RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-02-27 23:35:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1597, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 60

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ԹԱՆԳՅԱՆԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆԸ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանգյանի նամակըՙ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ազգ»-ը հրապարակել էր երեկվա համարում: Ռոք երգիչըՙ շնորհավորելով Սարգսյանին, նրան հարց է ուղղում. «Արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը, թե՞ ոչ: Դուքՙ Հայաստանի նախագահը, ներքուստ լիովին համոզվա՞ծ եք, թե Դուք եք ժողովրդի ընտրած ղեկավարը»: Թանգյանը նաեւ բարձրացնում է բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:

Դրան հաջորդեց նախագահ Սերժ Սարգսյանիՙ մի քիչ պոետիկ նամակը, որտեղ գրելով թոռան, ապագայի ու մարտի դաշտի, ականների ու ռումբերի մասին, պատասխանել է. «Դու հարցնում եսՙ ներքուստ համոզվա՞ծ եմ ես: Պատասխանում եմՙ միշտ համոզված եմ եղել, ամեն ինչում, ինչ արել եմՙ մարտ կառավարելուց մինչեւ ընտրությունների կազմակերպում: Հայաստանը պետք է զգալ, Սե"րժ»:

Երեկ նամակագրությունը շարունակվել է: Թանգյանը նոր նամակում խոստովանել է, որ զարմացել է, երբ նախագահը պատասխանել է իր նամակին ու խիստ քննադատությանը, սակայն... «Հարգելով Ձեզ, թույլ տվեք նկատել, որ դուք հստակորեն չպատասխանեցիք իմ հարցերին եւ չանդրադարձաք իմ նախկին նամակում բարձրացրած հարցերին: Կարծում եմ, որ Դուք մեծ աշխատանք եք կատարել Հայաստանի սահմաններն ապահովելու գործում Ղարաբաղյան պատերազմից առաջացած չափազանց զգայուն եւ բարդ իրավիճակում: Եթե հիշում եք, ես գնահատել եմ Ձեր ջանքերն այդ հարցում մեր անձնական հանդիպման ժամանակ: Այդուհանդերձ անվտանգությունը հարկավոր չէ վերածել քավության նոխազի մեր հայրենիքում ուշադրությունն անհավասարությունից եւ անարդարությունից շեղելու նպատակով: Ես նույնպես պատասխանատվություն եմ զգում ապագա սերունդներին թողնելիք ժառանգության համար: Այդ պատճառով եմ արտահայտվում եւ անտարբեր չեմ Հայաստանի (Թեղուտ) հանքարդյունաբերության եւ շրջապատի աղտոտվածության հարցերի նկատմամբ: Քաղաքացիները Հայաստանում բողոքում են ընտրությունների արդյունքների եւ քաղաքականության մեջ առկա անարդարությունների դեմ: Խնդրում եմ, լսեք նրանց բողոքները: Լսեք դասադուլ հայտարարած ուսանողներին եւ մի թողեք ուսումնական հաստատություններին կամ ոստիկաններինՙ լռեցնել նրանց ձայներն ի վնաս ժողովրդավարության: Նրանք Հայաստանի ապագան են: Կաշառակերություն, անարդարություն, արտագաղթ եւ կեղծված ընտրություններ: Սրանք այն արատներն են, որոնք դատարկել են մեր երկիրն իր քաղաքացիներից, եւ սրանք ավելին են, քան ականներն ու ռումբերը: Դուք ի՞նչ եք պատրաստվում անելու շտկելու համար, պատրաստվո՞ւմ եք արդյոք համակարգը բարեփոխել»:

Թանգյանը խնդրել է նախագահինՙ հաստատել օրենքի իշխանություն, որպեսզի մարդիկ իրենց հարգված զգան օրենքի եւ դատարանների կողմից: Ռոք երաժիշտը փաստել է, որ Սահմանադրությունն ու օրենքները լավ են, սակայն դրանց պակասում է իրագործումը: «Մենք հոգնել ենքՙ լսելով այն ներդնողների մասին, ովքեր հեռանում են Հայաստանից թալանված, հոգնել ենք լսել անձնական շահերի համար քաղաքական ճնմշումների մասին, քաղաքական շահեր հետապնդելով լրատվական միջոցներին ենթարկեցնելու մասին, դատարաններում անարդարության մասին եւ այլն: Շատերը կարծում են, թե քաղաքական մշակույթը փոխելու համար սերնդափոխություն է հարկավորՙ կաշառակերությունից եւ բռնությունից ձերբազատվելու համար: Դուք կարող եք այն իրագործել հիմա: Ձեր նամակում դուք ընդունեցիք, որ փոփոխություն հարկավոր է, եւ կարծեմ առաջարկեցիք, որ մտադրված եք լուրջ քայլեր ձեռնարկել այդ հարցում, որպեսզի մենք ստիպված չլինենք եւս 20 տարի սպասել այդ ազատությանը հասնելու համար: Դրա համար Ձեր ժողովուրդը հավերժ Ձեզ երախտապարտ կլինի, Սե"րժ»:

Նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը երեկ հայտարարեց, որ Սարգսյանը ծանոթացել է նաեւ Թանգյանի երկրորդ նամակին: «Հանրապետության ղեկավարը նույնակարծիք է պարոն Թանգյանի բարձրացրած հարցերի գերակշիռ մեծամասնությանը, ինչի մասին բազում առիթներով հնարավորություն է ունեցել հրապարակավ արտահայտվելու: Նախագահը համարում է, որ նախընտրական շրջանում ասվել է ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ ու հիմա արդեն գործելու ժամն է: Շնորհակալություն հայտնելով աշխարհահռչակ երգչին ու լավ հային իր ակտիվ կեցվածքի համարՙ նախագահը հույս է հայտնում, որ մոտ ապագայում հնարավորություն կլինի սիրված ռոք խմբի ամբողջական կազմի հայաստանյան մեծ համերգով միասին նոր փուլ սկսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվող համազգային ծրագրում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ