ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՆԱՎԹԸ. ԻՆՉՈ՞Ւ Է ԱՄՆ-Ը ՇՏԱՊՈՒՄ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ Համադրեց ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆԸ Նիկարագուան եւ Կուբան ԱՄՆ-ի ռազմավարական ծրագրերում Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն 2013 թվականից մինչեւ օրս երկրի բնակչությանը անվճար հատկացրել է ավելի քան 1 մլն բնակարան, բայց Արեւմուտքի լրատվամիջոցները նրան համառորեն մեղադրում են մարդկանց փողոց նետելու մեջ: Կարակասը չքավոր արվարձանների քաղաքից վերածվել է խաղաղ խոշոր քաղաքի, բայց դա ամերիկյան եւ բրիտանական լրատվամիջոցներին չի խանգարում վարչակարգին խարազանելու հանցավորության հանդեպ թողտվության մեջ: Բացի դրանից, ԱՄՆ-ից ներկրվող ապրանքները Վենեսուելայում վաճառվում են մի քանի տասնյակ անգամ ցածր գներով, իսկ տարբերությունը ծածկվում է պետական հատկացումների հաշվին: Երկրի եկամուտների երեք քառորդը հատկացվում է սոցիալական կարիքներին, բայց Արեւմուտքի մամուլը շարունակում է պնդել, թե Մադուրոն է խլում բնակչության եկամուտները, նշում է ռուսաստանցի վերլուծաբան Ռուսլան Խուբիեւը «Ռեգնում» գործակալության կայքում: Նավթի դիմաց երկիրը գրեթե միշտ գյուղմթերքներ է ձեռք բերել ԱՄՆ-ից: Բեռնարգելք, պատժամիջոցներ եւ շրջափակում հաստատելովՙ ԱՄՆ-ը, միեւնույն ժամանակ, հրաժարվեց այդ երկրին սնունդ վաճառելուց, սակայն կրկին մեղադրվում է պաշտոնական Կարակասը: Վենեսուելայի հասարակությունը վերջին տարիներին բաժանված է երկու մասի: 2016 թվականին նոր ազատական ընդդիմությունը հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի սառը պատերազմի պատճառով նավթի գները զգալիորեն նվազեցին, իսկ Սպիտակ տան ստորագրած հրամանագրում խոսվեց Վենեսուելայից բխող արտակարգ սպառնալիքի մասին: Այդ տարվա կեսերին եղավ սաստիկ երաշտ, ըստ որում երկրի էլեկտրաէներգիայի 70%-ը արտադրվում էր խոշոր հիդրոէլեկտրակայաններում: Դրանից անմիջապես հետո վենեսուելացի ընդդիմադիրներին հրավիրեցին ԱՄՆ, եւ սկսվեց իրադրության բարդացումը: Արեւմուտքի ապատեղեկատվությունը շփոթության մեջ գցեց նույնիսկ Վենեսուելայի բարեկամներին: Ընդդիմությունը սկսեց իրականացնել ընդդիմագործություններ, հոսանքահատումներ, ջրամատակարարման խափանումներ, իսկ պարենավորման համար նախատեսված պետական հատկացումները սկսեցին օգտագործվել սեւ շուկայի համար: Մարդկանց ստիպում էին սուբսիդավորվող մթերքները վաճառել երկիրը հեղեղած սպեկուլյանտներին, իսկ վերջիններս էլ արտահանում էին դրանք: Այլ կերպ ասած, Վենեսուելան կորցնում էր դոլարային մուտքերը, տառապում ներքին ընդդիմագործությունից եւ ԱՄՆ-ի ահաբեկումներից: Բայց ինչո՞ւ ԱՄՆ-ին այդ ժամանակ չհաջողվեց հասնել իր նպատակին: Բանն այն է, որ մինչ ընդդիմությունը ԶԼՄ-ներում հաղթանակ էր տոնում, Մադուրոյի կառավարությունը նոր ռեկորդ սահմանեց. երկրում սոցիալական ներդրումների մակարդակը առաջին անգամ գերազանցեց 70 տոկոսը: Մեկ տարում երկրի բնակչությանը հատկացվեց 359 հազար անվճար բնակելի տուն եւ նորոգվեց 335 հազար տուն: Անվճար բուժսպասարկման հնարավորությունները տասնապատկվեցին: Օրհասական պահին օգնության հասավ նաեւ Ռուսաստանըՙ առաջ մղելով OPEC+ պայմանագիրը: Ռուսական դիվանագիտության ջանքերով նավթի գինը վերականգնվեց ընդունելի մակարդակի վրա, ինչը մեծապես օգնեց սոցիալական բարդ խնդիրներ լուծող Վենեսուելային: 2018 թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում ԱՄՆ-ի կողմից «բռնապետ» հորջորջված սոցիալիստ Մադուրոն ստացավ քվեների 68 տոկոսը, բայց Վաշինգտոնը մնացյալ 32%-ի մեջ տեսավ նոր հնարավորություններ: Ազատ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում տեղի ունեցավ էլիտաների զտում, ինչը չէր եղել Մադուրոյին նախորդած Ուգո Չավեսի օրոք: Դրա հետեւանքով նախագահը մեն-մենակ հայտնվեց ճգնաժամային տնտեսության, արժույթների փոխարկման երկակի համակարգի, սեւ շուկայի, եւ որ ամենագլխավորն էՙ ընդամենը 15 20 տոկոսով ազգայնացված տնտեսության դեմ հանդիման: Ըստ որում, ակտիվների 80%-ը մնաց մասնավոր կապիտալի եւ ընդդիմության ձեռքին: Հենց այդ ուժերն են ներկայումս պետական հեղաշրջման փորձեր անում, իսկ ամերիկացիները դրանց օգտագործում են բողոքի շարժումը կառավարելու համար: Նախագահին պաշտոնապես ընդդիմանում է սահմանադրական նորմերի խախտման մեջ մեղադրվող խորհրդարանը, բայց Կարակասի իրական խնդիրը ԱՄՆ-ի հետ ամբողջական տնտեսական պատերազմն է: Վենեսուելայի արտահանության 90%-ը կազմում է ծանր նավթը, որը չի հոսում խողովակներով: Այդ պատճառով, արտահանելուց առաջ այն հարկավոր է ջրիկացնել: Անցյալում այդ նպատակով նավթահանքերը պայմանագրային շահագործման էին հանձնվում օտարերկրյա ընկերություններին: Ներկայումս ԱՄՆ-ը պատժամիջոցներ է ձեռնարկել Վենեսուելայի պետական նավթային ընկերության նկատմամբ, չնայած, որ վերջինս երկրին անհրաժեշտ հավելանյութի գլխավոր ներմուծողն է եղել: Նաֆտա կոչվող հավելանյութը ներմուծվում էր ԱՄՆ-ից, եւ առանց դրա խողովակներով նավթի արտահանությունն անհնար էր իրականացնել: Մեքսիկական ծոցում նավթատար տանկերների շրջափակման միջոցով ԱՄՆ-ը Վենեսուելայում նաեւ «նավթային սպիրտի» պակաս առաջացրեց: Ըստ Խուբիեւի, անգլոսաքսոնական այս խաղի երկրորդ բաղադրիչը կապված է այն հանգամանքի հետ, որ Վենեսուելայում հասարակությունը բեւեռացված է: Միջին խավ գոյություն չունի, իսկ հարուստների խավը շատ հեռու է շարքային քաղաքացիներից: Սոցիալական օժադակությունից զրկված հարուստների խավը ամերիկամետ է եւ իր բնակելի թաղամասերում ստեղծել է գունավոր հեղափոխությանը միտված շարժիչ ուժեր: Դրանց միջոցով 2000-ականներին ամերիկացիները ձերբակալեցին նախկին նախագահ Ուգո Չավեսին: Սակայն ԱՄՆ-ի կերտած ընդդիմության առաջնորդները իրենց չարդարացրին, եւ Չավեսը ազատ արձակվեց: Պատմությունը վերհիշելովՙ Մադուրոն հայտարարեց, որ ստեղծվում է աշխարհազորայինների 5 հազար ջոկատ, իսկ մինչեւ մայիս 2 մլն զինված վենեսուելացիներ կկարողանան երկիրը պաշտպանել հնարավոր ներխուժումներից: Ամեն ամիս զենք է բերվում Ռուսաստանից, երկրում արդեն տեղաբաշխված են ռուսական հ-300 հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանի, օդանավեր եւ հրթիռային տեխնիկա: Կարակասն ունի հինգ լիարժեք դիվիզիա 90 հազարանոց ընդհանուր թվակազմով, այնպես որ նույնիսկ ամերիկամետ Կոլումբիան հրաժարվում է պլացդարմ տրամադրել ամերիկացիներին: Վենեսուելայում Ռուսաստանն ու Չինաստանը միլիարդավոր դոլարների ներդրումներ են արել եւ այնտեղ ունեն ոչ միայն տնտեսական, այլեւ աշխարհաքաղաքական շահեր, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Վենեսուելայի տարածքի 80 տոկոսը պիտանի չէ բնակության համար, բայց հենց այդ տարածքում են գտնվում երկրի գլխավոր հարստությունները: Բնական գազի պաշարներով Վենեսուելան արեւմտյան կիսագնդում զիջում է միայն ԱՄՆ-ին, իսկ ածխի, մանգանի, երկաթի, նիկելի, պղնձի, կապարի ու ցինկի հանքաքարի պաշարներով մրցակցում է նրա հետ: Կան նաեւ ոսկու, արծաթի, ալմաստի, ֆոսֆորիտի, ազբեստի եւ այլ օգտակար հանածոների հանքավայրեր, որոնց մի մասը շահագործում են ռուսական եւ չինական ընկերությունները: Ընդդիմության առաջնորդ եւ ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն նման համագործակցությունը համարում է իր երկրի կողոպուտ: Էներգետիկ պաշարներ ունեցող երկրները մեծ մասամբ ենթակա են օտարերկրյա միջամտությունների: Բացի դրանից, Վենեսուելան դեպի Կուբա եւ Նիկարագուա տանող բանալի է: Նիկարագուայում Չինաստանը պատրաստվում է կառուցել Պանամայի ջրանցքի նմանակը, իսկ Կուբայում հետաքրքրություններ ունի Ռուսաստանը: Ըստ որում, ջրանցքի ստեղծումը անհնար է առանց Մոսկվայի ռազմական հովանավորման, իսկ Կուբան Մոսկվայի հետաքրքրությունների ծիրում կմնա միայն Պեկինի ֆինանսական աջակցության պայմաններում: Իսկ ընդհանուր առմամբ, Վենեսուելայի նավթը ԱՄՆ-ին հարկավոր է դրա գնագոյացումը վերահսկելու համար: Նավթի գների արհեստական իջեցումը կարող է օգտագործվել Մոսկվայի դեմ, իսկ դեպի Չինաստան նավթի արտահանման արգելումըՙ Պեկինի դեմ: Տվյալ գործի հրատապությունը մասամբ պայմանավորված է նրանով, որ Սիրիայում Ռուսաստանը հարվածեց ԱՄՆ-ի երկարաժամկետ շահերին: Նաեւ տուժեցին մերձավորարեւելյան նավթ ստանալու չինական ծրագրերը: Այդ տարածաշրջանում նախատեսված էր նավթի արհեստական գնագոյացման հուժկու մեխանիզմ ստեղծելՙ Ռուսաստանի եւ Չինաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով: ՉԺՀ-ի համար էներգառեսուրսների անհասանելիության պայմանների ստեղծումը եւ նավթի արհեստական էժանացումը պետք է նախադրյալներ դառնային Ռուսաստանում գունավոր հեղափոխության իրականացման համար: Սիրիայում Ռուսաստանի հաղթանակից հետո ամեն ինչ փոխվեց: Ավելին, Մոսկվան կարողացավ ոչ միայն ի չիք դարձնել Սիրիային առնչվող ամերիկյան ծրագրերը: Սաուդյան Արաբիայի միջոցով նավթի գների վրա ազդելու ԱՄՆ-ի հնարավորությունները նվազեցին Ռուսաստանի OPEC+-ի անդամ դառնալուց հետո: Այլ կերպ ասած, ներկա պայմաններում, առանց Վենեսուելայի անհնար է նավթի գները երկար ժամանակով արհեստականորեն իջեցնել, իսկ առանց դրա անհնար է խափանել Մոսկվայի եւ Պեկինի սերտ համագործակցությունը: Նման պայմաններում զավեշտական է թվում Վենեսուելայի ընդդիմությանը պաշտպանող որոշ երկրների վարքագիծը: Խոսքը մասնավորապես Ֆրանսիայի մասին է, որտեղ զրահատեխնիկայի միջոցով փորձում են Հաղթակամարը պաշտպանել ցուցարարներից, մինչդեռ նախագահ Մակրոնը իր աջակցությունն է հայտնում վենեսուելացի խռովարարներին: Փետրվարի 6-ին վենեսուելացի ուժայինները կասեցրին ամերիկյան ռազմական տեխնիկայի ներկրման փորձը: Պատահական չէ, որ Կոլումբիայի հետ Վենեսուելայի սահմանային անցակետերի մեծ մասը փակ է USAID-ի, ՄԱԿ-ի առաքելության շրջանակներում փողերով ու զենքով լցված շտապ օգնության մեքենաներով ամերիկյան օգնության փորձերի առջեւ: Ինչպես արձանագրում է «Ռեգնում» գործակալությունը, ռազմական խռովություն նմանակելու եւ միաժամանակ Գուայդոյին նախագահ հռչակելու փորձերը ավելի քան երկու շաբաթ առաջ ձախողվեցին Կարակասի, Մոսկվայի եւ Պեկինի համատեղ ջանքերի շնորհիվ: |