ԹՐԱՄՓԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂ Է ՍԿՍԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ Նավթի գնման արգելք մայիսի 2-ից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում որոշել են չերկարաձգել պատժամիջոցների հարցում Իրանից նավթ գնող որոշ երկրների համար արված բացառությունը, որպեսզի Իրանին զրկեն եկամուտների կարեւոր աղբյուրից: Atlantic Council վերլուծական կենտրոնի փորձագետների կարծիքով, դա կարող է հանգեցնել նավթի գների բարձրացմանը եւ իրանական նավթ գնող երկրների համատարած դժգոհությանը: «Իրանի ապագա» նախաձեռնողական խորհրդի տնօրեն Բարբարա Սլավինը նշում է, որ Թրամփի որոշումը վնասում է հասարակ իրանցիների շահերին եւ անարդյունավետ է, քանի որ թույլ չի տալիս Իրանի վերադարձ բանակցությունների սեղանի մոտ: Սպիտակ տան ապրիլի 22-ի որոշման մեջ ասվում է, որ դրա նպատակն է իրանական նավթի արտահանությունը իջեցնել զրոյիՙ վարչակարգը զրկելով եկամուտների հիմնական աղբյուրից: Թրամփի վարչակազմը ընդգծում է, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներից դուրս մնացած բոլոր երկրները զգալիորեն կրճատել են իրանական նավթի գները: Մասնավորապես, Իտալիան, Հունաստանը եւ Թայվանը ներմուծումը հասցրել են զրոյի: Պատժամիջոցների բացառությունը չեղարկելու որոշումը կվնասի հատկապես Թուրքիային, Հնդկաստանին ու Չինաստանին, կարծում է Բրենթ Սկոուքրոֆթի անվան միջազգային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Սուլտունը: Ըստ նրա, նկատի ունենալով F-35 ռազմօդանավերի համատեղ մշակմանը մասնակցելուց Թուրքիայի հրաժարումը, իրանական նավթի գնումների արգելքը դժվար թե Անկարային ստիպի հարմարվել Վաշիգտնոնին: Իրանական նավթի գնումների արգելքը գործելու է մայիսի 2-ից, այնպես որ այդ նավթից չհրաժարվող ամեն մի երկիր կբախվի ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Բեռնարգելքի պատճառով նավթի գները կտրուկ բարձրացել են: Նավթի շուկաների արձագանքը ցույց է տալիս, որ դրանք այնքան էլ պատրաստ չէին բեռնարգելքին: Վերջին տվյալները վկայում են, որ առաջարկը, ըստ երեւույթին, անբավարար է դարձել, ինչը դժվար թե հնարավոր լինի լրացնել մոտ ապագայում, գտնում է Սուլտունը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարարել է, որ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն պարտավորվել են փոխհատուցել Իրանի նավթային մատակարարումների կրճատումը: Սակայն սաուդցիների նավթի նախարարի հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանց երկիրը չի շտապի օգտվել նավթի բարձր գներից նախքան սեփական մատակարարումների ընդլայնումը: ԹԹհ-ն տեղեկացնում է, որ Իրանը որեւէ ձեւով չի խախտել մի քանի տարի առաջ իր միջուկային ծրագրի շուրջ կնքված բազմակողմ համաձայնագիրը: Ատոմային էներգիյաի միջազգային կազմակերպությունըՙ ՄԱԳԱՏԷ-ն, նշում է, որ Իրանում գործում է ստուգումների խստագույն ռեժիմ, կազմակերպության տեսուչները 2016 թվականից ի վեր 11 անգամ համոզվել են, որ Իրանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները: Սակայն ԱՄՆ-ը իրանցիներին համալիր պահանջների փաթեթ է ներկայացնում: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանից պահանջում է Սիրիայում դադարեցնել Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը, չօգնել եմենցի ապստամբներին եւ ուրիշ երկրներում գործող շիա ռազմականացված կազմավորումներին, «հրաժարվել Իսրայելի վրա ճնշում գործադրելուց եւ նրա գոյության իրավունքը մերժելուց»: Այսինքն, Թեհրանից պահանջում են լիովին վերանայել իր քաղաքականությունը Մերձավոր Արեւելքումՙ չափազանց ծանր իրավիճակ ստեղծելով իրանական դիվանագիտության համար: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ամերիկացիները փորձում են կոշտ պատժամիջոցներով Իրանը տանել դեպի «արաբական գարուն»: Թուրքիան եւ Չինաստանը արդեն դատապարտել են ԱՄՆ-ի գործողությունները, բայց հայտնի չէ, թե ինչպես կվարվեն ապագայում: Հնդկաստանն առայժմ լռում է: Չնայած բեռնարգելքին, այդ երկիրը շարունակում է իրանական նավթ գնելՙ վճարելով հնդկական ռուփիով: Իսկ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն ավանդաբար ամերիկամետ դիրք են բռնել: Իր հերթին, Իրանը սպառնում է շրջափակել ռազմավարական կարեւորություն ունեցող Օրմուզի նեղուցը, որտեղով իրականացվում է նավթի համաշխարհային փոխադրումների 20 տոկոսը: Դա տեղի կունենա, եթե իրանցիներին թույլ չտան արտահանել սեփական նավթը: Նման սպառնալիքներով երկիրը հանդես է գալիս ոչ առաջին անգամ: Ընդամենը մի քանի տասնյակ խարսխային ականների տեղադրումը նեղուցն անանցանելի կդարձնի արաբական նավթատար նավերի համար: Սակայն Օրմուզի նեղուցի ականապատումը կարող է հարուցել միջազգային ընկերակցության կոշտ հակազդեցությունը: Ականի վրա որեւէ նավթատար նավի պայթյունը կարող է բնապահպանական անդառնալի հետեւանքներ ունենալ: Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերության աշխատակից Հենինգ Ռիկեն կարծում է, որ ԱՄՆ-ը Իսրայելի միջոցով կփորձի խարխլել ռուս-իրանական դաշինքըՙ օգտվելով տարածաշրջանում նրանց շահերի բախման հանգամանքից: Գերմանացի փորձագետը չի բացառում նաեւ հակառակը. «Թրամփը ճնշում է գործադրում Թեհրանի վրա, որի հետեւանքով աճում է Իրանի կախվածությունը Ռուսաստանից»: |