ԵՐԿՓԵՂԿՎԱԾ ՈՒ ԵՌԱՓԵՂԿՎԱԾ ԼՐԱՏՎԱԴԱՇՏ Օրերս Shabat.am կայքը տեսանյութ էր տարածել, որտեղ ներկայացվում էր հայկական մեդիադաշտի ուղղվածվությունն ու դրանց պատկանելիությունը: Ըստ տեսանյութիՙ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են 61 հայտնի լրատվամիջոցներ: Նույն աղբյուրը հայկական լրատվամիջոցները բաժանել է երեք խմբիՙ իշխանական, հակաիշխանական եւ ազատ: Իշխանական են համարվում միայն 9 լրատվամիջոցներ. դրանք ենՙ Հանրային հեռուստադառիոընկերությունը, Արմենպրեսը (որոնց սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է), «ԱՐ» հեռուստաընկերությունը, որ պատկանում է վարչապետ Փաշինյանի մտերիմ Վարդանյան ընտանիքին, վարչապետի մենտոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող Araratnews.am-ը, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին պատկանող Newsline.am եւ Ilur.am կայքերը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի «Ժողովուրդ» թերթըՙ armlur.am-կայքով, Նարեկ Գալստյանին ու Գեւորգ Սաշլեյանին պատկանող 24NEWS.am կայքը եւ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթըՙ armtime.am-կայքով: Հակաիշխանական կամ, այսպես ասած, «հակահեղափոխական» են համարվում 36 լրատվամիջոցներ, որոնց մեծամասնությունը, իսկզբանե պատկանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունից հետո սկսվել են բաժանվել երկու խմբիՙ քոչարյանական ու սարգսյանական, քանի որ Քոչարյանի ձերբակալությունից հետո նրա մտերիմները մեծ արագությամբ կարողացան ձեռք բերել հայկական մեդիադաշտի մի զգալի հատված: Այդ լրատվամիջոցներից որոշները պատկանում էին Սերժ Սարգսյանին: Ռոբերտ Քոչարյանն առաջինը գնեց «Արարարտ» ՀԸ-նՙ անվանափոխելով 5-րդ ալիքի: Դրանից հետո Արթուր Բաղդասարյանից գնեց Հ3-ը եւ անվանափոխեց MoTv-ի, այնուհետեւ կարողացավ լավ հարաբերություններ հաստատել «168Ժամ» թերթի սեփականատեր Սաթիկ Սեյրանյանի հետ: Հ2 ՀԸ-ն ու Yerevan Today-ը նույնպես հարում են քոչարյանական թեւին: Այս շարքը համալրում է նաեւ վերջերս, նախկին ՀՀԿ-ական պատգամավորներ Արման Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, Միհրան Հակոբյանի եւ Սամվել Ֆարմանյանի կողմից ստեղծված «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ներառում է «Թերթ էյ էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն մեդիառեսուրսները: Ընդդիմադիր լրատվամիջոցների շարքը, միշտ միեւնույնՙ Shabat.am-ի, շարունակում են Atv եւ «Շանթ» հեռուստաընկերությունները: Տեսանյութում Սերժ Սարգսյանի ակնհայտ կողմնակիցներ են համարվում Արա Սաղեթելյանին պատկանող Panorama. am-ը եւ «Այսօր» am-ը, Մենուա Հարությունյանին պատկանող Slaq.am-ը, Փիրուզա Մելիքսեթյանին պատկանող «Իրատես» թերթը, Կոստանտին Տեր-Նակալյանին պատկանող «Բլոգ նյուզ» կայքը եւ Արթուր Դանիելյանի Antifake. am-ը: Քոչարյանասարգսյանական թեւին հարող լրատվամիջոցներ են համարվում նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1.am-ը եւ «Ժամանակը», ՀՅ դաշնակցությանը պատկանող Yerkir media ՀԸ-ն , Sputnik Armenia-ն, Հրայր Թովմասյանի քրոջը պատկանող hayeli.am-ը, Արմեն Գեւորգյանին ու Վիկտոր Սողոմոնյանի ընկերոջըՙ Արա Թադեւոսյանին պատկանող Mediamax-ը, Հովիկ Աբրահամյանի մտերիմ, ազգությամբ եզդի Բորիս Մուրազուն պատկանող Politik.am-ը, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի paratv-ին, Արման Վարդանյանի Lurer.com-ը, Սամվել Բաբայանական 7օր.am-ը, Անինա Հովհաննիսյանի Analitik.am, Արփինե Հովհաննիսյանի ու Գեւորգ Կոստանյանի մտերիմ Կարեն Զադոյանի iravaban.net-ը, Վահե Հովհաննիսյանի Zham.am-ը TopNews-ը, Mamul.am-ը, Փաստ.am-ը, Livenews.am-ը եւն: Ազատ լրատվամիջոցներ են համարվում «Ազատություն» ռադիոկայանը, Factor.am-ը, Lragir.am-ը: Այս խմբում դժվարությամբ գովազդ ու միջոցներ հայթայթող լրատվամիջոցներ են համարվում GALAtv-ին, «Հրապարակ» օրաթերթը, «Հետքը», «Առավոտ» օրաթերթը, «Շաբաթ» լրատվական կայքը, «Ա1+-ը» «Ասեկոսեն» եւ այլՙ նմանատիպ լատվամիջոցներ: Յուրահատուկ դիրքավորում ունեցողի կարգավիճակ է տրվում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» ՀԸ-ին: Հ.Գ. Ցավոք սրտի տեսանյութը պատրաստողների տեսադաշտից հանիրավի վրիպել են այնպիսի լրատվամիջոցներ, որոնք կանգած են Հայաստանի երրորդ հանրապետության լրագրության ակունքներում եւ իրավացիորեն համարվում են հետանկախության շրջանի լրագրության երախտավորները, որոնցից է «Ազգ» շաբաթաթերթը (azg@azg.am), որի վերլուծականներից մի շարք լրատվամիջոցներ օգտվում են շատ հաճախ, բայց միշտ խուսափում հղումներ տալուց: |