RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015



Տեղադրվել է` 2015-07-23 22:56:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1704, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԱՌԱ՛Ջ ԻՏԱԼԻԱ ԵՎ ԱՌԱ՛Ջ ՀԱՅԱՍՏԱՆ

Հ. ԱՖՅԱՆ

Այս տարվա մայիսին իտալական խորհրդարանի ստորին պալատում տեղի ունեցած քվեարկությունից հետո այդ երկրում ընդդիմադիր` «Առա՛ջ Իտալիա» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը (չխառնել` «Առա՛ջ Հայաստան» կարգախոսի հետ) լքեց խորհրդարանը: Բանն այն է, որ խորհրդարանի ստորին պալատը` 334 կողմ եւ 61 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց վարչապետ Մաթեո Ռենցիի կառավարության ներկայացրած օրինագիծը` խորհրդարանական ընտրությունների մասին: Օրենքը Իտալիայում կգործի 2016-ի հուլիսի 1-ից: Ըստ օրենքի` Իտալիայում հաջորդ խորհրդարանական ընտրությունները կվերաբերեն բացառապես ստորին պալատին (խորհրդարանի), իսկ վերին պալատ` Սենատը, փաստորեն կլուծարվի` կորցնելով իր դերակատարումը օրենսդիր ոլորտում: Օրենքով նաեւ նախատեսվում է իտալական խորհրդարանի ընտրությունները` երկու փուլով անցկացնելու հավանականություն, սա այն պարագայում, երբ ընտրությունների արդյունքում դրանց մասնակից կուսակցություններից որեւէ մեկին չհաջողվի հավաքել ընտրողների ընդհանուր ձայների ավելի քան 40 տոկոսը: Այս պարագայում նախատեսվում է անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ, ընդ որում միայն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունների մասնակցությամբ, որոշելու այն կուսակցությունը, ով խորհրդարանում կձեւավորի, ինչպես Հայաստանում են ասում` կայուն մեծամասնություն: Վարչապետ Ռենցին օրենքի այս դրույթը հիմնավորել է նրանով, որ այսկերպ հնարավորություն կլինի խուսափել խորհրդարանական իշխող կոալիցիաներ կազմելու անհրաժեշտությունից` մեծամասնություն ստանալու համար, քանի որ, ուշադրություն` «այդ կոալիցիաները Իտալիայում քաղաքական անկայունության եւ տնտեսական ճգնաժամերի պատճառն են»,- ասել է Ռենցին:

Հայաստանի Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների նախագծում կա հետեւյալ հոդվածը. «Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները»: Տրամաբանում ենք, որ կոալիցիաները, որոնց անհրաժեշտությունը նոր Սահմանադրության ընդունման պարագայում, հասկանալի է, կորելու է, այդ թվում` Հայաստանում, քաղաքական անկայունության եւ տնտեսական ճգնաժամի պատճառներն էին, համենայն դեպս մենք իտալացիներին կրկնելու համար պետք է նրանց նույն դարդն ունենանք:

Ի դեպ, իտալացիներին կրկնելու հետ կապված ասենք, որ այս տարվա մայիսին, երբ իտալական խորհրդարանն ընդունեց այս օրինագիծը, ընդդիմադիր «Առա՛ջ Իտալիան» դահլիճը լքելուց հետո հայտարարեց, որ այս օրենքով երկրում հաստատվելու է տոտալիտար ռեժիմ: Մեզ մոտ մինչ հինգշաբթի օրը երեկոյան, խորհրդարանական ոչ մի կուսակցություն իր կարծիքը չէր հայտնել սահմանադրական առաջարկվող փոփոխությունների մասին: Հավանաբար մարդիկ հանգստանում են... Իտալիայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ