ԻՐԱՆԸ ԴՈԼԱՐ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՈՒՄ Պ. Ք. Իրանի Կենտրոնական բանկը հայտարարել է ուրիշ երկրների հետ գործարքների կնքման դեպքում հաշվարկներ կատարելիս ամերիկյան դոլարի կիրառությունից հրաժարվելու մասին: Այդ մասին հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը: «Արտաքին առեւտրի ոլորտում պայմանագրերի կնքման դեպքում այսուհետեւ կօգտագործվեն ուրիշ արտարժույթներ, այդ թվում յուան, եվրո, թուրքական լիրա, ռուսական ռուբլի եւ հարավկորեական վոն», մանրամասնել է ԿԲ փոխտնօրեն Գոլամ Ալի Քամյաբը : Նշվում է, որ Իրանը ներկայումս քննության է առնում մի շարք երկրների հետ արժութային երկկողմ համաձայնագրեր կնքելիս դրամական ուրիշ միավորներ օգտագործելու հնարավորությունը: Քամյաբի խոսքերով, նախատեսվում է մոտ ժամանակներս ստորագրել այնպիսի համաձայնագրեր, որոնք կնպաստեն առեւտրատնտեսական գործառնությունների իրականացմանը: Ի դեպ, օրերս Ժնեւում իրանական միջուկային ծրագրի սահմանափակմանը նվիրված Իրան-«վեցյակ» բանակցությունների հերթական փուլն ավարտվել էր անարդյունք, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն իր վաշինգտոնյան ելույթում Իրանին ամբաստանել էր ահաբեկչության օժանդակելու մեջ: Դրանից հետո նախագահ Օբաման դեմ էր արտահայտվել հակաիրանական նոր պատժամիջոցների ձեռնարկմանըՙ հասկացնելով, որ դա կարող է իրանցիներին դրդել վերսկսելու իրենց միջուկային ծրագիրը: |