ԱԶԳԸ ԿԱ, ԱՌԱՋՆՈՐԴԸՙ ՈՉ Հ. ԱՖՅԱՆ Պետության լավ ղեկավարը նա չէ, որը ամեն հարցով դիմում է ժողովրդին ու անում այն, ինչը ժողովուրդն է ասում, այլ նա է, որը անում է այն, ինչը ինքն է որոշել ու ստանում է ժողովրդի հավանությունը: Հատկապես ազգային հարցերում այսպես է: Օրինակ Բենյամին Նաթանյահուն հրեա ժողովրդին չի հարցրել, թե ինչպե՞ս իրենցը դարձնեն Երուսաղեմն ու Գոլանի բարձունքները, նա այնպես է արել, որ ԱՄՆ նախագահը Սուրբ քաղաքն ու այդ բարձունքները իսրայելական ճանաչի, այն նույն նախագահը, որը ապրիլի 24-ին այդպես էլ չի ասում ցեղասպանություն բառը: Թե ինչպե՞ս են իրապես ազգային առաջնորդները հասնում իրենց ազգային իղձ-երազանքների իրագործմանը ես չգիտեմ, բայց գիտեմ, որ ազգային առաջնորդը սովորական ղեկավարից տարբերվում է հենց այս ունակությամբ: Մենք նման ունակություններով առաջնորդ չունենք: Հայաստանի վարչապետը, օրինակ ապրիլքսանչորսյան իր ուղերձում հայտարարել է, թե ոճրագործը, առանց շեշտելու ի դեպ ոճրագործի ազգությունը, ոչնչացրեց մեր պոետներին, տունն ու գույքը չէ, պոետներին, եւ մենք, ըստ մեր վարչապետի, նրանց հիշատակը վառ պահելով, արդարության վերականգնման համար պայքարելովՙ ձեռք կբերենք անմահություն, ուստի հետեւողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Ինչպե՞ս: Լավ այդ ո՞ր հայը չգիտի, որ հետեւողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում եւ այդ ո՞ր մեկս հետեւողական չէ: Կամ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ո՞րն է, այն որ Բուրկինա Ֆասոն էլ ճանաչի՞, որի անվանումն ի դեպ, նշանակում էՙ արժանապատիվ մարդկանց հայրենիք: Ասենք ճանաչեց, ենթադրենք ամերիկյան վերջինը մնացածՙ Միսսիսիպի նահանգն էլ ճանաչեց, հետո՞, մեր ջանքերը համարելու ենք փոխհատուցվա՞ծ: Հատուցումը լավ բառ է: Մոռացված... Մի տեսակ նույնիսկ հիշում եւ պահանջում ենք, ոչ բոլորս, անշուշտ, որ վերականգնվի այս բառը համաժողովրդական բառապաշարում, ինչի մաքրության եւ թարմացման պատասխանատվությունը, ի դեպ, նույնպես պետության ղեկավարինն է, եթե իհարկե նա լավն է: Նա ուրիշ ելույթներ պետք է ունենա ու այլ, կներեք, բայց կարեւոր ու թույլ տվեքՙ ազգային գործերով պետք է զբաղվի: Հայաստանը, իմիջիայլոցՙ հե՛նց ցեղասպանության հետեւանքով, այնպիսի երկիր է, որը պետության ղեկավար չի ընտրում, ազգի առաջնորդ է ընտրում: Նա չի կարող չասել, որ Վանն ու Կարսը մերը չեն, նա չի կարող չասել, որ Արցախն ու նրա շրջակա հողերը ազատագրված չենՙ շեշտելովՙ վերջնականորեն: Նա չպետք է քննարկի այս հարցերը, քանի որ պետք է հասնի դրանց այս լուծումներին: Երեւանի պետական համալսարանում Փաշինյանն ասել է, թե ժողովուրդըՙ Արցախի հարցով, պետք է գրի ու իրեն տա պահանջագիր, ինքն էլ դա պետք է անգիր անի ու գնա բանակցելու: Բայց պետության լավ ղեկավարը նա չէ, որը ամեն հարցով դիմում է ժողովրդին ու անում այն, ինչը ժողովուրդն է ասում, այլ նա է, որը անում է այն, ինչը ինքն է որոշել ու ստանում է ժողովրդի հավանությունը: |