ԵՎՐՈՊԱՆ ՄՈՒՐՃԻ ԵՎ ԶՆԴԱՆԻ ՄԻՋԵՎ Ա. ՔԵՇԻՇՅԱՆ Թրամփի պատժամիջոցների հետեւանքները Մոսկվայի եւ Պեկինի միջեւ դաշինքի ձեւավորման մեջ մեծ մասամբ մեղավոր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր տնտեսական քաղաքականությամբ հանդերձ: Ինչպես գրում է Handelsblatt թերթը, առավելագույն ճնշման քաղաքականությունը եւ խիստ պատժամիջոցներն ու մաքսատուրքերը հանգեցնում են այն բանին, որ այն պետությունները, որոնց նախագահ Թրամփն ուզում է ծնկի բերել, հեռանում են ԱՄՆ-ից եւ դաշինքներ կնքում ուրիշ պետությունների հետ: Հենց այդ երեւույթը արձանագրվեց օրերս Սանկտ Պետերբուրգում, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիսավոր պայմաններում ընդունեց եւ հանդիպում ունցավ Չինաստանի ղեկավարների հետ: Ինչպես նշում է հրատարակությունը, նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սի Ցզինպինի համագործակցությունը եւ գործընկերային հարաբերությունները Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության հակակշիռն են: Մինչ Վաշինգտոնն արգելել է եւ մյուս պետություններին էլ հորդորում է ձեռնպահ մնալ չինական Huawei ընկերության հետ համագործակցելուց, Ռուսաստանի շարժական օպերատոր -ը պատրաստվում է ընդլայնել իր 5G կապը չինական կոնցեռնի հետ: Բացի դրանից, Չինաստանի պետական էներգետիկ կոնցեռնները հեղուկ գազի հետ կապված միլիարդներ են ներդնում ռուսաստանյան նախագծերում: Դա ոչ միայն գազով է ապահովում Չինաստանը, այլեւ չինացիներին հնարավորություն է տալիս Կրեմլին մոտիկ կանգնած խոշոր ընկերություններում իրենց ներդրումների շնորհիվ խափանել Թրամփի ռազմավարությունը, որը ձգտում է աշխարհին ամերիկյան գազ վաճառել: Մի կողմից ԱՄՆ-ի, եւ մյուս կողմից Ռուսաստանի ու Չինաստանի «ռազմաճակատների» միջեւ լարվածությունը հետզհետե ավելի է խորանում, իսկ այդ ճակատների արանքում Գերմանիայի քաղաքականությունն է եւ գերմանական ընկերությունները: Եվրոհանձնաժողովը եւ Դաշնային հանձնաժողովը ուզում են, որ գերմանական ընկերությունները ավելի շատ հեղուկ գազ գնեն ԱՄՆ-ից, ինչի շնորհիվ հույս ունեն խուսափել եվրոպական արտադրանքի եւ մասնավորապես ավտոմեքենաների վրա ԱՄՆ-ի մեծ մաքսատուրքերի սահմանումից: Սակայն գերմանական մատակարարներից շատերը սերտորեն կապված են ռուսական «Գազպրոմի» հետ, «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարության ապագա սպառողներ են կամ դրա շինարարության խոշոր ներդրողներ: Այդ ընկերություները հայտնվել են ասես մուրճի եւ զնդանի միջեւ, նրանք զգում են ինչպես Դոնալդ Թրամփի պատժամիջոցների քաղաքականության, այնպես էլ ռուս-չինական գրկախառնության հետեւանքները, արձանագրում է հոդվածագիրը: |