ԱԲԽԱԶԻԱՅԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Աբխազիան` անուղղակի տարբերակով դառնում է ՌԴ սուբյեկտ Աբխազիայում գրեթե ամեն ինչ կբերվի ռուսաստանյան ստանդարտներին` թոշակից մինչեւ պաշտպանական ռազմավարություն: Դեռեւս հոկտեմբերին «Ազգը» անդրադարձել էր դաշնակցության ու ինտեգրման միջպետական պայմանագրին, որով այսուհետեւ կկարգավորվեն Ռուսաստան-Աբխազիա հարաբերությունները: Այն ժամանակ մամուլում հայտնվել էր փաստաթղթի նախագիծն ու բուռն քննարկումների տեղիք տվել: Հիմա արդեն փաստաթուղթն իրականություն է, քանի որ նոյեմբերի 24-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան ստորագրել են այն: Աբխազական կողմն, ի դեմս նախագահի, մեծ ոգեւորվածություն ունի պայմանագրի առնչությամբ, ռուսաստանյան կողմն էլ խոստանում է զարգացնել Աբխազիան` ներդրումներ, սոցիալական ու տնտեսական աջակցություն տարբեր փաթեթների տեսքով: Այսպիսով ռուսաստանյան ներկայությունը, արդեն ամբողջապես փաստաթղթավորված, ներառում է ողջ Աբխազիան` երկրի գրեթե բոլոր ոլորտներով հանդերձ: Իսկ ավելի կոնկրետ, ինչպես արդեն դիտարկում էինք արել հոկտեմբերին հրապարակված նյութում, պայմանագիրը փաստացի սոցիալական բարելավումների ու բարեփոխումների, աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման, նաեւ զինուժի վարժեցման ու արդիականացման դիմաց Աբխազիայի անկախության սահմանափակում է ենթադրում: Հատկանշական է, որ այս պայմանագրով ստեղծվում է միացյալ բանակ` անմիջական վտանգի դեպքում երկկողմանի կառավարումը միայն ռուսաստանցի հրամանատարով ղեկավարվելու տարբերակով: Այսինքն` ստեղծվում է ընդհանուր պաշտպանական ենթակառուցվածք, «ռուսաստանյան եւ աբխազական զինուժերից միասնական զինվորական խմբավորման ստեղծում`ագրեսիայի հակադարձման» համար: Պայմանագրի մի կողմի վրա հարձակման դեպքում դա կդիտվի որպես ագրեսիա մյուս կողմի նկատմամբ, որի ժամանակ կողմերը կարող են միմյանց տրամադրել օգնություն, այդ թվում` ռազմական: Այսինքն` ՀԱՊԿ կամ այլ կարգի ու ձեւաչափի կառույցում Աբխազիան ներառելու դժվարությունների փոխարեն հարցը լուծվել է շատ ավելի պարզ, հեշտ ու դյուրին իրագործելի տարբերակով` միջպետական պայմանագրով: Նման դեպքում այն, ինչ 2008թ.-ին Ռուսաստանի կողմից հարավօսական հատվածում դիտվեց որպես հարձակում Վրաստանի վրա` վերջինի ռազմական գործողություններին ի պատասխան, այս փաստաթղթով Աբխազիայի պարագայում ակնհայտ նախազգուշացում է որեւէ ռազմական քայլի դեպքում ռուսական տանկերի մուտքը Վրաստան կասեցնելու դժվարության մասին: Նույն հաջողությամբ անհրաժեշտություն չի առաջանա որեւէ մեկի հետ բանակցելու կամ պայմանավորվելու Աբխազիայի` ռուսաստանյան առաջնորդությամբ կազմվող կամ ձեւավորվող կառույցներում ներգրավվածության առնչությամբ: Եվ դա այն պարզ պատճառով, որ ըստ պայմանագրի կիրականացվի մաքսային ու հարկային մարմինների գործունեության համապատասխանեցում, Աբխազիայի բյուջետային ու հարկային օրենսդրության համապատասխանեցում ռուսաստանյան օրենսդրությանը: Ավելինՙ աբխազական մաքսավորները պետք է ճանաչեն ռուսաստանյան մաքսավորների մաքսային վերահսկողության արդյունքները: Այսինքն` Եվրասիական տնտեսական միություն կլինի, թե մեկ այլ կառույց` Աբխազիան կարող է անգամ ոչ ֆորմալ միանալ դրանց` որպես ռուսաստանյան ստանդարտներով ու կարգավորումներով առաջնորդվող տարածք: Պայմանագիրը սահմանում է համագործակցության, ինտեգրման ու գործընկերության հիմնական ուղղությունները. համաձայնեցված արտաքին քաղաքականության իրականացում, պաշտպանության ու անվտանգության ընդհանուր տարածքի ձեւավորում, միասնական սոցիալական ու տնտեսական տարածքի ստեղծում` ընդհանուր մշակութային եւ մարդասիրակաան տարածքի պահպանում: Պայմանագիրը նաեւ մանրամասնում է, որ Աբխազիայում միջին աշխատավարձը աստիճանաբար կհասցվի Ռուսաստանի Հարավային օկրուգում ընդունված չափերին, կբարձրացվեն թոշակները Աբխազիայում ապրող ՌԴ քաղաքացիների համար, սոցիալական փաթեթի բարելավումՙ կրկին ՌԴ քաղաքացիների պարագայում: Առողջապահության, կրթության, դեղագործության ու մի շարք այլ ոլորտներում կներդրվեն ռուսաստանյան ստանդարտներ: Ակնհայտորեն Աբխազիան ինքն այլեւս անելիք չի ունենա. նրա փոխարեն կորոշի, կմտահոգվի, խնդիրները կլուծի Ռուսաստանը: Ռուսաստանն էլ դերակատարություն կստանձնի Հայաստանի համար Վրաստանին ու Աբխազիային առնչվող հարցերում, որոնց հայանպաստ լուծմանն հաստատապես խանգարելու են վրաց-ռուսական այդպես էլ ոչ մի կարգավորման մակարդակի չբերված հարաբերությունները: Խոսքն առաջին հերթին աբխազական երկաթուղու վերականգնման մասին է, որի առնչությամբ վրացական իշխանությունները որոշակի դրական մոտեցում ունեին, իհարկե, սեփական շահերն առաջնային սպասարկելու սկզբունքից ելնելով: Վրացական կողմին անհարմար կլիներ աբխազական տարածքը որեւէ կերպ կապել Վրաստանին` հնարավորինս պակասեցնելով հաղորդակցությունը ռուսաստանյան ուղղությամբ: Սակայն այսպիսի պայմանագրի ստորագրումը, ինչն արդեն իսկ դժգոհություն է առաջացրել Վրաստանում, դժվար թե որեւէ կերպ նպաստի աբխազական երկաթուղու հարցի լուծմանը: Վրաստանով անցնող եւ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ցամաքային ճանապարհներից մեկը, որ անցնում է Վերին Լարսով, եւ որ արդիականացման, նորոգման, բարեկարգման աղերսող կարիք ունի, եւս կարող է նույն պայմանագրի պատճառով լավագույն դեպքում մատնվել անտարբերության` անկախ Հայաստանի համար ունեցած նշանակությունից: |