ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Օրերս հեռուստատեսությամբ լսեցի «Այո»ի քարոզարշավին լծված խմբերից մեկի երիտասարդ մի անդամի, որ տարակուսանքով իրեն հետեւող քաղաքացիներին ասում էր, թե բարեփոխված Սահմանադրությունը «կախարդական այն փայտիկն» է լինելու, որը «հիմնովին փոխելու է մեր կյանքը»: Անշուշտ հեքիաթայինի ուղղությամբ: Հեռուստատեսությամբ տեսա նաեւ հակառակ ճամբարից մեկ այլՙ արդեն հայտնի գործչի, որն իր «Ոչ»ական ընկերներին գերազանցելու մարմաջով չգտավ այլ բանՙ քան ժողովրդական կլիշենՙ «ծուռ քանոնից ուղիղ գիծ դուրս չի գա»: Այսպեսՙ «կախարդական փայտիկ»-«ծուռ քանոն», իսկ երկուսի արանքումՙ շփոթված ժողովուրդ, որ վաղը չէ մյուս օր գնալու է քվեարկելու: Միակ բարեբախտությունը այն է, որ թե՛ «Այո»ի, թե՛ «Ոչ»ի կողմնակիցներն իրենց հորդորներում ու քարոզներում գեթ մեկ պարագայում նույն կոչն են անումՙ անշուշտ տարբեր դրդապատճառներովՙ «անպայման գնացեք քվեարկելու»: Թե այդ կոչին որքանով ականջալուր կլինեն մեր քաղաքացիները, դժվար է ասել, սակայն հաստատապես կարող եմ պնդել, որ «Այո»ն հաղթելու է: Եվ իմ այս պնդումը հիմնավորված չէ այն սուբյեկտիվ հանգամանքով, որ ինքս այդպես եմ ուզում, ոչ էլ նախորդՙ 1995 եւ 2005 թթ.ի նախադեպերով, երբ ամեն բան արվեց, հատկապես առաջին Սահմանադրության ընդունման համար, որպեսզի ընտրազանգվածի պատասխանն ու մասնակցությունը դրական ցույց տրվի: Իմ պնդումը հիմնված է մի պարզ, շատ պարզ դիտարկման վրա, հատկապես Երեւանից դուրսՙ մարզերում ու շրջաններում. մարդիկ դժգոհ են իրենց կյանքից, վիճակից, հետեւաբար Սահմանադրական փոփոխությունները միգուցե առիթ դառնան վերափոխելու իրենց կյանքը, բարելավելու իրենց վիճակը: Մինչդեռ, շարունակելով ժողովրդական նույն տրամաբանությունը, «Ոչ»ի պարագայում իրենց վիճակը չի փոխվելու: Եվ իսկապես: Հակառակ շատ շատերի հետ նաեւ իմ ունեցած մտավախություններին, որոնց մասին արտահայտվել եմ այս սյունակում թե տարբեր առիթներով, «Ոչ»ը մեզ ոչ իմ տեղ չի տանելու, դեպի լավը չի փոխելու մեր կյանքը, մանավանդ որ «Ոչ»ականները փաստորեն ոչ մի նոր բան չեն առաջարկում, այլ պահանջում են պահպանել նույնը, այսինքն այն նույն վիճակը, որից առաջինը, եւ իրավացիորեն, դժգոհում են իրենք: Նրանք պահանջում են պարզապես դեն շպրտել «ծուռ քանոնը», որի ուժը իրենք չունեն, ոչ էլ կամքն ու ջանքըՙ փոխարենը սեփական, «ուղիղ քանոն» ստեղծելու: Ինչ վերաբերում է «կախարդական փայտիկին», դա էլ միայն հեքիաթներում է լինում, իսկ կյանքը հեքիաթ չէ, դժբախտաբար: Ուրեմն սպասենք մինչեւ երկուշաբթի եւ հուսանք, որ այն դրական փոփոխությունների սկիզբ կլինի: |