ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍԿԱՆԱԼԻ ՉԵՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՔԱՅԼԵՐԸ Մ. Խ. Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց վերջին օրերին արդիական մի շարք հարցերի: Ասուլիսի առավել հետաքրքրական հատվածները փոխանցելով` նախ կանգ առնենք այն հարցի վրա, որ հետընտրական զարգացումները քննարկելու ձեւաչափ է որոնվում խորհրդարանում: Ըստ ԱԺ նախագահի` համաձայնություն եթե ձեռք բերվի, կկազմակերպվի արտահերթ նիստ, վերջում էլ հայտարարություն կընդունվի: Բայց միանգամից էլ ասաց, թե երկրի 915 համայնքից միայն 70-ում է նախագահ Սարգսյանը պարտություն կրել, 58,6 տոկոս հաղթանակը վատ ցուցանիշ չէ, ուրախալի է: 1958 ընտրական տեղամասերից ոչ մեկում խախտում չի արձանագրվել, ոչ ոք հատուկ կարծիք չի գրել, արձանագրությունները ստորագրվել են: Այնպես որ` հազիվ թե ընդդիմադիրների եւ ՀՀԿ-ի տեսակետները մոտենան, սա մեր կարծիքն է հնարավոր հայտարարության առումով: ԱԺ նախագահը համամիտ չէր նաեւ, որ պարտված համայնքների ղեկավարները պետք է հրաժարական տան: Պարտությունն այս կամ այն համայնքում կուտակված խնդիրների պատճառով է, որոնք հետագայում պետք քննարկել: Իսկ մարզպետների եւ քաղաքապետների հրաժարականը կառավարության ընդունելիք-չընդունելիքն է, բայց ոչ կուսակցության պարտադրանքը: Հ. Աբրահամյանը չի հասկանում, թե ինչպես կարելի է հայտարարել, որ 36 տոկոսը հաղթել է 58,6 տոկոսին: Նրա համար անհասկանալի են նաեւ Ր. Հովհաննիսյանի հետընտրական եւ հետագա քայլերը, ընդդիմադիրները պետք է ընդունեն պարտությունը, շնորհավորեն ընտրված նախագահին եւ առաջարկներ անեն` սահմանադրական, կադրային եւ այլ բարեփոխումների ուղղությամբ: Եթե ընդդիմությունը ողջամիտ առաջարկներ անի` իշխանությունը պատրաստ է քննարկել, քանի որ ոչ մի բռնություն պատիվ չի բերելու ժողովրդին ու պետությանը. «Որեւէ հիմք չկա, որ Ր. Հովհաննիսյանն ընտրվել է նախագահ: Իմ կարծիքովՙ Ր. Հովհաննիսյանը զարմացել է, որ այդքան ձայն է ստացել, նրանց իրական ձայները ԱԺ ընտրությունների արդյունքում են եղել, երբ հաղթահարել են 5 տոկոսի շեմը»: Իսկ թե որո՞նք են ընդդիմությունից (Րաֆֆուց) սպասված ողջամիտ առաջարկները, ըստ Հ. Աբրահամյանի` ոչ երկրորդ փուլի, ոչ էլ Ազգային ժողովը լուծարելու (քանի որ Սահմանադրությամբ դա հնարավոր չէ անմիջապես իրականացնել) առաջարկները, բայց ողջամիտ կլինի կառավարության այս կամ այն ոլորտում ընդգրկվելը: Ու անգամ հնարավոր է, որ վերահսկողության ծառայություններում «Ժառանգության» ընդգրկվելը քննարկեն, եթե առաջարկ լինի: Հետաքրքրական է, որ ԲՀԿ-ի հետ նոր կոալիցիայի ձեւավորումը Հ. Աբրահամյանը չի բացառել` «Ոչինչ մի բացառեք» ստանդարտ պատասխանով եւ նշելով, որ կոալիցիա մտնելու ցանկության եւ ՀՀԿ ծրագիրն ընդունելու դեպքում որեւէ քաղաքական ուժի մասնակցության հարցը կքննարկի ՀՀԿ գործադիր մարմինը: Հ. Աբրահամյանին միշտ տրվում է հարցը, թե արդյոք կուզենա՞ր վարչապետ աշխատել. «Ուզում էի, հիմա չեմ ուզում` ԱԺ նախագահի պաշտոնն ավելի բարձր ու ավելի լավ պաշտոն է», ասաց: Իսկ մինչ այդ ասել էր, թե Հայաստանի նախագահ երբեք չի ցանկացել դառնալ` սա ի պատասխան այն հարցի, թե արդյոք 2018-ին առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում: Իսկ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական չի տալու, այդ լուրերը սուտ են: Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ վերջին օրերին հանդիպել է, ինչպես որ մամուլն էր գրել, բայց չասաց, թե ինչ քննարկումներ է ունեցել նրա հետ, համենայն դեպս` քաղաքական խնդիր չեն քննարկել: Կարեն Կարապետյանի անունը շրջանառվում է որպես նոր կառավարության ղեկավարի հնարավոր թեկնածուի կամ էլ հատուկ որոշակի շրջանակներից դնում են շրջանառության մեջ: Մեկ օր առաջ նախագահ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հանդիպման ընթացքում կառավարության փոփոխության մասին որեւէ հարց չի քննարկվել, Սերժ Սարգսյանի երդմնակալությունը ապրիլի 9-ին, է, այնպես որ շուտ է այդ մասին խոսելը: |