ТВ АРМ РУ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ՎԱՃԱՌՔԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԿԱԿԱՆ ՉԻ ԼԻՆԻ Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ Ռուսաստանում 2010 թվականից գործող TB APM Pձ հեռուստաալիքը փակման վտանգի տակ է: Վաճառքի է հանված մի լայնընդգրկուն լրատվական նախագիծ, որը կոչված էր միավորելու աշխարհի ռուսալեզու բոլոր հայ համայնքներին: Ըստ կանխատեսումների, վաճառքից հետո հեռուստաալիքի սեփականատերը հայկական ընկերություն չի լինի: Հեռուստաընկերության հիմնադիր եւ ղեկավար Արմեն Ղազարյանը «Ноев Ковчег» ամսաթերթին տված հարցազրույցում պատմում է, որ ինքը եւ կինըՙ Տաթեւիկ Աղամիրյանը, այդ հեռուստաալիքը հիմնել են Մոսկվայում 2010-ի հունվարին: Բազմաթիվ անձինք խոստացել էին ֆինանսական ներդրումներ անել, բայց իրականում սկսել էին հենց հիմնադիրներից դրամ եւ տեխնիկական միջոցներ խնդրել սեփական նախագծերը հեռուստատեսությամբ իրականացնելու համար: Արմեն Ղազարյանը ստիպված վաճառել էր «Անելիք» բանկում ունեցած բաժնետոմսերը եւ միջոցները ներդրել TB APM PУ ՓԲԸ-ի կապիտալի մեջ: Նույն 2010 թվականին հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանը հեռուստաալիքին 1 մլն դոլարի վարկ հատկացրեց: Հիմնադիրները նաեւ խոշոր վարկեր վերցրին բանկերից, հուսալով, որ երեք-չորս տարի անց հեռուստաալիքը կունենա կայուն վարկանիշ եւ ուրույն տեղ լրատվամիջոցների շուկայում: TB APM PУ-ի լսարանի կեսը կազմում էին ռուսալեզու հայերը, իսկ մյուս կեսըՙ Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, Եվրոպայի, ԱՄՆ-ի ուրիշ էթնիկական համայնքների ռուսալեզու ներկայացուցիչներ: Սակայն Ռուսաստանում ազգային հեռուստաալիքը չի կարող գոյատեւել մեկ ընտանիքի միջոցներով, եթե գործունեության եկամուտները չեն ծածկում զարգացող գործարարության ծախսերի գոնե մի մասը: Արմեն Ղազարյանն ասում է, որ պետությունները միլիարդավոր դոլարներ են ծախսում իրենց դրական նկարագիրը ստեղծելու, ուրիշ երկրներում իրենց քաղաքացիների հանդեպ հանդուրժողականություն դաստիարակելու, ազգամիջյան եւ միջդավանանքային հակամարտությունները կարգավորելու համար: Սակայն Ռուսաստանի հայերի համար գործող, Մոսկվայի կենտրոնում արտադրական կարողություններ, ստուդիայի տաղավար, աշխարհում արբանյակային, մալուխային անխափան հեռուստաեթերի ապահովման պրոֆեսիոնալ ենթակառույց եւ սեփական լսարան ունեցող հեռուստաընկերությունը թողնված է բախտի քմահաճույքին: TB APM PУ-ի ստեղծման ու զարգացման նպատակով արդեն ներդրվել է ավելի քան 10 մլն դոլար: Ընկերության կանոնադրական կապիտալի 90 մլն ռուբլի է, բոլոր ակտիվները միասինՙ 115 մլն ռուբլի: Ռուսաստանում ալիքը հեռարձակվում է շուկային 95 տոկոսը վերահսկող վճարովի հեռուստատեսության բոլոր խոշորագույն օպերատորների ցանցերում. «Տրիկոլոր», «Ռոստելեկոմ», «ՄՏՍ Ստրիմ», «Էր Տելեկոմ»: Միայն ստեղծված տեսանյութերի ու ձայնագրությունների ծավալը 80 թերաբայթ է: Սակայն այլեւս անհնար է ֆինանսավորել այդ նախագիծը: ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում եւ այլուր հայ համայնքների հիմնած հեռուստաալիքները հաջողությամբ գործում եմ տարիներ շարունակ, իսկ Ռուսաստանում դա չի հաջողվում, չնայած հայ համայնքի բավական բարձր կենսամակարդակին: Ըստ երեւույթին, մյուս երկրներում համայնքները առավել սրությամբ են զգում միասնական տեղեկատվական տարածքի կարիքը եւ ազգային շահը: TB APM PУ-ի եթերում զգալի տեղ են գրավում երաժշտական հաղորդումները, ղեկավարությունը ձգտում է զերծ մնալ չստուգված տեղեկատվությունից, էժանագին, զգայացունց եւ սկանդալային նյութերից: Կարելի է ասել, որ դա ընտանեկան ալիք է բոլորի համար: Կայացած այդ հեռուստաալիքի համար առաջարկվող գինը 80 մլն ռուբլի է (մոտ 2,6 մլն դոլար), որը երեք-չորս անգամ պակաս է շուկայական գնից: Հնարավոր գնորդների հետ քննարկվում է գործարքի երկու տարբերակ: Առաջինը բաժնետոմսերի 94 տոկոսի վաճառքն է 80 մլն ռուբլով: Բաժնետերերը ստացված միջոցները կփոխանցեն TB APM PУ-ի բանկային հաշվին որպես անտոկոս նպատակային փոխառությունՙ ընկերության ամբողջ օպերատիվ վարկափոխառական պարտքի մարման համար: Երկրորդ տարբերակը պարտքերի վաճառքն է (80 մլն ռուբլի ընդհանուր գումարի մեջ), որի հետեւանքով իբրեւ ներդնողի (ապագա սեփականատիրոջ) անտոկոս նպատակային փոխառություն TB APM PУ ՓԲԸ-ի բանկային հաշվին փոխանցված 80 մլն ռուբլի ֆինանսական միջոցները լիովին կհատկացվեն ընկերության ամբողջ օպերատիվ վարկափոխառական պարտքի մարմանը, իսկ բաժնետերերը բաժնետոմսերի 94 տոկոսի փաթեթը ներդնողին կվաճառեն 1 (մեկ) ռուբլով: |