RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2019-04-26 00:33:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 3208, Տպվել է` 238, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ՉԵՆ ՓԱԽՉՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետը հարկադրված է վերադառնալ Հայաստան: Գեներալ Միհրան Պողոսյանը, որի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ու հետախուզում հայտարարվել, հայտնաբերվել է Ռուսաստանում եւ հիմա, ինչպես մեր ՀՔԾ-ն է ասում, ընթանում է գործընթացՙ գեներալին Հայաստանին հանձնելու նպատակով: Ի տարբերություն մերձմոսկովյան խաղաղ երեկոները վայելող այլ հայ մեղադրյալների, գեներալ Պողոսյանը Ռուսաստանի քաղաքացի չէ եւ ուրեմնՙ Պողոսյանին չհանձնելու որեւէ ցանկություն Ռուսաստանը կարող է չունենալ: Բայց գեներալը դիմել է այլ միջոցի: Ինչպես հայտարարել է Պողոսյանի փաստաբանըՙ ՀՀ ԴԱՀԿ նախկին պետը դիմել է Ռուսաստանին քաղաքական ապաստան ստանալու համար: Փաստաբանը մանրամասն չի հայտնել, բայց ենթադրվում է, որ Պողոսյանն իր խնդրանքը հիմնավորել է հանգամանքով, որ հայրենիքում իր հանդեպ քաղաքական վենդետա է կիրառվում, այն էՙ առաջ կարողանում էր ե՛ւ բանան ներկրել, ե՛ւ Պանամայի քարտեզին նայել, ե՛ւ ԴԱՀԿ-ն ղեկավարել, իսկ հիմա չի կարողանում. փրկեք: Չի բացառվում, որ Պողոսյանը, որը շեշտեմՙ գեներալ է, խնդրագրին կցել է նաեւ այն դաժան հեռանկարը, որն իր կարծիքով իրեն սպասվում է, եթե Ռուսաստանն իրեն հանձնի Հայաստանին:

Թե ի՞նչ կորոշի Ռուսաստանը, ինձ համար քիչ կարեւոր է, նույնը եւ այն, թե մինչեւ ո՞ւր կհասնեն ՀՀ ՀՔԾ-ի ձեռքերը, եւ որքանով են դրանքՙ կոնկրետ Ռուսաստանում ամուր: Սրանք իրավա-քաղաքական հարցեր են, իսկ ես դրանց մասնագետը չեմ: Ինձ հետաքրքրական է թվում այն, որ հայ գեներալը ըստ էության փախչում է հայրենիքից ու քաղաքական ապաստան է խնդրում, թեկուզ ռազմավարական դաշնակից, բայց օտար երկրից: Սա նշանակում է, որ Միհրան Պողոսյանը, երբ գեներալի ուսադիրներով համազգեստ է կրել, երբեք չի զգացել այդ աստղերի ծանրությունը, ոչ մի գիրք չի կարդացել գեներալների մասին ու ոչ մի ֆիլմ չի նայել: Չգիտի, որ այդ ուսադիրներով մարդիկ միայն հայրենիքից փախչելու համար մեղադրելի են, անկախ նրանից այդ հայրենիքը ավազակաբարո ռեժիմի ճիրանների մեջ կծկված թփրտո՞ւմ է, թե՞ նոր է ազատվել արյունոտ ռեժիմի սարսափելի երախից: Գեներալը, այն էլ արդարադատության, արդարադատությունից վախենա՞...Հասկանալի է, որ երիտասարդ մայրը կարող է վախենալ, որ ամուսնու պարտքերի պատճառով շուտով իրենց տուն կարող են գալ դատական ակտերի հարկադիր կատարողներն ու բռնագանձել նույնիսկ փոքրիկ երեխայի գիշերանոթը, բայց գեներալը վախի իրավունք ունի՞...Քանի՞ նման գեներալ ունենք, Միհրան Պողոսյանը միակն է, չէ՞...

Մյուս կողմիցՙ բա ի՞նչ անի ԴԱՀԿ նախկին պետը: Չէ, հասկանալի է, որ ուսադիրները պարտադրում են վերադառնալ հայրենիք ու կռվել սեփական անմեղությունն ապացուցելու համար, բայց դա հնարավո՞ր է, եթե դու նախկին պաշտոնյա ես...Իմիջիայլոց, կա՞ նախկին պաշտոնյա, որը ոչ մի բանի համար չի մեղադրվում... Եթե չկա, ապա սարսափելի է, հայրենիքից փախած գեներալ ունենալու պես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ