խմբից, իսկ եթե ոչ, ապա ամենահեշտ խմբից էլ եզրափակիչ փուլ չէինք մտնի: Այնպես որ պետք է պատրաստվենք ու յուրաքանչյուր խաղ անցկացնենք այնպես, կարծես դա եզրափակիչն է:

Բացի Ալբանիայից, մյուսների դեմ խաղացել եմ: 2007-ի կազմի հետ համեմատած այժմ Պորտուգալիան ավելի ուժեղ է, Ռոնալդուն էլ զգալիորեն առաջադիմել է: Նրանից շատ բան է կախված: Սերբիան թեեւ ավելի երիտասարդ հավաքական ունի, բայց սերբերն այսօր ավելի ուժեղ են, քան նախկինում: Դանիան էլ այժմ մեզ հետ ավելի զգույշ կխաղա, ինչպես խաղաց Երեւանում: Բայց պետք է հաշվի առնել, որ մենք էլ զգալի առաջընթաց ենք ապրել եւ ուժեղ հավաքական ունենք:

9-րդ խմբի խաղացանկը

2014 թվական

07.09.Դանիա - Հայաստան20:00
Պորտուգալիա - Ալբանիա22:45
11.10Հայաստան Սերբիա20:00
Ալբանիա - Դանիա22:45
14.10Դանիա - Պորտուգալիա22:45
Սերբիա - Ալբանիա22:45
14.11Պորտուգալիա - Հայաստան22:45
Սերբիա - Դանիա22:45

2015 թվական

29.03Ալբանիա - Հայաստան20:00
Պորտուգալիա - Սերբիա22:45
13.06Հայաստան - Պորտուգալիա20:00
Դանիա - Սերբիա22:45
04.09Սերբիա - Հայաստան22:45
Դանիա - Ալբանիա22:45
07.09Հայաստան - Դանիա20:00
Ալբանիա - Պորտուգալիա22:45
08.10Ալբանիա - Սերբիա22:45
Պորտուգալիա - Դանիա22:45
11.10Հայաստան - Ալբանիա20:00
Սերբիա - Պորտուգալիա20:00

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ