RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019



Տեղադրվել է` 2019-06-13 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 3637, Տպվել է` 282, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ.

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Հայաստանը նոր հեռանկարների նախաշեմին

Հունիսի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում կայացավ միջազգային տնտեսական ֆորում, որը բացառիկ միջոցառում էր տնտեսության եւ բիզնեսի աշխարհում։ Համաժողովի աշխատանքները լուսաբանելու նպատակով Սանկտ-Պետերբուրգ էր մեկնել նաեւ ՌԴ-ում «Ազգ»ի հատուկ թղթակիցը ։

Այսօրինակ հեղինակավոր եւ ներկայացուցչական միջոցառում Ռուսաստանում անցկացվում է 1997 թվականից։ Ֆորումը հարթակ է աշխարհի տարբեր երկրների քաղաքական բարձր ներկայացուցիչների, ինչպես նաեւ համաշխարհային կազմակերպությունների ղեկավարների միջեւ շփումների համար։ Համաժողովի շրջանակներում անցկացվեցին խոշոր բիզնես հանդիպումներ, կլոր սեղաններ, քննարկումներՙ բիզնես ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր ֆորումի լիագումար նիստին, որն անցկացվում էր «Ձեւավորելով կայուն զարգացման օրակարգ» խորագրի ներքո։ Նիստին մասնակցում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը, Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ։

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը մասնավորապես նշեց, որ ներկայումս Հայաստանն ապրում է իր նորագույն պատմության կարեւորագույն ժամանակաշրջանը։ «Քաղաքական կայունության եւ իշխանությունների աննախադեպ բարձր լեգիտիմության ֆոնին երկրում տեղի են ունենում արմատական փոփոխություններ։ Նրանց վերջնական նպատակն է ստեղծել մրցունակ ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն եւ ժամանակակից հասարակություն, որը հիմնված է հավասարության, արդարության եւ օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա։ Հայաստանը մի երկիր է, որը չունի ելք դեպի ծով, ունի սահմանափակ տնտեսական եւ բնական ռեսուրսներ, լոգիստիկ միջանցքների եւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական հատկությունների առումով դժվար աշխարհագրական դիրք։ Այս բոլոր դժվարությունները որոշակի ձեւով խթանում են մեզ մրցունակության եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված մշտական գործողությունների»։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Սանկտ-Պետերբուրգի տնտեսական համաժողովը հետաքրքրական կլինի հայկական կողմի համար, քանի որ այն նաեւ առիթ է գործընկերների հետ հանդիպելու։ Պուտինը նշել է, որ կարիք չկա նույնիսկ բնորոշել հարաբերությունները, քանի որ դա պարբերաբար արվում է ու նույնկերպ հիշատակվել է Պուտին-Փաշինյան նախորդ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանը, հիշեցրել է Պուտինը, Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերն է։ «Կան նաեւ այլ պահեր, որոնք ցույց են տալիս հարաբերությունների հատուկ դաշնակցային որակը։ Ուրախ եմ եւս մեկ անգամ Ձեզ հետ հանդիպել, այսօր նաեւ այստեղՙ Պետերբուրգում, ու քննարկել հարաբերությունների ամբողջ համալիրը»,- ասել է Պուտինը։

Համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել նաեւ Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ եւ կարեւորելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի եւ Իսրայելի միջեւ համագործակցության զարգացումըՙ նշել, որ այդ բնագավառը ՀՀ կառավարության առաջնային ուղղություններից մեկն է։ Վարչապետը տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը Երեւանում անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը եւ իսրայելական ընկերություններին հրավիրել է մասնակցելու այդ կարեւորագույն միջոցառմանը։

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի տաղավարներով` ծանոթանալով մասնակից ընկերությունների գործունեությանը։ Շրջայցի ընթացքում վարչապետը հարցազրույցներ է տվել «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը, «Ռիա-նովոստի» գործակալությանը եւ չինական CGTV հեռուստաընկերությանը։

Նիկոլ Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգում ներկա է գտնվել նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության անունից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցել են տեղի հայ համայնքի բազմաթիվ ազդեցիկ ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ եւ գործարարներ։

Վարչապետը նշեց, որ արտերկիր իր այցերի ընթացքում ավանդույթ են դարձել մեր հայրենակիցների հետ հանդիպումները։ «Նման հանդիպումներն իսկապես շատ կարեւոր են, որովհետեւ հույս ունենք, որ Նոր Հայաստանը իսկապես շատ մեծ ձգողականություն ունի եւ պիտի ավելի ու ավելի մեծ ձգողականություն ունենա ողջ հայության համար։ Մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների նպատակն է, որ աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ հպարտ լինի Հայաստանի համար, հպարտանա նրա բովանդակությամբ, տնտեսական, քաքաղաքական վիճակով»։

Վարչապետը փաստեց, որ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բուռն իրադարձություններ։ «Մեր նպատակն է Հայաստանը դարձնել ազդեցիկ, հեղինակավոր երկիր թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային առումով եւ մենք իրար հետ գնալու ենք այդ ճանապարհով»։ «Շատերը ասում են, թե այդ ինչպես է, որ հայերը գնում են ՌԴ, ԱՄՆ եւ մեծ հաջողությունների հասնում, իսկ Հայաստանում չեն կարողանում։ Հիմա հենց այդ ժամանակն է, հայերը շատ ավելի մեծ հաջողությունների պետք է հասնեն Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ այն հմտությունները, որ նրանք ձեռք են բերել աշխարհի տարբեր երկրներում, պետք է ներդնեն Հայաստանում, որտեղ այժմ ստեղծվել են անսահմանափակ հնարավորություններ»։

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը զրուցեց ընդունելությանը ներկա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր հետաքրքրվում էին Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխություններով, վարչապետի հետ կիսեցին հայրենիքում տարբեր ծրագրեր իրականացնելու իրենց գաղափարները ու նախաձեռնությունները։ Հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն հայտնեցին նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանիցՙ նշելով նրա մարդկային եւ մասնագիտական բարձր հատկանիշները։

Սանկտ-Պետերբուրգում կայացած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ադրբեջանցի լրագրողը. «Հայաստանը վերջերս խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին կառուցողական մոտեցումից, բայց չնայած դրանՙ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունների ընթացքում մարդիկ են մեռնում տարածաշրջանում։ Մասնավորապես վերջին անգամ, երբ համանախագահներն այցելեցին հայ դիպուկահարի կրակոցից մահացած զինվորին։ Ի՞նչպես կարող եք մեկնաբանել իրավիճակը։ Մի կողմից կառուցողականություն եք նշում, մյուս կողմից մարդիկ են զոհվում»։ Ադրբեջանցի լրագրողը նաեւ հարցրեց, թե ե՞րբ հայկական զինուժը կլքի իր խոսքովՙ «բռնազավթված» տարածքները, ապա անդրադարձավ Հենրիխ Մխիթարյանին. «Նույնիսկ մեր նախարարը պաշտոնապես հայտարարությամբ հանդես եկավ, որ իր անվտանգությունը կապահովեն, սակայն ձեր ֆուտբոլիստը չայցելեց Բաքու»։

Ի պատասխանՙ Փաշինյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, որ պաշտոնապես նման հայտարարություն է արվել, համացանցում կար տեսանյութ, թե ինչպես էին ադրբեջանցի ոստիկանները մոտենում երկրպագուներին, որոնք կրում էին Հենրիխ Մխիթարյանի անունով շապիկ։ Պատկերացրեք, որ տվյալ դեպքում ընդամենը երկրպագուների մասին է խոսքը, եթե նրանք կրում են Մխիթարյանի անունով շապիկ, հայտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Դեպքեր են եղել, որ ՌԴ քաղաքացինՙ ծագումով հայ, ցանկանում էր այցելել Բաքու, բայց թույլտվություն չստացավ Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Դա շատ վատ նշան է, իսկ Հայաստանում նման բան չկա։ Վերջերս «Թուրան» գործակալության լրագրողներից մեկն այցելել էր Հայաստան, եւ ես գիտեմ, որ որեւէ խնդիր չի ունեցել, նույնիսկ անվտանգության որեւէ հարց չի բարձրացել»։ Ինչ վերաբերում է զոհերին, Նիկոլ Փաշինյանն այս մասին էլ ասաց. «Դուք խոսեցիք զոհված զինվորի մասին։ Իրականում Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են մայորի մահվան մասին։ Մենք վերստուգել ենք այդ տեղեկատվությունը, այդ օրը անգամ մեկ կրակոց հայկական կողմից չի եղել, ընդհակառակը ադրբեջանական զինուժն այդ օրը անց է կացրել հատուկ վարժանքներ եւ կա տեսանյութ, որ ապացուցում էՙ ադրբեջանական ուժերի կողմից է եղել կրակոց, ինչը մենք փոխանցել ենք համանախագահներին եւ ադրբեջանական կողմին։ Չնայած դրան, հաջորդ օրը ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորներից մեկը սպանվել էր ադրբեջանական դիպուկահարների կողմից։ Ինչ վերաբերում է երրորդ հարցին. Ադրբեջանում շատ են ասում, որ Լեռնային Ղարաբաղը օկուպացված է։ Ի՞նչպես կարող է օկուպացվել ինչ-որ տարածք մարդկանց կողմից, որոնք այդտեղ ծնվել են, նրանց պապերը, պապերի պապերն այդտեղ ծնվել եւ ապրել են դարերով»։

Համաժողովում Փաշինյանի ելույթից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրառում էր արել սոցցանցումՙ մեջբերելով Փաշինյանի հետեւյալ միտքը. «Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն»։

Համացանցում այս գրառումը բուռն արձագանք էր գտել, սկսել էին տարբեր մեկնաբանություններ անել, որովհետեւ շատերը ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի գրառումը որպես հեգնանք էին ընկալել։ Դրանից հետո Զախարովան հրապարակել է ՀՀ վարչապետի խոսքն ամբողջությամբ` նշելով իր կարծիքը. «Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն։ Դրա համար միայն մեկ ճանապարհ կա. այն կոչվում է փոխզիջում։ Պետք է աշխատել այդ ուղղությամբ։ Փոխզիջման հասնելու համար փոխադարձ հարգանք է պետք։ Ինչպես ասաց Վլադիմիր Վլադիմիրովիչը` միմյանց շահերի ըմբռնում եւ հարգանք այդ շահերի նկատմամբ»։ «Հատուկ օժտվածների համար պարզաբանեմ` տարողունակ էր, պոզիտիվ եւ հիանալի։ Ինձ շատ դուր եկավ։ Իսկ սադրիչներին մի լսեք»,- գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի տաղավարներով շրջելու ընթացքում ՀՀ վարչապետին հարց ուղղեց նաեւ « Ազգ »ի հատուկ թղթակիցըՙ խնդրելով մեկնաբանել ստացած տպավորություններն ու համաժողովի աշխատանքներից ակնկալվող սպասելիքները։

- Միջոցառումը շատ լավ կազմակերպված էր, տպավորություններս չափազանց դրական են, ստեղծված էին բոլոր հնարավորությունները քննարկումների, շփումների եւ նոր կապերի համար,- նշեց Նիկոլ Փաշինյանն ու հավելել. «Մենք արդեն մի քանի օգտակար հանդիպումներ եւ քննարկումներ ունեցել ենք, հույս ունենք, եւ ավելինՙ համոզված ենք, որ մի շարք կարեւոր նախագծերի շուրջ արդեն կունենանք կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց դրական արդյունքներն առաջիկայում կտեսնենք Նոր Հայաստանում»։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ