ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՇՆՈՐՀԻՎ` ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԿՕԳՏՎԵՆ ՀԻՊՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԾՐԱԳՐԻՑ Դեկտեմբերի 3-ինՙ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանի կենդանաբանական այգում հյուրընկալել էին համատեղ իրականացվող հերթական ծրագրի` այգում անցկացվող հիպոթերապիայի մասնակից` հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ծնողներին: Դեռեւս հունիս ամսին Երեւանի կենդանաբանական այգու տարածքում առաջին ներառական խաղահրապարակի բացումով մեկնարկեց Հիմնադրամ-ՎիվաՍել-ՄՏՍ-Երեւանի քաղաքապետարան եռակողմ համագործակցությամբ իրականացվող բազմաբաղադրիչ միջոցառումների շարքը, որոնց հիմնական առաքելությունը հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումն ու նրանց վերականգնողական գործընթացին նպաստելն է: «Մեր օրերում, ցավոք, նվազագույնի է հասել մարդ-բնություն-կենդանական աշխարհ կապը, այնինչ հենց այդ ներդաշնակությունն է մարդու` հոգեւոր եւ ֆիզիկական առողջության գրավականը: Կենդանիների հետ շփման դրական արդյունքը վաղուց է արձանագրվել գիտնականների կողմից, իսկ հիպոթերապիան առանձնահատուկ դեր ունի հաշմանդամություն ունեցող երեխաների բուժման գործում: Բնության գրկում գտնվելու եւ կենդանիների հետ շփվելու առավելությունից զրկված են հատկապես քաղաքաբնակները, եւ ուրախալի է, որ այժմ Երեւանում եւս կա հիպոթերապիայի կենտրոն, ուր կարող են այցելել եւ ծրագրից օգտվել հատուկ կարիքներով երեխաներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հոգ է տարել, որպեսզի ծրագիրը հասանելի լինի երեխաներին անվճար հիմունքներով, եւ ֆինանսական դժվարությունները խոչընդոտ չհանդիսանան փոքրիկների ապաքինման գործում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Այս համատեքստում իրականացվող հիպոթերապիայի ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 1-ից: Հիպոթերապիան բուժական ֆիզկուլտուրայի տարատեսակ է` վերականգնողական գործընթաց, որն իրականացվում է ձիերի հետ շփման եւ ձիավարության միջոցով: Վերջին տասնամյակներում այն համարվում է հաշմանդամության տարբեր տեսակներ ունեցող անձանց ու հատկապես երեխաների հետ աշխատանքի ամենաարդյունավետ ձեւերից մեկն ամբողջ աշխարհում: Այս ընթացքում ծրագրում ներգրավված տասնյակ երեխաներ շաբաթը երկու անգամ այգու ձիարշավարանում անվճար ձիավարելու եւ հատուկ վարժանքների մասնակցելու, իսկ մնացած օրերին իրենց հետ աշխատող ձիերի հետ շփման` անձամբ կերակրելու եւ խնամելու հնարավորություն են ստացել: Նախաձեռնության հիմնական առավելություններից մեկը, թերեւս, ձիարշավարանի դիրքն է: Ի տարբերություն որպես կանոն քաղաքից դուրս գտնվող հիպոթերապիայի կենտրոններիՙ հատկապես երեւանաբնակ երեխաների եւ նրանց ծնողների համար այգու տարածքում տեղակայված ձիարշավարանը անհամեմատ ավելի հասանելի է եւ հնարավորություն է ընձեռում ծրագրին միանալու առանց լրացուցիչ ճանապարհածախսի: Մինչ օրս ծրագրին տարբեր ինտենսիվությամբ մասնակցել է երեք տասնյակից ավելի երեխա: Հաշվի առնելով փոքրիկների ինտեգրման եւ ֆիզիկական վերականգնման գործում ծրագրի կարեւորությունն ու մասնակցության համար գրանցված երեխաների թիվը, նախաձեռության հեղինակները որոշել են այն դարձնել շարունակական: ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ այգու տարածքում իրականացվող ծրագրին երեխաները կկարողանան մասնակցել անվճար հիմունքներով: |