ՎՈԼՈԴՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 2015 թ. հունվարի 26-ին երկրային իր կյանքն ավարտեց Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան դպրոցի տնօրեն, ՌԱԿ եւ ԹՄՄ անդամ Վոլոդյա Հմայակի Մարտիրոսյանը: Վ. Մարտիրոսյանը ծնվել է 1955 թ. Վրաստանի Մառնեուլի շրջանի Ախքյորտի գյուղում: Ավարտելով Ստեփանավանի N1 միջնակարգ դպրոցըՙ 1972-ին ընդունվել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետը: Աշխատել է ՆԳ բաժնում, որպես մանկական բաժնի վարիչ, ապա Մասնագիտական տեխնիկական ուսումնարանում: 1994-ին նշանակվել է ուսումնարանի տնօրեն, իսկ 1999-ից Լոռու Մարզպետարանի կողմից նրան է վստահվել Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան դպրոցի տնօրենի պաշտոնը: Վ. Մարտիրոսյանն ամուսնացած էր եւ հայր երկու որդիների եւ պապՙ չորս թոռների: Նա ընտանիքին նվիրված ու հոգատար հայր էր, հայկական ասպնջական օջախի տանտեր: Աշխատավայրում խստապահանջ ղեկավար էր, բայց եւ կարեկից ու գթասիրտ եղբայր, որ կարողանում էր արժանապատիվ հնազանդություն պահանջել գործընկերներից: Նրա մեջ զսպվածությունը, բարությունն ու խստապահանջությունը շաղախված էին միմյանց: 2000 թ.ից հանդիսանում էր ՌԱԿ անդամ, ՌԱԿ Ստեփանավանի ակումբի ատենապետ: 2003 թ.ին անդամակցել էր Թեքեյան մշակութային միությանը: Վ. Մարտիրոսյանը պարգեւատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով, որոնք վկայում են հասարակությանՙ նրա հանդեպ ունեցած խոր երախտագիտության մասին: Նրա հիշատակը վառ կմնա աշակերտական մի քանի սերունդների, կուսակցական գործընկերների սրտում: Ցավակցություն նրա ընտանիքին, մյուս հարազատներին եւ գործընկերներին: |