ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ՊՆԴՈՒՄՆԵՐ ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակը, հասցեագրված այժմ նախնական կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին, բավական լայն հասարակական արձագանք է գտել մեզանում: Այդ նամակում առկա մեղադրանքներին, մանավանդ նրանց, որոնք այսօր ստուգել պարզապես հնարավոր չէ, չե՛մ անդրադառնում: Նշեմ միայն, որ Շիրխանյանին չհավատացողները քիչ չէին: Կուզենայի իմ հերթին ընթերցողի ուշադրությունը սեւեռել նրա մի քանի պնդումների վրա, որոնք մինչ այսՙ իբրեւ թե գաղտնիք են եղել: 1-ինՙ Վահան Շիրխանյանը ոճրագործ Նաիրի Հունանյանին անվանում է ԱԱԾ գործակալ: Գրում է, թե նրա անձնական գործը հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո... անհետացե՛լ է: Դժվարանում եմ պատկերացնել, թե ինչպե՞ս կարող էր Ազգային Անվտանգության ծառայությունից, առանց որեւէ աննշան հետքի, անհետանալ գործակալի մասին ամբողջ տեղեկատվությունը: Լավ, ասենք թե Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ցուցումով ԱԱԾ-ում ոչնչացվել են Նաիրի Հունանյանի գործունեությանը նվիրված հիշատակումները: Բայց նրա անձնական գործը կազմողներն է՞լ են ոչնչացել: Հիմա այդ մարդիկ չկա՞ն, չե՞ն կարող ԱԱԾ ներկայիս ղեկավար Արթուր Վանեցյանին օգնել, որ նա իր ղեկավարած գերատեսչությունում իբրեւ թե ԱԱԾ-ի երբեմնի գործակալ Նաիրի Հունանյանի հետքերը...գտնի՛: Կամՙ Վանեցյանը չի՞ կարող այժմ դեռեւս բանտում իր պատիժը կրող ոճրագործից պատասխան կորզելՙ նա ԱԱԾ-ի գործակալ եղե՞լ է, թե՞ ոչ: Իսկ միգուցե իրո՞ք ճիշտ են այն մարդիկ, ովքեր գտնում են, թե Շիրխանյանի բաց նամակը շրջանառության մեջ է դրվել հենց այդ նպատակով, որպեսզի ոճրագործից իբրեւ թե ուշացած խոստովանություն կորզելովՙ Քոչարյանին մեղսագրվող հանցանքները... ծանրացվե՛ն: 2-րդՙ Վահան Շիրխանյանը, վկայակոչելով եղերահիշատակ Վազգեն Սարգսյանին, պնդում է, թե ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի հետ հանդիպումից վերադառնալովՙ Սպարապետը իր ներկայությամբ իբրեւ թե շատ վատ է արտահայտվել Ռոբերտ Քոչարյանի մասինՙ Մեղրին Ադրբեջանին զիջելու նրա համաձայնության համար: Այս պնդումը մնում է բացառապես Վահան Շիրխանյանի խղճին: Սպարապետը իրո՞ք այդպիսի բան է ասել, թե՞ դա ուղղակի հորինվածք էՙ ոչ ոք այժմ հաստատել չի կարող: Մեղրին Արցախի դիմաց Ադրբեջանին զիջելու Պոլ Գոբլի պլանի մասին 2 տասնամյակ առաջ մեզանում իրո՛ք խոսում էին: 2000 թվականին, լրագրողական հարցազրույց ունենալով այն Ժամանակ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ֆահրադ Քոլեյնիի հետ, ես նրան հարց ուղղեցի, թե ինչպե՞ս կվերաբերի հարեւան Իրանը, եթե Հայաստանի ղեկավարությունը հանկարծ համաձայնի Ադբեջանի հետ այդպիսի տարածքային փոխանակություն անելու ամերիկացիների առաջարկին: Քոլեյնին իր կառավարության անունից կտրականապես մերժե՛ց այդ հնարավորությունը, շեշտելով. «Իրանը զորք կմտցնիՙ Մեղրին հայերի համար պաշտպանելու նպատակով: Որովհետեւ չի կարող հանդուրժել իր նկատմամբ ոչ-բարեկամաբար տրամադրված այլ զորքի ներկայություն սահմանագլխի այդ հատվածում»: Դեռ 19 տարի առաջ ես Քոլեյնիի այս բառերը հրապարակել եմ «Ազգ»-ում, նշելով, թե դեսպանը հրաշալի տեղյակ է, որ Ադրբեջանը միշտ էլ վատ թաքնված տարածքային հավակնություններ է ունեցել Իրանի նկատմամբ, իսկ բարեկամ Հայաստանըՙ ո՛չ: Մի՞թե երկրի նախագահին հայտնի չէին մեր հարեւանների այդ տրամադրությունները: 3-րդՙ Շիրխանյանը հանդիմանում է Ռոբերտ Քոչարյանինՙ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո նրան ներկայացված նոր պաշտոնյաների ցուցակը մերժելու, այդ առթիվ 18 տարի շարունակ շահարկումներ անելու համար: Նշանակում էՙ այդպիսի ցուցակ իսկապե՛ս եղել է: Վահան Շիրխանյանը դա հաստատելովՙ ընդամենը ցուցակը նախագահին ներկայացնելու ժամե՛րն է վիճարկում: Բայց այդ ցուցակը հոկտեմբերի 27-ի երեկոյան 8-ի՞ն, թե՞ կեսգիշերին մոտ է ներկայացվել, ըստ իսՙ էական չէ՛: Բոլոր դեպքերում նման ցուցակ կազմողները...անվստահելի՛ են թվում: Եվ օրինական կասկած է առաջանում, թե ոճրագործությունից ժամեր անց պաշտոնակռիվ տվողները իրենք մեղսակից չե՞ն եղել... դրա կազմակերպմա՛նը: Միգուցե այդ հանգամանքը պարզելու համա՞ր է Շիրխանյանի հիշյալ նամակը ուղարկվել... իրավապահներին: |