RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-09-17 23:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1551, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆՙ ԻՆՔՆԱՄՓՈՓ ԲԱՐԵՐԱՐԸ

Հ. Ծ.

Միջազգային եւ հատկապես ամերիկյան գործարար շրջանակներում իր անակնկալ որոշումներով շատ անգամ մարդկանց զարմացնող, երբեմն նաեւ զայրացնող, լեգենդ դարձած հայազգի մագնատ, բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանը 98 տարեկանում վախճանվել է երկուշաբթի օրը Բեվերլի Հիլզի իր տանը: Նրան համարում էին հաջողակ գործարար: Հեռատեսությամբ եւ գործարքներ կնքելու ճիշտ պահը ընտրելու ունակությամբ օժտված Քըրքորյանը ամենատարբեր ոլորտներում աշխատելուց հետո ի վերջո 1969ին մտավ շարժանկարի բիզնեսի աշխարհը եւ գնեց Metro Goldwyn Mayer ընկերությունը, որը հիմնադրվել էր 1920-ական թվականներին: Ըստ լրագրող եւ «Awards» ամսագրի խմբագիր Թիմ Գրեյի, նրան համարում էին «Բարբարոս օտարականը», որը շոու-բիզնեսը համարում էր վերավաճառելու հնարավորություններ ստեղծող եկամուտի աղբյուր, եւ այնքան էլ չէր հետաքրքրվում ֆիլմարտադրության որակի կամ քանակի հարցերով:

Տասնմեկ տարի անց, 1981-ին նա գնեց նաեւ «United Artists» կինոընկերությունը եւ 1986-ին 1,5 միլիարդ դոլարով երկու ընկերություններն էլ վաճառեց CNN-ի հիմնադիր Թեդ Թերներին: Ընդամենը հինգ ամիս հետո նա այդ բոլորը հետ գնեց 470 միլիոն դոլարով: Եվ այսպես շարունակ գնել-վերավաճառելով հսկայական գումարներ աշխատելուց հետո նա անցավ հյուրանոցային բիզնեսին: 1993-ին Լաս Վեգասում բացվեց 2000 սենյականոց MGM-Grand հյուրանոցը, իր թեմատիկ պուրակով:

Հայ մրգավաճառի չորս զավակներից ամենափոքրըՙ Քըրք Քըրքորյանը ծնվել էր Ֆրեզնոյում (Կալիֆոռնիա): Չորս տարեկան էր, երբ հոր ծաղկուն գործունեությունը սկսում է անկում ապրել: Ընտանիքը սնանկանում է եւ ապրում թափառական կյանքով: «Fortune» ամսաթերթին տված իր հազվադեպ հարցազրույցներից մեկում (1969 թ.) Քըրքորյանը խոստովանում է. «Երբ փոքր էի, մենք առնվազն քսան անգամ փոխել ենք մեր կացարանը: Շատ հաճախ վարձը չէինք կարողանում վճարել եւ մեզ դուրս էին հանում մի քանի ամիս անց»:

Հաճախակի բացակայությունների եւ աշակերտների հետ վիճելու, կռվելու պատճառով նրան դպրոցից հեռացնում են եւ ուղարկում իրավազանցների հատուկ դպրոց եւ հետագայում նաեւ ավտոմեքենաների նորոգման ուսումնարան: 1937-ին նա իր բախտը փորձում է բռնցքամարտի ասպարեզում, մի տարվա ընթացքում մասնակցելով 33 մարտերի, որոնցից միայն չորսում է պարտվում: Բայց իր առաջին օդանավային թռիչքը մեծապես փոխում է իր կյանքը: Այնքան է տարվում թռիչքներով, որ կողմնակի այլ գործեր է անում կարողանալ վճարելու համար իր դասերի վճարը: Վերջապես ստանում է առեւտրական օդաչուի վկայականը եւ աշխատում որպես հրահանգիչ նախ «King City Air Academy»ում եւ ապա «Morton Air Academy»-ում: Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին նա ծառայել է Միացյալ Թագավորության «արքայական օդուժի տրանսպորտային հրամանատարությունում» ամսական 1000 դոլար աշխատավարձով եւ թռչել մինչեւ Աֆրիկա, Հնդկաստան եւ այլուր: 1960-ին լոսանջելեսյան իր «Օդային ծառայությունը» չարտերային վարձակալական հիմունքներով ինքնաթիռներ տրամադրելու ծառայություն էր մատուցում: Նա վերանվանեց ծառայությունը դարձնելով այն «Trans Intl. Airlines»-ի, որի եկամուտները 250 հազար դոլարից 1961-ին հասել էր մինչեւ 1 միլիոն դոլարի, երբ նա վաճառեց այն Ստուդեբեյքերին:

Նա չափազանց ինքնամփոփ մարդ էր, բայց ուներ հռչակ ձեռք բերած ընկերներ, որոնց շարքում հատուկ տեղ էր զբաղեցնում Գարի Գրանտը: Ամուսնացել էր Հիլդա Շմիդտի հետ 1942-ին, բայց բաժանվել 1951-ին: 1954-ին ամուսնացել էր պարուհի Ջին Հարդիի հետ, որից 2 զավակ էր ունեցելՙ Թրեյսի եւ Լինդա անուններով, որտեղից էլՙ նրա հիմնադրած «Լինսի» հիմնադրամի անունը: 1999-ին իր 3-րդ կարճատեւ ամուսնությունը թենիսիստ Լիզա Բոնդերի հետ սկանդալային ավարտ էր ունեցել: Զավակների անուններով հետագայում նա «Թրասինդա» («Tracinda») կորպորացիան էր հիմնել: «Լինսի» հիմնադրամի միջոցով էր, որ իրականացվում էին երկրաշարժից հետո Հայաստան հասնող հսկայական օժանդակությունները, նաեւ` ճանապարհաշինական եւ մյուս տպավորիչ ծրագրերը:

Չնայած համեստության պատճառով չէր ցանկացել իր կենդանության օրոք իր անունը փառաբանված տեսնել հայրենիքում, այդուհանդերձ վստահ ենք Հայաստանի կառավարությունը պատշաճ առիթն ու վայրը կգտնի հավերժացնելու համար այս մեծ հայի հիշատակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ