ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆՙ 69... Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Դեկտեմբերի 18-ը բանաստեղծ, մանկագիր, արձակագիր Ղուկաս Սիրունյանի ծննդյան օրն էր: Ղուկաս Սիրունյանը ծնվել է 1949 թ. դեկտեմբերի 18-ինՙ Ուջանում: 1967-1971թթ. սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում եւ ավարտելուց հետո տեւական ժամանակ հայոց լեզու ու գրականություն դասավանդել Սեւանի Գեղամավան գյուղի դպրոցում: 1972-1978 թվականներին աշխատել է «Աշտարակ» թերթի խմբագրությունում, 1978-1989 թվականներին եղել է համբավավոր «Գարուն» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչը: 1989-1992 թվականներին աշխատել է Հայաստանի մշակույթի ֆոնդում, 1992-1993 թվականներին ստանձնել է ռադիոհեռուստապետկոմի մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագրի պաշտոնը: 1993-1994 թթ. աշխատել է ՀՅԴ «Ազատամարտ» թերթում: Երկու տարի անցՙ 1996թ. աշխատանքի է անցել Արագածոտնի մարզային «Կանթեղ» թերթում, որտեղ աշխատեց մինչեւ 1997 թ.: Նույն թվականից մինչեւ 1998 թ. զբաղեցրել է «Պարտեզ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիրի աթոռը: 1998-2010 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության եւ քարոզչության վարչության գլխավոր խմբագիրը: 1988թ. «Աստղածաղիկ» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակին: 2007թ. «Ուշացած կապիկներ» վեպի համար արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակի: Իսկ 2011թ. «Տառափնջիկ» մանկական ժողովածուն արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի եւ այլն: Կյանք է տվել է ավելի քան 23 գրքերի...մի որոշ մասն էլՙ անտիպ, սպասում է տպարան մտնելու բաղձալի օրվան: Գրողների միության անդամ էր, գրողների տանՙ գործադիր տնօրեն, Հայոց բանակի պահեստազորի փոխգնդապետ: Նա ամբողջ կյանքում ապրեց հայի ու հայ գրողի պատիվը սրտում, մի ամբողջ կյանք, որին մահն անժամանակ այցի եկավ, երբ բանստեղծն ընդամենը 67 գարուն էր ապրել, երբ չէր էլ հասցրել 67-րդ տարին մի կարգին մաշել. 2017թ. հուլիսի 2-ին նա հրաժեշտ տվեց երկրային կյանքինՙ բոլորի հուշերում հավերժ մնալով 67 տարեկան: Նա չի մահացել, նա ողջ է: Նա Գնաց երկինք, իր պապերի մոտ, որոնց չէր տեսել, բայց շատ լավ էր ճանաչում, ամեն օր բարեւում ու հետները հաց էր ուտում, մտածում ու... ապրում... |