ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՀԱՐԳԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 104-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել Ապրիլի 24-ին Բելգիայի տարբեր քաղաքներից մեր հայրենակիցներն իրենց հարգանքի տուրքն էին բերել Բրյուսելՙ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս մարդաշատ էր Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցին, ուր մատուցվեց պատարագ ի հիշատակ անմեղ նահատակների: Այնուհետեւ ներկաները քայլերթով շարժվեցին դեպի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող խաչքարՙ մատուցելու ոգեկոչման արարողություն: Օտարության մեջ մեր հայրենակիցները մենակ չեն իրենց վշտի հետ: Հայ ժողովրդի սուգը սփոփում են նաեւ բելգիական կառավարության, քաղաքական կուսակցությունների, օտարերկրյա համայնքների, հասարակական կազմակերպությունների ու միությունների մեծաթիվ ներկայացուցիչներ: Ամեն տարի այդ օրը հավատարմորեն բազմաթիվ եւ բազմաշերտ հասարակություն է հավաքվում, խոնարհվելու, ծաղկեպսակներ դնելու թուրքական յաթաղանի զոհ դարձած անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Հայ երիտասարդները դեռ ապրիլի 23-ի ուշ երեկոյից խաչքարի շուրջ սկսում են մոմավառության արարողությունը: Բրյուսելում բավականին զգալի է հայ- թուրքական լարվածությունը: Եվ ցեղասպանության տարելիցին նվիրված ողջ արարողակարգի ընթացքում տարածքն ամբողջովին վերահսկվում է տեղական ոստիկանների կողմից, փակվում են եկեղեցու եւ խաչքարին հարող փողոցները, արգելվում է մեքենաների երթեւեկությունը: Անկախ քաղաքական ու սկզբունքային տարաձայնություններից, այդ օրը մեր հայրենակիցները միահամուռ ու միասնական համախմբվում են: Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը խաչքարի մոտ խոսելով թուրքական ժխտողական քաղաքականությունից նշեց, որ Թուրքիայի համառ, բութ-ժխտողական քաղաքականությունը շարունակվում է դրսեւորվել նորանոր ձեւերով, բայց նրանք պետք է հասկանան, որ այդ ժխտողականությունը չունի ոչ ներկա, ոչ էլ ապագա, քանի որ հարյուր չորս տարի է անցել, սերունդներ են փոխվել , բայց այս հավաքները շարունակում են մնալ բազմամարդ: Եվ եթե հայ ժողովուրդը նույն հաստատակամությամբ ամեն տարի հավաքվում, հիշում , հարգում է անմեղ զոհերի հիշատակը ,եւ բազմաթիվ երիտասարդներ ամեն տարի ներկա են , ապա սա լավագույն ուղերձն է Թուրքիային, որ սին է թուրքական ժխտողականության բոլոր հույսերը: Թուրքիան պետք է ընդունի իրականությունն ու հասկանա, որ այս պայքարը չի մարելու,,: Խաչքարի մոտ հարգանքի խոսք մատուցեցին նաեւ Բելգիայի կառավարության ներկայացուցիչներ, Եվրոխորհրդի պատգամավորներ, հունական, հրեական, ասորական եւ այլ համայնքների հասարակական միությունների ներկայացուցիչներ: Բանախոսները պատմական փաստերով, վկայություններով դատապարտեցին թուրքական ժխտողականությունը, նշելով, որ անցյալը չընդունելը եւս ոճրագործություն է: Խաչքարի շուրջ հիշատակի արարողությունից հետո բողոքի քայլերթ անցկացվեց դեպի Թուրքիայի դեսպանատուն: Հերթական անգամ անարգանքի խոսքեր, լուտանքներ թափվեցին թուրքական իշխանությունների հասցեին: Ցեղասպանության հիշատակի արարողությունները եզրափակվեցին ուշ երեկոյան Բրյուսելի «Հայ տանը»ՙ զոհերի հիշատակին նվիրված համերգով: |