RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2015-08-28 23:27:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2859, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻ ՀԵՂԵՂ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Ով ինչպես է արձագանքում

Եվրոպա մուտք գործող փախստականների եւ անօրինական ներգաղթյալների թիվը հասել է Երկրորդ աշխարհամարտի վերջում արձանագրված ռեկորդային ցուցանիշներին: ԵՄ իշխանությունները պահանջում են հավասարապես բաշխել գաղթյալներին եւ ընդունել փախստականների թվին առնչվող պարտադիր քվոտաներ: Եվրոպական շատ պետություններ դեմ են այդ նախաձեռնությանը: Դրանց իշխանությունները հայտարարում են, որ փախստականների հոսքի ավելացման համար մեղավոր են այն պետությունները, որոնք մասնակցել են մերձավորարեւելյան եւ հյուսիսաֆրիկյան ռազմական հակամարտություններին: Սոցիոլոգները նշում են, որ առայժմ անհնար է գտնել տվյալ խնդրի լուծումը:

Շարունակում է աճել ընդհատակյա ներգաղթյալների թիվը: Հուլիսին ԵՄ-ում արձանագրված գաղթյալների թիվը հասավ 107,5 հազարի: Դա եռակի շատ է, քան անցյալ տարվա հուլիսին, հաղորդում է Grontex մոնիտորինգային գործակալությունը: Ներգաղթյալները գրոհում են սահմանամերձ շրջանները: Մերձավոր Արեւելքից եկողները Թուրքիայով շարժվում են դեպի Հունաստան եւ արեւելաեվրոպական երկրներ, իսկ Հյուսիսային Աֆրիկայից եկողները ձգտում են հասնել Իտալիայի ափերին:

Նախկին սոցերկրների մեջ միգրացիոն ճգնաժամն առավել սրությամբ զգացվում է Հունգարիայում: Այս տարի այնտեղ գրանցվել է քաղապաստան խնդրողների 120 հազար նախնական դիմում: Եվրոմիության արեւելյան սահմանի մոտ Հունգարիան իր դիրքի պատճառով բնական դարպաս է մերձավորարեւելյան գաղթականների համար: «Ուոլ Սթիրթ ջոռնըլ» թերթը մեջբերում է տեղական իշխանությունների այն հայտարարությունը, թե գաղթականները սահմանը հատում են մի քանի տասնյակ հոգանոց խմբերով:

Հունգարիայի իշխանությունները հայտարարել են, որ Սերբիայի հետ երկրի 180 կիլոմետրանոց սահմանի հսկողությունն ուժեղացնելու նպատակով հավելյալ կարգով կներգրավվի մի քանի հազար ոստիկան: Հունգարիան նաեւ մտադիր է խստացնել պատիժները եւ սահմանի անօրինական հատման համար դատապարտել մինչեւ 4 տարվա բանտարկության: Հունգարացիները փշալարեր կանցկացնեն հունգարա-սերբական սահմանի երկայնքով:

Հունաստանում եւ Իտալիայում արդեն 40 հազար փախստական կա: Իտալիայի իշխանությունները համաեվրոպական վերահսկիչ մարմիններին քանիցս կոչ են արել երկրին օգնել հաղթահարելու գաղթյալների հոսքի հետ կապված դժվարությունները:

Ներգաղթյալների գլխավոր նպատակն է հասնել տնտեսապես առավել զարգացած Հյուսիսաին Եվրոպայի երկրներ: Նրանց գրեթե կեսը փորձում է հաստատվել Գերմանիայում: Այդ երկրում ապաստանելու խնդրանքով դիմել է 83 հազար մարդ. դա նախնական դիմումների 40 տոկոսից ավելին: է Մինչդեռ Լեհաստանում, Չեխիայում, Սլովակիայում, Ռումինիայում, Բուլղարիայում եւ մերձբալթյան երեք պետություններում այս տարի տրվել է ընդհանուր առմամբ 6 հազար դիմում:

Արեւելաեվրոպական երկրները ստեղծված կացության համար մեղադրում են իրենց արեւմտյան հարեւաններին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կարծիքովՙ ԵՄ արեւմտաեվրոպական անդամները նպաստել են ԵՄ-ում փախստականի կարգավիճակի եւ նպաստների շնորհման դյուրացմանը: «Ձախակենտրոն կուսակցությունների քաղաքականությունը հանգեցրեց Եվրոպան հեղեղած անօրինական ներգաղթյալների հոսքին: Դա Եվրոպային սպառնում է աննախադեպ սոցիալ-տնտեսական ու մշակութային հակամարտությամբ», հայտարարել են Հունգարիայում կառավարող «Ֆիդեշ» կուսակցության վարչությունում:

Արեւմտաեվրոպացի պաշտոնյաները առարկում են, ասելով, թե միգրացիոն ճգնաժամը արտակարգ իրավիճակ է, որը պետք է հաղթահարվի ԵՄ անդամ բոլոր պետությունների համատեղ ջանքերով: Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը «Բիլդ» թերթին տված հարցազրույցում ասել է. «ԵՄ որոշ երկրների միության մեջ ուզում են միայն օգուտ տեսնել: Նման վերաբերմունքը կոչնչացնի Եվրոպան»:

Ներգաղթի հետ կապված քաղաքական վեճերը սրվեցին անցյալ տարվա աշնանը, երբ Բրյուսելում վերսկսվեց այն օրինագծի քննարկումը, որը ենթադրում է փախստականների հավասարաչափ բաշխում ԵՄ ամբողջ տարածքում: Դրա նպատակն է մեղմացնել գաղթականների մեծ հոսքեր ընդունող Իտալիայի, Հունաստանի, Հունգարիայի եւ որոշ այլ երկրների դժվարությունները: Այս տարվա մայիսին Բրյուսելն առաջարկեց գաղթականների մի մասին Իտալիայից եւ Հունաստանից տեղափոխել այլ երկրներ: Այդ նպատակով առաջարկվում է մշակել քվոտաների համակարգ, որը հաշվի կառնի արտադրության ծավալի, ազգային գործազրկության, բնակչության ընդհանուր թվի եւ արդեն ընդունված ներգաղթյալների թվի մակարդակը: Սակայն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունները խստիվ քննադատեցին այդ նախաձեռնությունը: Նրանք չեն ուզում հավելյալ ծախսեր կատարել արեւմտաեվրոպական տերությունների մեղքով ծագած խնդրի լուծման համար: «Ես ուզում եմ միայն մեկ հարց տալ. ո՞վ ռմբակոծեց Լիբիան, ո՞վ խնդիրներ ստեղծեց Հյուսիսային Աֆրիկայում», հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ավստրիական թերթերից մեկին տված հարցազրույցում:

Գաղթականների բաշխմանը դեմ է նաեւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների բնակչությունը: Չեխ սոցիոլոգների անցկացրած հարցման տվյալների համաձայն, Չեխիայի բնակչության ավելի քան 70 տոկոսը դեմ է ներգաղթյալների բաշխմանը: Համանման տվյալներ ստացվել են նաեւ Սլովակիայում եւ Լեհաստանում: Միջազգային լրատվամիջոցները օգոստոսի 26-ին հաղորդեցին, որ Բուլղարիան փակել է Մակեդոնիայի սահմանըՙ վախենալով գաղթականների ներհոսից:

Չեխիայի խորհրդարանի եվրոպական գործերի հանձնախմբի նախագահ Օնդրեյ Բենեսիկը հայտարարել է. «Չեխիան երկար ժամանակ եղել է շատ միատարր, մենք սովոր չենք տարբեր մշակույթների եւ ռասաների: Շատերը կարող են մեզ մեղադրել ռասիզմի կամ այլատյացության մեջ, իսկ ես դա կանվանեի զգուշավորություն»:

Արեւելաեվրոպական երկրները հնարավոր են համարում գաղթականների ընդունումը կամավոր հիմունքներով, առանց քվոտաների պարտադրման:

Չեխիան պատրաստ է ընդունել ոչ թե 185 հազար մարդ, ինչպես պահանջում է Բրյուսելը, այլ 15 հազար: Ըստ որում, հատուկ «քննությամբ» պետք է պարզվի, թե նրանք պիտանի՞ են արդյոք երկրին եւ կարո՞ղ են ինտեգրվել հասարակությանը:

Սլովակիան չի կարող ընդունել պահանջվող 11 հազար գաղթյալներին: Երկիրը պատրաստ է ընդունել մոտ 200 սիրիացի փախստականներիՙ պայմանով, որ նրանք լինեն քրիստոնյա:

«Եվրոմիության ներսում ահագնացող հակամարտությունը մերկացնում է բուն եվրոինտեգրման եւ բազմամշակութայնության հնարավորության հետ կապված խնդիրները», արձանագրում է «Գազետա.ռու» կայքէջը: Չեխիայի վարչապետի եվրոինտեգրման հարցերի գծով խորհրդական Տոմաշ Պրուժան օրերս հանդես եկավ հետեւյալ հատկանշական հայտարարությամբ. «Թվում էՙ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպան չի կարողանում գլուխ հանել խնդրից: Մեզ հաջողվեց հաղթահարել տնտեսական ճգնաժամը եւ ուրիշ բարդություններ: Կարծում եմՙ սա առաջին դեպքն է, երբ Եվրոպան անզոր է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ