RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1838, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԲԱԶՄԻՄԱՍՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ճիշտն ասած` ուրիշ շատ լրատվամիջոցների հետ մեզ էլ չի բավարարում այն ֆորմատը, որը երկրի կարեւոր խնդիրների վերաբերյալ ասելիք ունենալիս միշտ ընտրում է նախագահ Սերժ Սարգսյանը` հանդիպելով մի շարք պալատական հեռուստալրագրողների հետ: Սակայն այս մասին խոսողների պակաս երեկ չկար, այնպես որ ընթերցողին փոխանցենք մի շարք շեշտադրումներ, որ արել է նախագահն իր հարցազրույցում, այս դեպքում առավել կարեւորելով մեր ընթերցողի իրազեկվելու իրավունքը: Մանավանդ` ե՛ւ իրավիճակի, ե՛ւ վերջին մի շարք իրադարձությունների վերաբերյալ երկրի ղեկավարի տեսակետի պակասը կար: Սակայն ծավալուն հարցազրույցից հետո անգամ հարցեր կան, որոնք միանշանակ պատասխան չունեն, ու անգամ` Սերժ Սարգսյանն իրեն վերաբերող հարցերում խորհրդավորությունը պահպանեց, մի շարք հարցերի պատասխանների վերաբերյալ էլ տարբեր ենթադրությունների դուռը բաց մնաց: Երկու հարցի պատասխան, որ հաստատ բազմիմաստ են` սահմանադրական փոփոխությւոնների «այո»-ի ու «ոչ»-ի պարագայում, որն էլ լինի` աշխարհը չի վերջանում, պատրաստի սցենարներ կան, երկրորդ` նախագահը այլեւս չի ասում, որ վարչապետ կամ ԱԺ նախագահ չի դառնա, դա կախված համարելով ապագա խորհրդարանական ընտրություններից, ու դրանից էլ առաջ երեւի այս հանրաքվեից: Ընթացքում էլ շեշտում է անվտանգության կառույցների իր բազմամյա փորձը` աշխարհաքաղաքական այս նոր իրավիճակի ֆոնին...

Նախ` սահմանադրական փոփոխությունների պահանջարկված լինել-չլինելու մասին հարցին պատասխանելիս նա կանգ առավ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում եւ սրընթաց փոխվող աշխարհի պարագայում այժմ գործող սահմանադրությունում իր զգացած վտանգների վրա, միաժամանակ նշելով, թե փոփոխությունների առաջարկումը կյանքի ու մահու խնդիր չէ. կտեսեն` եթե ժողովրդին պե՞տք է այդ փոփոխությունն, ուրեմն այդ ճանապարհով կգնան: Իսկ վտանգ որպես նա նախ նկատի ուներ իրավունքի ու պատասխանատվության անհամաչափությունը գործող սահմանադրությունում, դա ամրագրելով օրինակներով: Եթե «Ժառանգությունը», որը խորհրդարանում անընդհատ բարձրացնում է ԼՂՀ ճանաչման հարցը, գար իշխանության ու ճանաչեր ԼՂՀ-ն, ապա դա նշանակելու էր պատերազմ Ադրբեջանի հետ, քանի որ բանակցությունների ընդհատման այլընտրանքը պատերազմն է, դեռ անհարգալիր էլ պիտի վարվեինք կարգավորման ձեւաչափի մասնակից համանախագահ երկրների հետ: Իսկ Հայաստանի նախագահն ի վերջո պետք է վավերացներ այդպիսի ճանաչման օրինագիծը, այլ բան չէր կարողանա ներկա սահմանադրության դրույթներով, եթե խորհրդարանն ընդուներ այդպիսի օրինագիծ: Նույն կերպ «Ժառանգությունը» Թուքիայից տարածքները հետ պահանջելու նախագիծ էր բերել խորհրդարան, որից նույնպես ընդունման դեպքում պատերազմի հոտ էր փչելու. պատերազմ հայտարարի Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց պատերազմի՞ Սերժ Սարգսյանը, պատկերավորել է իր խոսքը Սերժ Սարգսյանը` Գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունների եւ խորհրդարանական մեծամասնության ցանկությունների անհամապատասխանության վտանգը ներկա Սահմանադրությունում նկարագրելիս: Մի այլ սպառնալիք է համարվել այն պարագան, երբ, ասենք, խորհրդարանում այլ պատկեր լինի (եւ ոչ թե մեկ քաղաքական ուժի գերակայություն), պատերազմական վիճակի եւ երկրի ներսի` քաղաքական առճակատման զուգահեռումը, այսինքն` երկու, դրսի ու ներսի ճակատների առկայությունը ղեկավարության համար խնդիր է լինելու:

Անգամ տնտեսական զարգացման խոչընդոտներ է մատնանշել Ս. Սարգսյանը: Գործող սահմանադրութամբ` կառավարող ուժին ներկայացնող նախագահը պատասխանատու է դառնում երկրի տնտեսության համար, չնայած ի պաշտոնե պատասխանատու չէ, բայց նույն ուժն է ներկայացնում, որը կազմում է կառավարությունը (լղոզվում է տնտեսության մարմինների պատասխանատվությունը, պահանջվում է նախագահից): Բայց, օրինակ, էս տեսակետը անհանգստացնող է եւ դրա հետ կարելի է չհամաձայնել. այսինքն` նախագահն ազատվի՞ պատասխանատվությունից, որ երկիրը չի զարգանում, եւ դրա պատասխանատվությունը կրի միայն վարչապե՞տը: է, ՀՀ քաղաքացու համար միեւնույն չէ՞, ով չի բարելավում իր տնտեսական վիճակը, սրանով զուտ անձերի պատասխանատվության խնդիր է լուծվում, եւ ոչ թե երկրի զարգացման: Կամ` որ դատավորներին նախագահը չնշանակի` մի՞թե մարդիկ հավատալու են, որ նրանք արդար են դատելու:

Վարչապետը դառնում է Գերագույն գլխավոր հրամանատար` ունենալով խորհրդարանի սատարումը, իսկ թե վարչապետի պատասխանատվությունը շատ է, ուրեմն լիազորություններն էլ պետք է շատ լինեն, համոզված է նախագահը: Ընդդիմության լիազորություններն էլ ավելացվում են` հավասարակշռելու համար այդ լիազորությունները, որպես հակակշիռ: Մինչդեռ գործող Սահմանադրությամբ հնարավոր չէ նախագահին հրաժարական պարտադրել, իսկ նոր Սահմանադրությամբ շատ հարցեր խորհրդարանն է որոշելու քվեարկությամբ:

Իսկ թե ինչու է ընդդիմությունը պայքարում իր իսկ ընդլայնվելիք լիազորությունների դեմ` նախագահի պատկերացմամբ այնտեղ մի խումբը խարիզմատիկ մարդիկ են, որոնք նախագահական ընտրություններին մասնակցելով են տեսնում իրենց հետագան, խորհդարանական համակարգով նրանց համար ապագա չի երեւում, կան նաեւ ամեն ինչից դժգոհներ, որոնք ուղղակի «ոչ» են ասում ամեն ինչին, ինչ իշխանությունն է ներկայացնում:

Նա համոզված էր, որ սահմանադրական փոփոխությունները եթե անցնեն` Հայաստանում տեղի է ունենալու կուսակցությունների խոշորացում, այդ խոշորացված միավորների դերակատարումը մեծանալու է: Կայուն մեծամասնության ձեւավորման համար նախագահը չբացառեց նախընտրական դաշինքները, ինչպես նաեւ` մեկ կուսակցության կողմից կայուն մեծամասնությունը, ինչու չէ` նաեւ երկրորդ փուլում տարբեր տոկոսներ ստացած կուսակցությունների միավորումը մեկ նախընտրական բլոկում: «Բա ինչ եւ ինչպես անեն, որ կայունություն լինի երկրում, մեզ պե՞տք է, որ ամեն երեք ամիսը մեկ կառավարություն փոխվի երկրում», հարցադրում արեց նա:

Իր քաղաքական ապագայի մասին հարցեր ունեցողներին նա խորհուրդ է տալիս խոսել երեք տարի հետո, երբ իսկապես նախկին նախագահ կդառնա, մինչ այդ մի երկու տեղ հստակեցրել էր, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններն են որոշելու ամեն ինչ, կախված այն մեծամասնությունից, որը կձեւավորվի: Իսկ թե նախկինում խորհրդարանական համակարգի կողմնակիցը չէր` նա նշեց, որ մեր երկրում մաքուր նախագահական համակարգ եթե գործեր, ինքը չէր գնա այդպիսի փոփոխությունների, իսկ կիսանախագահական կառավարումը, որ հիմա առկա է, կիսում է կառավարության ու նախագահի պարտականությունները, սա անվտանգության առումով շատ վտանգավոր է: Տեսնել վտանգն ու ոչինչ չձեռնակելը նա հանցագործություն համարեց.«Աստված մի արասցե` եթե այս Սահմանադրությունը մնա եւ հետո, դժվարին պայմաններում մեր երկրում խժդժություններ սկսվեն, անկայունություն լինի` գոնե ես կասեմ, ես ժամանակին առաջարկել եմ` տեսնելով վտանգը: Իհարկե, այն ժամանակ միանգամից մացառուտներն են փախչելու մարդիկ, ովքեր այսօր «ոչ» են ասում»:

Իսկ որ սահմանադրությունը ստեղծելու է վտանգ` կուսակցական կաբինետից ղեկավարելու երկիրը, նախագահ Սարգսյանը չհամաձայնեց, եւ բերելով նախագահական ընտրությունների օրինակը` ջանք ներդնելու ու հաղթելու պրիզմայով, նա նշեց, թե բանը հասնում է նրան, որ գնում են այլ մայրաքաղաքներ, բամբասում սեփական իշխանություններից, էլ դավաճանությունը ո՞նց է լինում.«Մարդը, որ չի կարողանում գոնե բոլոր ընտրատեղամասային հանձնաժոողովներում ներկայացուցիչ առաջադրել, իրավունք ունի՞ մեծ-մեծ խոսելու», ընդդիմադիրներին հեգնեց Սարգսյանը: Իսկ թե որտեղից ֆինանս վերցնի ընդդիմությունը, որ իշխանության նման կառույցներ ստեղծի` Սարգսյանի խոսքով դրա համար պետք է տքնել ու աշխատել: Նա նկատեց նաեւ, որ նախագահական ընտրություններին մասնակցողներից եզակիներն են, որ թշնամի չեն դարձել իշխանություններին, երբ իշխանություններին թշնամի ես դառնում երկրին ես վնասում: Լավ, իշխանությունը, հարցնենք, իսկ մի՞շտ է երկրին օգնող գործելակերպ որդեգրու՞մ:

Եթե սահմանադրությունը չփոխվի. ըստ նախագահ Սարգսյանի` այդ դեպքում առնվազն երեք նախագահի թեկնածու կա, որոնցից կընտրվի մեկը: Իսկ որ ժամանակին ասել է, թե ոչ վարչապետ, ոչ ԱԺ նախագահ չի դառնա` այդ խոսքերից հրաժարվո՞ւմ է, նախագահ Սարգսյանն ասաց, որ ոչ թե հրաժարվում է, այլ չի ուզում սկզբունքային գործը խառնել մեկ այլ գործի հետ: Եւ խոսք տվեց այս հարցին հետամուտ Արամ Աբրահամյանին` ընտրություններից հետո (խորհրդարանական) մանրամասն խոսել իր ծրագրերի մասին:

Որ սահմանադրություն փոխելով երկիրը դրախտ չի դառնա` ՍերԺ Սարգսյանը եւս պատկերացնում է, սահմանադրությունը ոչ թե քաղաքացու բարեկեցությունը բարելավելու համար է, այլ այդ բարելավման հնարավորության ապահովման:

Իսկ օրերս վնասազերծված խմբի մասին էլ ասաց այն, ինչ ասել էր ԱԱԾ եւ ոստիկանապետի հանդիպման ժամանակ:

Չգիտենք` այս հարցազրույցից հետո «այո»-նե՞րը կավելանան, թե՞ «ոչերը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ