ՍՊԻՏԱԿ ՏՆԻՑ` «ՍԵՎ ՔԱՂԱՔԻՆ» ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Տարեսկզբից ադրբեջանական կողմը Սպիտակ տան պաշտոնական կայքում երկու «հանրագիր» էր նախաձեռնել եւ հույս ուներ, որ դրանցից յուրաքանչյուրին 100000-ական մարդ միանալու դեպքում, ինչպես հարկն է, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես կգա համապատասխան հայտարարություններով: Առաջին հանրագրով ակնկալվում էր Սպիտակ տան հստակ տեսակետը ԼՂ խնդրի, երկրորդով` «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ: Միջանկյալ ընդգծենք, որ մինչեւ փետրվարի կեսերը հանրագրից յուրաքանչյուրին հազիվ մեկ տասնյակ մարդ էր արձագանքել, եւ վիճակն այնքան խայտառակ էր, որ «իլհամպրոպն» ստիպված էր ադրբեջանցիներին «իսկական հայրենասիրության» դասեր տալ: Ըստ Բաքվի լրատվամիջոցներիՙ վերջապես «հավաքել են անհրաժեշտ քանակի ստորագրություններ»: Բաքվում շունչները պահած եւ սրտի թրթռոցով սպասում էին, թե ինչ կասի Սպիտակ տունը: Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է հանրագրերի առթիվ Միացյալ Նահանգների տեսակետին: «Սպիտակ տան ընդհանուր բնույթի հայտարարությունը «Խոջալուի ցեղասպանության» (չակերտները մերն են- Վ. Ա.) առթիվ հանդիսանում է այդ հարցում ԱՄՆ կոնկրետ դիրքորոշման բացակայություն»,- սա է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած միակ նախադասությունը: Ի՞նչ է տեղի ունեցել: Ի պատասխան հանրագրերիՙ Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրվել է հետեւյալը. « Միացյալ Նահանգները խորապես ցավում է Ադրբեջանի եւ Հայաստանի (՞- Վ. Ա.) միջեւ պատերազմի ժամանակ մարդկային ողբերգական զոհերի համար: Դա մեզ հիշեցնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, եւ միայն ամուր խաղաղ կարգավորումը կարող է ապահովել տարածաշրջանի կայունությունը, բարգավաճումը եւ հաշտեցումը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները շարունակում է խաղաղության հասնելու համար բոլոր կողմերի հետ համագործակցությանը»: Ի՞նչ էր ուզում եւ ի՞նչ ստացավ Ադրբեջանը: Ուզում էր, որ Միացյալ Նահանգների նախագահը «դատապարտի «Խոջալուի ցեղասպանությունը», հստակ մատնանշի, որ հակամարտությունն սկսել է հայկական կողմը` տարածքային նկրտումներ ունենալով Ադրբեջանի հանդեպ, կոչ անի «անհապաղ եւ առանց նախապայմանների օկուպացված տարածքներից դուրս բերել հայկական օկուպացիոն զորքերը», սպառնա «պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ» եւ այլն: Իսկ Սպիտակ տունը վերցրեց եւ Հարավային Կովկասում «իր միակ հուսալի դաշնակցին» փաստորեն ցույց տվեց «երեք մատի» հայտնի կոմբինացիա: Այլ պատասխան չէր էլ կարող հնչել: Թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմ» ձեւակերպումը մտածելու տեղ թողնում է: Գլխավորը, սակայն, ԱՄՆ-ի հորդորն է Ադրբեջանին` անիմաստ հուզականություն չդրսեւորել, այլ կարգավորման ուղղությամբ կատարել ստանձնած պարտականություններից բխող քայլեր, նպատակադրվել ոչ թե նոր ռազմական արկածախնդրության, այլ` կայուն խաղաղության, քննարկումների մեջ մտնել ոչ թե կողմերից մեկի, այլ` բոլորի հետ: Նման պատասխանն, ինչ խոսք, Ադրբեջանի ԱԳՆ-ի աչքին պետք է երեւա «կոնկրետ տեսակետի բացակայություն»: Մինչդեռ դա չափազանց հստակ, երկիմաստության տեղ չթողնող վերաբերմունք է: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության վերաբերմունքն, անշուշտ, քարոզչական է: Տեսք է արվում, թե իբր բոլորովին էլ խոցված չեն Սպիտակ տան վերաբերմունքից: Իրականում Վաշինգտոնի պատասխանը երեւի թե «տնային աշխատանքի» լրջագույն թեմա է Բաքվում իշխող վարչախմբի համար: Մանավանդ` տարին նախընտրական է, ադրբեջանական հանրությունը` վերջին տասնամյակում աննախադեպ փոթորկված: |